«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՋՐԵՐ». ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

5

Հայաստանյան գարունն այս տարի զարթոնքից առաջ, ընթացքում և հետո ընտրություն է բերել, ավելի ճիշտ՝ մարդկանց կանգնեցրել է ընտրության առաջ: Ընտրական գարունը ծառերի բողբոջումից ավելի մեծ թափով է ընթանում. ապրիլի 9-ին ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց համապետական՝  խորհրդարանական ընտրության արդյունքները, նույն օրն ավարտվեց նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտներ կայացնելու ժամկետը: Ինչպես ասում են՝ հորով-մորով արեցինք մի ընտրություն,  պատրաստվենք մյուսին: Ընդ որում, ինքնին կարևոր համապետական ընտրության մասնակիցը դառնալուց բացի, մենք՝  ընտրողներս փաստորեն նաև ընտրական մի ամբողջ նոր տեխնոլոգիայի փորձարկումն ու մեկնարկը տվեցինք: Պատմությանը պահ տալով մեր մատնահետքերը, ոմանք՝ նաև վազելինի օգնությամբ, անցնելով տեխնիկապես թափանցիկ ընտրական գործընթացը, նոր ԱԺ ընտրեցինք: Տարոսը՝ Երևանի ավագանուն:

Ապրիլի երեքից Հայաստանի այլ բնակավայրերում մարդիկ վերադարձել են իրենց  բնականոն կյանքին, երևանցիների դեպքում՝ ցանկալի այդ ժամանակահատվածը փոքր-ինչ ուշանում է: Ծալում, մի կողմ ենք դնում խորհրդարանական խորհրդավոր ու հեքիաթային խոստումներով բուկլետներն ու սպասում նորերին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 21-ին և ավարտվելու է մայիսի 12-ին:

Այսինքն, առաջիկա քաղաքական մրցապայքարն ընթանալու է երեք ուժի միջև. հենց այս երեք քաղաքական միավորներն են մեզ ներկայացնելու և հաջողելու դեպքում իրականացնելու Երևանի զարգացման առաջիկա հինգ տարիների տեսլականը: Այս բառն այնքան էլ չեմ սիրում, որովհետև բառարմատ «տեսիլքն» ինձ այնքան էլ վստահություն չի ներշնչում, բայց համարենք, որ քաղաքական տեսիլքները մի օր իրականանալու լավ կամ վատ սովորություն ունեն:

Ամեն դեպքում, խմբագրությունում ծավալված քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ  քաղաքում բոլորիս մի քանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է անհանգստացնում:

Ցանկալի է, որ նոր ավագանու կազմում լինեն երևանցիների կողմից սիրված, հարգված ու աշխատող մարդիկ, որոնք  կկարողանան քաղաքը սիրելու վարակ տարածել Երևանում: Որ այդ սերն արտահայտվի ոչ թե լալահառաչ քառատողերով կամ որ ավելի վատ է՝ սրտառուչ արձակով կամ հայտարարություններով, այլ՝  լուռ աշխատանքով. մաքուր ու կոկիկ քաղաք, բետոնից մազապուրծ կանաչի ավելի մեծ զանգված, մարդկանց ժպտացնող ու տաքացնող առօրյայով:

Վերադառնամ առօրեականին: Երևանցի ընտրողս նաև ուսանող եմ, ինչը նշանակում է, որ տարիներ շարունակ առավոտյան ինն անց կեսին համալսարան հասնելու խնդիր ունեմ: Նույն կերպ՝ հազարավոր ուսանողներ և աշխատող մարդիկ պետք է առավոտյան իննին աշխատանքի և դասի լինեն: Իրականում դա հեշտ բան չէ, եթե ԲՈՒՀ-դ կամ աշխատավայրդ տանդ կողքին չեն, կամ էլ սեփական մեքենա չունես: Ես ճնշող, այս դեպքում՝  ճնշված մեծամասնությունից եմ:

Երևանում հատկապես առավոտյան և երեկոյան հանրային տրանսպորտից օգտվելը սաստիկ վնասակար է առողջությանը: Այս մասին գիտեն բոլորը,  թեև ինչ-որ քայլեր արվել են, սակայն դեռ չենք հասել ցանկալի մակարդակի: Ի դեպ, ամիսներ առաջ հայտարարվեց, որ եվրոպական մասնագետների օգնությամբ քաղաքապետարանը պատրաստվում է վերջապես ներդնել քաղաքային տրանսպորտի քաղաքակիրթ համակարգ: Ամեն, եթե այս տեսիլքը մի օր իրականանա, մենք կկարոտենք մեկ ոտքի վրա և լավագույն դեպքում՝ ուս-ուսի, սեփական անձը քաղաքի մի կետից մյուսը տեղափոխելու փորձությանը: Կկարոտենք անթրաշ երթուղայինների նույնքան անթրաշ վեց- ութ ժխորին, հարյուր դրամն էլ այլևս սթրեսի տոմսի գին չի լինի: Այս ցանկը կարելի է շարունակել, սակայն մեր դուռը  պահանջատիրաբար ծեծում է Վարդուշ «ծյոծյան»: Ձեր, մյուսների դեպքում կարող են լինել Հայկուշ, Մարգուշ և այլ «ծյոծյաներ»՝  սուրբ գրքի պես ձեռքում ամուր բռնած մատյաններով և սպառնալից հայացքներով:

Հասկացանք, որ նրանք բոլորն էլ սերվում են համատիրությունից: Վարչապետ Կարեն Կարապետյանին շատերն են սիրում, բայց երբ նա ասաց, թե համատիրությունները պիտի խելքի բերեն. ավելի շատ սիրվեց: Չմտածեք, թե ես մարդատյաց եմ և երազում եմ, որ բոլոր համատիրությունների «ծյոծյաները»,  քանդուքարափ երթուղայինների վարորդները, ջրի, գազի, լույսի, օդի «նայողները» գործազուրկ լինեն: Ուղղակի, ուզում եմ, որ նրանց դերն իմ կյանքում սահմանափակվի՝ մեր տուն ու իմ կյանք անկոչ չմտնելու աստիճան:

Ստացվեց, որ որպես ընտրող ձևակերպեցի առաջին գործնական ակնկալիքներս քաղաքիս իշխանություններից: Ես գնացել եմ ապրիլի երկուսի քվեարկությանը,  կգնամ նաև մայիսի 14-ին. Մինչ այդ,  հուսով եմ, կհամոզվեմ, որ երեքից առնվազն մեկը քաղաքը սիրում է սրտով ու հոգով:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register