ՖԻԼՄ, ՖԻԼՄ, ՖԻԼՄ…

5

Այս տարվա «Ոսկե ծիրանն» արդեն անցյալում է: 2004 թվականից հիմնադրված  փառատոնը կրկին հարուստ կինոժապավեններով, հետաքրքիր հերոսներով ու զրույցներով  թեկուզև կարճ ժամանակով, բայց լիարյուն դարձրեց մեր կյանքը՝ ֆիլմերի երկար ցուցակ նվիրելով, որոնք շուտով մեդիայի հարթակներում մեզ կներկայացնեն կինոքննադատները: Տարեցտարի փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է, այս անգամ  հատկապես երիտասարդության շրջանում էր մեծ՝ սոցցանցերը վկա: «Ոսկե ծիրանը» վաղուց դուրս է եկել մասնագետների նեղ շրջանակից, դառնալով համաերևանյան ու համահայկական ֆիլմատոն, որին շատերն են ուզում ներկա լինել ու ծիրանոտ ֆիլմեր վայելել:

Այս տարի ևս համացանցն ու կինոդահլիճները լիքն էին կինոմաններով  ու, ընդհանուր առմամբ, սիրողական աչքով էլ տեսանելի էր, որ ֆիլմացանկը  հիմնականում ստացված գործեր էր ներառում: Փաստորեն, Հայաստանում կարելի է որակյալ փառատոն կազմակերպել, միայն ցանկություն է պետք ու գործից հասկացող մասնագետ-գործընկերներ: Այս փառատոնը տարիներ շարունակ  հենց դա է ապացուցում: Փառատոնը կինոյի հայ հարթակին թարմ օդ է մատակարարում ու երբեմն թթվածնի առատությունից անգամ գլխապտույտի հասցում: Այն անչափ կարևոր է տեղական շուկային առողջ ազդակ փոխանելու գործում, որ լավ ֆիլմը միայն փողով չի լինում, այլև՝ հոգով ու քթածակով:

Եվ որ ամենակարևորն է՝ կինոյի աշխարհի քարտեզին մեծատառով Հայաստանն է հաստատուն տեղ գրավում. մեր երկիր այցելող հայտնի ռեժիսորներն ու դերասաններն իրենց համար հայտնաբերում են գողտրիկ մի երկիր, որը բաց երկնքի տակ մի  անվերջ ֆիլմ է՝ անկրկնելի սցենարներով: Հայաստանը վերագտնում է ֆիլմարտադրողի ու սպառողի շուկան՝ նոր մեկնաբանությամբ, փորձում նեղ ազգայինից փոքրիկ քայլերով հասնել համամարդկային ընկալման, որտեղ հայեցին ամենամարդկայինն է, որտեղ հավատը, մարդու ներքին պայքարն ու առողջ հարաբերությունները կյանքի ազդակներն են:

Հայկական ֆիլմերի սցենարների վիճակն անզեն աչքով գնահատելը փոքր-ինչ բարդ է: Վերջին տարիներին մեծ տարածում ունեն հումորային ֆիլմերը, որոնք ապրում են, լավագույն դեպքում, մեկ տարի ու հետո մոռացվում, բայց նրանցից ոմանք՝ կինոթատրոնների դիտումներից լավ գումարներ են բերում իրենց տերերին: Հայաստանում հաճախ ֆիլմերը նկարահանում են «տնավարի» մակարդակով.  ֆիլմի ռեժիսոր է դառնում ռեժիսուրայի մասին ուղղակի լսած, տեղ-տեղ տեսած, բայց չսովորած ու մասնագիտորեն չկրթված մեկը, սցենարը գրում է նրա եղբորորդին (բա բարեկամն է, հո անգործ չի՞ մնալու), գլխավոր դերի համար ընտրում են բերանն արհեստականորեն բացող-փակող գեղեցկադեմ տիկնիկի, ֆիլմն անպայման պետք է ներառի «գողական» տղայի, որը պետք է բղավի բոլորի վրա ու կարողանա հարցեր լուծել վտանգավոր դեմքերի հետ…Չէ, կարծես թե շեղվեցի ու տիպիկ հայկական սերիալ եմ պատմում: Չնայած, ֆիլմերում էլ նման կերպարները քիչ չեն: Հումորային ֆիլմերն էլ հաճախ սահմանափակվում են թույլ սցենարով ու՝ անգամ ժպտալ չստիպող հումորներով, որոնք  «ցանկալի է» լինեն գռեհիկ ու պարունակեն սեքսուալ հետին միտք: Ինքս չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ ծիծաղել հայկական հումորային ֆիլմերի վրա: Բայց չլինենք վատատես ու նշենք, որ բացի արագ  ընկալման թեթև  ու բան չասող ֆիլմերից, ստեղծվում են նաև որակյալները, որոնց մասին երբեմն չենք էլ իմանում:

Ոսկե ծիրանը» լավ հարթակ է դրա համար, շնորհակալ ենք կազմակերպիչներին: «Ճամփորդի» հետ ավելի ուշ ձեզ կներկայացնենք կինոփառատոնի այն լավագույն ֆիլմերը, որոնք մասնագետները խորհուրդ կտան: Կդիտենք, կկիսվենք տպավորություններով ու կսպասենք ձեր արձագանքներին: Հուսալով, որ հայկական ծիրանին մի օր հպարտությամբ մեր կինոն էլ կզարդարի:

«ՄԵՆՔ ԵՆՔ» ՄԵՐ ՖԻԼՄԵՐԸ

Վերջնակապես հանենք վատատես-սև ակնոցն ու հիշենք, որ  հարուստ ֆիլմադարան ունենք: Երբեմն հարց է ծագում. ինչո՞ւ հիմա «Աշնան արև» ու  «Հայրիկ» չեն նկարում: Գուցե նկարո՞ւմ են: Գուցե կան դրանց հավասարազոր լավ ֆիլմեր, որոնց մասին մենք այդպես էլ չե՞նք իմանում: Համոզվա՞ծ ենք, որ լավ ենք փնտրել, կամ ասպարեզում տեղ ենք թողել նրանց համար: Ձեռքներս սրտներիս դնենք. ֆիլմերի ոլորտից նույնպես մոնոպոլիզացման հոտ է գալիս, սովորաբար  ֆիլմ են նկարում միայն մի քանի անվանի ռեժիսոր, որոնցից ոչ բոլորին կարելի է իրապես լավը կոչել, ստեղծածն էլ՝ հաջողած:  Չեմ հավատա, որ մնացածները  լավ գործեր չեն ստեղծում: Գուցե հնարավորությո՞ւն չեն տալիս ներկայանալու մեծ դահլիճներին:

Կարող ենք անվերջ մեղադրել ռեժիսորին, այս ու այն դերասանին, ասել՝ «Հայֆիլմն» այլևս չկա, որակ չկա, ասելիք չկա: Սակայն մոռանում ենք, որ վատ ֆիլմերում նաև մենք՝ ֆիլմասերներս ունենք մեր մեղավորությունը:  Եթե թեթև ու ցածրամակարդակ ֆիլմերի տոմսերը սպառվում են երեք ժամում, իսկ լուրջ՝ թեկուզ արտասահմանյան ռեժիսորների ստեղծագործությունների ժամանակ դահլիճների կեսը դատարկ է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ֆիլմ կնախընտրեն նկարահանել: Կասեք՝ դա կապ չունի, թող բարձր սանդղակ ապահովեն, որպեսզի մենք ձգտենք ու դրան հասնենք, թող որակը պահեն, ոչ թե՝ քանակի վրա աշխատեն: Ամեն աշխատանք գումար արժե, և մարդկային է, որ գաղափարական կողմից բացի, մարդիկ ցանկանում են նաև գումար վաստակել:  Ռեժիսորը պետք է տեսնի, որ  մենք ցանկություն ունենք սանդղակ բարձրացնելու, որ իր առաջարկածը քչություն է անում: Ինչո՞ւ չենք փորձել բոյկոտել ու չգնալ էժանագին ֆիլմեր դիտելու, ո՞վ է մեզ ստիպում դրանք տաք կարկանդակի պես արագ գնել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց սա իր դրական պտուղները կտա, ու մենք կունենանք մասնագիտացած ռեժիսորներ,  ստացված ֆիլմեր ու կիրթ հանդիսատես:

Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, ՈՐՔԱ՞Ն

Որքա՞ն արժե կինոն: Հարցին բարդ է պատասխանելը: Նայած՝ ինչ ես ուզում նկարել, որպես ռեժիսոր քո  ապագա թիմում քանի մարդ ես պատկերացնում: Ինչպես Հիչքոքն էր պնդում, ֆիլմում ամենակարևորը սցենարն է, մնացած ամեն ինչ լուծվող ու շտկվող է: Հետևաբար շեշտը պետք է դնել հենց սցենարի վրա: Քվենտին Տարանտինոն իր առաջին սցենարը վաճառել է 30.000 դոլարով: Վաստակած գումարն օգտագործել է իր լավագույն ֆիլմերից մեկի`  «Reservoir Dogs»-ի նկարահանումների վրա: Ռուսական ֆիլմերում պրոֆեսիոնալ օպերատորները մեկ օրվա նկարահանման  համար ստանում են հինգից տասը հազար ռուբլի գումար, իսկ այ Հայաստանի մասին դժվար է խոսել: Սերիալային դերերի համար որոշ դերասաններ ստանում են երեք հազարից հինգ հազար դրամ…Ծիծաղելի թվեր են՝ եթե մասնագետի մասին ենք խոսում, բայց չափից դուրս շատ է՝ եթե դերը սիրողական մեկն է խաղում: Ընդհանուր առմամբ, կարելի է տեղավորվել մի քանի միլիոն դրամի մեջ՝ ինչն էլ փորձում են այստեղ անել: Դրանք, հավանաբար, ֆիլմերի համար քիչ ծախսեր են,  բայց թե որքանով են իրենց արդարացնում՝ դժվար է ասել:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register