Ֆրանսիայում 50 եվրոյով կարելի է ամրոցի տեր դառնալ

1

Աշխարհն անցած շաբաթ 

Ֆրանսիայում 50 եվրոյով կարելի է ամրոցի տեր դառնալ

Ֆրանսիայի Դորդոն վարչական շրջանի զբոսաշրջային ուղղություններից մեկում տեղակայված Լե Պալյուել ամրոցը սեպտեմբերի 21-ին կհանվի աճուրդի: Նպատակն է՝ 500 000 եվրո հավաքել ամրոցը կործանումից փրկելու համար, սակայն պատմական կառույցի համասեփականատեր դառնալու համար բավարար կլինի ընդհանուր դրամարկղում 50 եվրո գումար ներդնել: Դրամահավաքի յուրահատուկ ընթացակարգը գործարկել է «Որդեգրիր ամրոցը» ասոցիացիան: Եթե ասոցիացիային հաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը, ապա յուրաքանչյուր նվիրատու կդառնա ամրոցի համասեփականատեր: Այսպիսով՝ ամրոցի տեր կարող է դառնալ միաժամանակ 10 000 մարդ:

Գերմանիան կսահմանափակի Թուրքիայի հետ  համագործակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի կարողանա հասնել այդ երկրում կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը: Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել՝ Թուրքիայի ազատազրկման վայրերում պահվող Գերմանիայի քաղաքացիների առնչությամբ: Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ թուրքական ազատազրկման վայրերում պահվում է Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի: Ակնկալվում է, որ հոկտեմբերին կքննարկվի Թուրքիայի՝ Եվրոպական միության անդամ դառնալու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցման հարցը:

«Ազատություն» ռադիոկայանը ՄԻԵԴ-ում դատի է տվել Ադրբեջանին

Ազատություն» ռադիոկայանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված այն պնդումները, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցի գործունեությունն այդ երկրում: Ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված, այսպես կոչված, հետաքննությունը մեկ նպատակ ունի՝ լռեցնել Բաքվի բյուրոյի ձայնն ու սպառնալից մթնոլորտ ստեղծել լրագրողների համար:

Լապշինը կդիմի միջազգային ատյաններ

Ադրբեջանի բանտում 7 ամիս անցկացրած և Իսրայել արտահանձնված Ալեքսանդր Լապշինը հերքել է իր մեղայականը, որով նա դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Բլոգերը դա ակնհայտ կեղծիք է որակել: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Բաքվում գտնվելու ժամանակ Լապշինը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ է գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևին: «Ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով»,- ասվում է Լապշինի կատարած գրառման մեջ:

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեայում հերթական անգամ բալիստիկ հրթիռ են գործարկել: Այն իրականացվել է Փհենյանի շրջանից: Հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, և անցնելով Ճապոնիայի վրայով՝ ընկել Հոկայդո կղզուց մոտ 2000 կմ հեռավորության վրա: Ճապոնիայի իշխանությունները հրթիռի արձակման կապակցությամբ շտապ զգուշացում են տարածել երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչների համար: Հրթիռի անկումից տուժածներ չկան:

 

Եվրոպայի ամենաերջանիկ քաղաքը

Eurostat» վերլուծական գործակալության փորձագետները պարզել են, թե Եվրոպայի որ քաղաքներում են ապրում ամենաերջանիկ բնակիչները: Վարկանիշը կազմվել է մի շարք չափանիշներով: Այսպես, օրինակ, հասարակական վայրերի բարեկարգումից գոհ բնակիչների թվով առաջին տեղում հայտնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիենան, էկոլոգիայի ոլորտում՝ Լյուքսեմբուրգը, առողջապահության ոլորտում լավագույնն է ճանաչվել Ամստերդամը, իսկ լավագույն ուսումը կարելի է ստանալ Դուբլինում: Փորձագետների ուսումնասիրությունից պարզվել է, որ Եվրոպայի ամենաերջանիկ քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է, որտեղ մարդիկ գոհ են կյանքից։ Հետազոտության արդյունքում առանձնացվել են քաղաքներ, որոնց բնակիչները գրեթե չունեն անհանգստանալու առիթ: Այս ցուցակը գլխավորել է գերմանական Շտուտգարտը: Եվս մեկ գերմանական քաղաք՝ Հանովերը, հայտնվել է այս ցուցակի երրորդ տեղում:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register