92-ԱՄՅԱ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈւՄԸ

ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն 92 տարեկան է, բայց իրեն զգում է իսկական երիտասարդի պես: Ֆլեշմոբեր, բացօդյա համերգներ, երիտասարդ դեմքեր՝ միախառնված սիմֆոնիկ ու կամերային երաժշտության հետ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երիտասարդների կապն ավելի սերտացնելու համար նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ամեն շաբաթ արդեն արված գործերն ու առաջիկա անելիքները հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար բացահայտում են հայ երիտասարդ հայտնիները:
Սերգեյ Սարգսյանի մեկնաբանությամբ հաղորդումն արդեն հասանելի է Յութուբյան էջում: Հոլովակների ռեժիսորն է՝ Արփի Մաղաքյանը, որը հետաքրքիր լուծումներ է առաջարկում:
Հոբելյանական տարին Ֆիլհարմոնիկը կնշի ոչ միայն «նոր սերնդի» հաղորդումների թողարկմամբ, այլեւ ֆլեշմոբերով: Օրերս Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել բազմության մեջ նվագող ֆիլհարմոնիկցիներին, որոնք բեմերից իջել էին ու հայտնվել հանդիսատեսի հետ նույն հարթակում:
Ազգային Ֆիլհարմոնիկում Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը տեղի կունենա Երևանյան միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ միջազգային ճանաչման արժանացած մենակատարների մասնակցությամբ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19.00-ին, Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը նվիրված է միջազգային մրցույթների դափնեկիր Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակին: