Գազայում ծնված եռյակը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

4

 Գազայի հատվածում դեկտեմբերին լույս աշխարհ եկած եռյակին ծնողներն անվանել են Երուսաղեմ, Մայրաքաղաք և Պաղեստին՝ այդ կերպ արտահայտելով  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ իրենց բողոքը: Նիդալ և Իսլամ ալ-Սաիքլի զույգի երկու որդիները (Երուսաղեմն ու Պաղեստինը) և դուստրը՝ Մայրաքաղաքը, ծնվել են Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի կողմից արված հայտարարությունից երկու շաբաթ անց:

Հազար ողորմի…

Իսպանիայի Բադախոս նահանգի Բյենվենիդա գյուղում 113 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը՝ Ֆրանցիսկո Նունյես Օլիվեյրան։ 90 տարեկանում բժիշկները հեռացրել են նրա մեկ երիկամը, 98-ում աչքի ոսպնյակի մթագնման պատճառով նա տարել է նաև աչքի վիրահատություն, իսկ 108 տարեկանում նրան հոսպիտալացրել են միզուղիների վարակի պատճառով: 113-ամյա իսպանացին ունեցել է 4 երեխա, 9 թոռ և 15 ծոռ: Կնոջ և որդիների մահվանից հետո նա ապրում էր  դուստրերի հետ: Օլիվեյրան աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել 2017 թվականի օգոստոսի 11-ին, այդ կոչումը կրող նախորդ ռեկորդակրի՝ իսրայելցի Իսրայել Կրիշտալի կյանքից հեռանալուց հետո: Աշխարհի ամենատարեց տղամարդու կոչման նոր հավակնորդներն են ճապոնացի Մասաձո Նոնական և 1905 թվականին ծնված գերմանացի Գուստավ Գերնետը ։

 Դոնալդ Թրամփը՝ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդների ցանկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ անընդմեջ՝ հայտնվում է Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդների թեկնածուների ցուցակում: Թե ով է կանգնած նրա առաջադրման հետևում, Խաղաղության խնդիրների հետազոտության նորվեգական ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալին դժվարացել է պատասխանել: Նշելով, որ դա գաղտնի տեղեկություն է, Ուրդալին ուղղակի հավելել է, որ նախաձեռնությունը պատկանում է ամերիկացու: Թրամփի թեկնածությունն առաջադրվել է նաև նախկինում: Մրցանակի դափնեկիրների անունները հայտնի են դառնալու 2018-ի հոկտեմբերին:

 Օդի աղտոտվածության պատճառով  կկանգնեն դատարանի առաջ

Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ 9 երկրից պահանջել է մինչև փետրվարի 5-ը միջոցներ ձեռնարկել օդի աղտոտվածության դեմ պայքարի համար:Եթե Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Մեծ Բրիտանիան չձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կբերեն օդում վնասակար նյութերի պարունակության անհապաղ կրճատմանը, ապա Եվրահանձնաժողովը կդիմի ԵՄ դատարան: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ում ամեն տարի օդի աղտոտվածության ազդեցության հետևանքով շուրջ 400 000 մարդ է մահանում:

Իսպանիայի տարածքը 6 ամսով «կմեծանա»

Իսպանիայի տարածքն առաջիկա վեց ամիսներին 6000 քառ. մետրով ավելի մեծ կլինի: Այս ընթացքում Իսպանիայի կառավարության տակ է անցնում կղզին, որը երկիրը 350 տարի շարունակ կիսել է Ֆրանսիայի հետ: Խոսքը ֆրանսիական Անդայ և իսպանական Իրուն քաղաքների միջև տեղակայված Ֆաիսանես անմարդաբնակ կղզու մասին է :Կղզու միակ կառույցը՝ երկու երկրների միջև 1659-ին այստեղ կնքված խաղաղության պայմանագրին նվիրված հուշարձանն է: Կղզին չեզոք տարածք է հայտարարվել և գտնվում է Իսպանիայի և Ֆրանսիայի համատեղ կառավարաման ներքո: Կղզու պատկանելիության իրավունքը մի երկրից մյուսին է անցնում վեց ամիսը մեկ: Փետրվարի 1-ից հուլիսի 31-ը այն Իսպանիայի տիրապետության տակ է գտնվելու:

«Amazon»-ը գլխավորել է ամենաթանկ բրենդների ցանկը

Բիզնեսի գնահատմամբ զբաղվող «Brand Finance» բրիտանական անկախ խորհրդատվական ընկերությունը կազմել է ամենաթանկ համաշխարհային բրենդների՝ այս տարվա վարկանիշը, որը հրապարակվել է ընկերության կայքում: Ընկերության փորձագետների գնահատման արդյունքում 500 բրենդ ներառող վարկանիշն առաջին անգամ գլխավորել է ամերիկյան «Amazon» ընկերությունը:Մի տարում բրենդը թանկացել է 42 տոկոսով ($150,8 մլրդ)՝ վարկանիշում բարձրանալով երկու կետով և հայտնվելով առաջին տեղում: Վարկանիշային ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Apple»-ը ($146,3 մլրդ), որը մի տարվա ընթացքում թանկացել է 37 տոկոսով, իսկ երրորդ տեղում հայտնվել է« Google»-ը, որը թանկացել է 10 տոկոսով ($120,9 մլրդ):Այս տարի առաջին տասնյակում ներառվել են նաև «Samsung»-ը, «Facebook»-ը, «AT&T»-ն, «Microsoft»-ը, «Verizon»-ը, «Walmart»-ը և «ICBC»-ն:

«Օջախը» վառ պահողը…

ԱՄՆ Նեբրասկա նահանգի քաղաքներից մեկը՝ Մոնովին, միայն մեկ բնակիչ ունի: 2010 թվականին իրականացված մարդահամարի համաձայն՝ Մոնովին գոյություն ունեցող միակ քաղաքն է, որն ընդամենը մեկ բնակիչ ունի: Քաղաքի վերջին մոհիկանը՝ 84-ամյա Էլսի Էյլերն է, ով նաև քաղաքապետ է, գրադարանավար, բարմեն, գանձապետ և այլն: Ամեն տարի նա քաղաքապետի ընտրությունների մասին  ծանուցող պաստառ է կախում պանդոկում և անգամ քվեարկում իր օգտին: Դաշնային օրենքը նրան պարտադրում է նույնիսկ ճանապարհային երթևեկության ամենամյա ծրագիր կազմել, ինչպես նաև 500 դոլարի հարկ վճարել: Էլսին բարեխղճորեն իրականացնում է անհրաժեշտ ողջ թղթաբանությունը՝ իր բնակավայրը ուրվական-քաղաքի վերածվելուց փրկելու համար:

 Հիջաբի դեմ բողոքելու համար Իրանում 29 կին է ձերբակալվել

Թեհրանի ոստիկանությունը հիջաբ կրելու մասին օրենքի դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար 29 կնոջ է ձերբակալել: Հրապարակայնորեն հանելով իրենց գլխաշորերը և դրանք փայտերի վրա ծածանելով՝ կանայք իրենց բողոքն են արտահայտել օրենքի դեմ: Թեհրանի ոստիկանությունը հայտարարել է, որ արշավը հրահրել են «դրսից»՝ անօրինական արբանյակային ալիքների միջոցով: «Սպիտակ չորեքշաբթիներ» արշավը նախաձեռնել է ԱՄՆ-ում բնակվող լրագրող և ակտիվիստ Մասիհ Ալինեջադը՝ 2017 թվականի մայիսին՝ խրախուսելով կանանց սպիտակ գլխաշոր կրել կամ հանել դրանք՝ որպես օրենքի դեմ բողոքի նշան:

 Լրաքաղը՝ Սուսինա Խաչատրյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register