ԵԶՐԱՓԱԿՉԻ ՓՈԽԱՐԵՆ. ԲՈՐՈՒՍԻԱ – ԼԻՎԵՐՊՈՒԼ

Չեմպիոնների լիգայում Եվրոպայի լավագույն ակումբի կոչման համար պայքարում «ոտքի վրա» է մնացել ութ ակումբ: 1/4 եզրափակչում պարտվողը լքում է մրցասպարեզը: Անգլիական, ֆրանսիական և պորտուգալական՝ մեկական, երկու գերմանական և երեք իսպանական թիմեր ապրիլից վերսկսելու են փառքի և փողի համար մղվող արշավը:
Առաջին հանդիպումները տեղի են ունենալու ապրիլի 5-ին և 6-ին, պատասխան խաղերը՝ 12-ին և 13-ին:
- Բավարիա» (Գերմանիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
- Բարսելոնա» (Իսպանիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
- Վոլֆսբուրգ» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում սպասվում է դիմակայություն, որը կզարդարեր մրցաշարի եզրափակիչը: Երկու ֆավորիտները՝ Դորտմունդի «Բորուսիան» և «Լիվերպուլը» մրցելու են ապրիլի 7-ին և 14-ին:
- Բորուսիայի» կազմում փայլուն խաղով աչքի է ընկնում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 2013 թվականին ուկրաինական «Շախտյորից» հեռանալուց հետո վերջապես ցուցադրում է իր լավագույն խաղը: Հետաքրքիր է, որ 2013-ի ամռանը Մխիթարյանը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն «Բորուսիան» ավելի համառ և առատաձեռն գտնվեց:
Ուշագրավ է նաև, որ «Լիվերպուլն» անցած տարվա աշնանից գլխավորում է Մխիթարյանի ֆուտբոլային «հոգեհայրը», անկանխատեսելի վարքով աչքի ընկնող Յուրգեն Կլոպը՝ «Բորուսիայի» պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի զույգերն են.
- Բրագա» (Պորտուգալիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)
- Վիլյառեալ» (Իսպանիա) – «Սպարտա» (Չեխիա)
- Ատլետիկ» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)
- Բորուսիա» (Գերմանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)