ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ»  ՄԵԿՆԱՐԿԸ

1

Գերմանիայի ֆուտբոլի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականները մի քանի օրվա տարբերությամբ խոշոր տիտղոսներ նվաճեցին` վերստին փորձելով  բոլորին հիշեցնել  աշխարհում գերմանական ֆուտբոլի գերիշխանության մասին: Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում Գերմանիայի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի բացահայտ ֆավորիտը համարվող Իսպանիայի ընտրանուն:

Հունիսի 2-ին էլ աշխարհի գործող չեմպիոնը` Գերմանիայի ազգային հավաքականը նվաճեց  «Կոնֆեդերացիայի գավաթ»-ը` եզրափակիչում հաղթելով Չիլիի թիմին: Այս հաղթանակները հատկապես արժեքավոր են, եթե հաշվի առնենք հետևյալ փաստը. Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հանգստանալու հնարավորություն էր տվել հիմնական կազմի գրեթե բոլոր խաղացողներին` Մատս Հյումելսին, Բենեդիկտ Հյովեդեսին, Սամի Խեդիրային, Մեսութ Օզիլին, Անդրե Շյուրլեին, Թոմաս Մյուլերին, Մարիո Գոմեսին, Լերոյ Սանեին և մյուսներին:

«Մարտադաշտ» էին դուրս եկել պահեստայինները և նույնիսկ ոչ մեծ փորձ ունեցող խաղացողները: Մեծահասակաների թիմում էին հայտնվել բազմաթիվ խաղացողներ, որոնք այլ դեպքում կլինեին երիտասարդական հավաքականում` Տիմո Վերները, Լեոն Գորեցկան, Նիկլաս Զյուլեն, Յուլիան Բրանդտը և ուրիշները: Այսինքն` Լյովի այս մտահղացման շնորհիվ երիտասարդական հավաքականում նույնպես բազմաթիվ նոր խաղացողներ էին հայտնվել: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ գերմանական ֆուտբոլային «արդյունաբերությունը» հրաշալի վիճակում է: Նրանք կազմի այնպիսի խորություն ունեն, որ կարող են միանգամից մեծահասակների 3-4 մրցունակ հավաքական ձևավորել:

«Կոնֆեդերացիայի գավաթ»-ի մրցաշարում Գերմանիայի հավաքականը ֆավորիտ չէր համարվում: Սպասվում էր, որ հաղթանակ կտանեն կա՛մ Պորտուգալիայի կա՛մ  էլ Չիլիի հավաքականները, որոնք մարտական կազմերով էին ներկայացել մրցաշարին: Կիսաեզրափակիչում 120 րոպեների  ընթացքում այս թիմերը  չկարողացան գոլ գրանցել: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Չիլիի հավաքականի ավագ, դարպասապահ Կլաուդիո Բրավոն ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, և Պորտուգալիայի ընտրանին եզրափակչի փոխարեն մասնակցեց երրորդ տեղի համար պայքարին:

Գերմանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայացած եզրափակչում Չիլիի հավաքականը պարզապես կատաղի սկսեց խաղը: Լատինաամերիկացիները այնպիսի տեմպ էին հաղորդել խաղին, որ թվում էր գերմանական պաշտպանական շերտերով մրրկահողմ է անցնում և միայն դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն էր փրկում դրությունը: Ալեքսիս Սանչեսը, Արտուրո Վիդալը, Էդուարդո Վարգասը, Պաբլո Էրնանդեսը և ընկերները անչափ գրավիչ ֆուտբոլ էին ցուցադրում: Պարզ էր,սակայն,  որ նման տեմպով հնարավոր չի լինի նույնիսկ մեկ խաղակես անցկացնել: Չնայած ցուցադրած դիտարժան խաղին, 21-րդ րոպեին չիլիացիներն իրենք իրենց գլխին սառը ջուր լցրեցին:

Օգտվելով 31-ամյա  փորձառու կիսապաշտպան Մարսելո Դիասի սխալից, գերմանական ֆուտբոլի ծագող աստղը` Տիմո Վերները 100 տոկոսանոց գոլային փոխանցում կատարեց Լարս Շտինդլին, որն էլ գրավեց անպաշտպան դարպասը: Ողջ խաղի ընթացքում Սանչեսի և Վիդալի թիմը բազմաթիվ հնարավորություններ ստեղծեց, բայց չկարողացավ հավասարեցնել հաշիվը` 21-8 դարպասին կատարված հարվածների հարաբերակցության պայմաններում: Այսպիսով, մրցաշարի ամենաերիտասարդ թիմը (Գերմանայի հավաքականի միջին տարիքը  24 տարեկանն էր) կարողացավ նվաճել «Կոնֆեդերացիայի գավաթը», որը պակասում էր աշխարհի չեմպիոնների թանգարանում: Երրորդ տեղի համար պայքարում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register