ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ

  • ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ
  • ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ
  • ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ
  • ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ
  • ԵԶԴԻԱԿԱՆ  ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈւՄ

Խոզի մսի ու դոլմայի փոխարեն եզդիներն ամանորյա սեղանները զարդարում են ներկված բազմագույն հավկիթներով ու գաթայով, տան բակերում կախում կարմիր, դեղին կակաչներ, առաջինը շնորհավորում ոչ թե իրար, այլ ննջեցյալներին…

Եզդիները Նոր տարին նշում են հին տոմարով Նիսան (ապրիլ) ամսվա առաջին չորեքշաբթի օրը՝ այն օրը, երբ Աստված ավարտեց աշխարհի արարումը: Նոր տարվա խորհուրդը հասկանալու ու եզդիների ազգային ավանդույթներին ծանոթանալու նպատակով «Ճամփորդի» թիմը որոշեց տոնը նշել նրանց հետ:

Այս տարի տոնը նշվեց ապրիլի 19-ին: Առավոտյան արդեն եզդիաբնակ Զովունիում բակերը մարդաշատ էին: Տոնը նշելու համար շատ եզդիներ տարբեր երկրներից էին ժամանել Հայաստան: Եզդիների ազգային միության փոխնախագահ Խդր Հաջոյանի ուղեկցությամբ եզդիները շարժվում են գերեզմանոց:

Մինչ  այնտեղ հասնելը, Խդրը ներկայացնում է տոնի հետ կապված լեգենդներն ու ավանդույթները:

Տոնին նախորդող գիշերը եզդիները ճրագ են վառում, որը խորհրդանշում է Աստծո գալստյան լույսը: Ըստ ավանդության, եզդիները համարվում են Տաուսե Մալաքի՝ սիրամարգ հրաշտակապետի ժողովուրդը: Հյուսիսային Իրաքում են գտնվում սիրամարգի տեսք ունեցող եզդիական 4 սուրբ արձանները՝ սինջակները: Նոր տարվա օրը դրանք դուրս են բերվում մարդկանց մեջ և մարդիկ իրենց նվիրաբերությունն են մատուցում: Նոր տարուն եզդիներս 4 գույնով ենք ներկում հավկիթները. դեղինը խորհրդանշում է այն պահը, երբ առաջին անգամ արևը ծագեց Երկրի վրա, կարմիրը՝ առաջին ծաղկի ի հայտ գալը, կանաչը՝ բնության զարդարանքը, սպիտակը՝ Աստծո լույսը»: Եզդիական հավատալիքների համաձայն՝ ձուն խորհրդանշում է երկրագունդը:

Մոլորակի վրա ի սկզբանե միայն ջուր է եղել: Երբ Աստված ավարտեց աշխարհի արարումը, հողը վեր խոյացավ ու զատվեց ջրից: Ձուն էլ, երբ եփում ենք, ամրանում է, ինչպես երկրագունդը»,- ասում է Խդրը:

Եզդիները Նոր տարուն խուսափում են սեղանին խոզի միս, կանեփ ու կաղամբ դնելուց: Խոզի միս չուտելու հետ կապված տարբեր պատմություններ կան: «Պատմական տեսանկյունից, երբ խոզի ժանտախտը տարածվել է Արևելքում, շատ եզդիներ դրանից մահացել են, իսկ մյուսները սկսել են չուտել խոզի միս: Կրոնական տեսանկյունից, մեկնաբանվում է այսպես՝ երբ մարգարեներից մեկը մերժում է կատարել Աստծո հրամանը, Աստված նրան խոզի է վերածում: Մեկ այլ լեգենդի համաձայն, երբ եզդիները ցեղասպանությունից փախչելիս են եղել, խոզերը նկատելով նրանց ձայներ են արձակել, ինչի պատճառով էլ եզդիներին նկատել ու սպանել են»,- պատմում են եզդիները:

Հասնում ենք գերեզմատուն: Հենց այստեղ էլ սեղան է գցվում: Տղամարդիկ ու կանայք առանձին սեղանների շուրջ են նստում՝ եզդիական ավանդույթ է, ի՞նչ կարող ես անել: Քիչ անց բերում են խաշլաման, ապա ընտանիքի անդամների միջև բաժանվում է  կլոր գաթան: Գաթայի կտորներից մեկում հուլունք կա, ում ընկավ, նրան էլ կժպտա հաջողությունը:

Եթե ձեր բախտը չի բերում ու հուլունքն ուրիշին է  բաժին ընկնում, դեռ ամեն ինչ կորած չէ. ձեր երազանքի իրականացման համար դուք մի հնարավորություն էլ ունեք: Կին հոգևորականն օրհնված թել է կապում եզդիների ձեռքին. այն կապելու ընթացքում մարդիկ երազանք են պահում: Ավանդույթի համաձայն, թելը պոկվելու  ժամանակ էլ երազանքն իրականանում է: Թելն արհեստականորեն կտրել, կծելով պոկել չի կարելի, թե չէ ամեն ինչ կփչացնեք: Այն պետք է պոկվի ինքնուրույն՝ առանց կողմնակի միջամտության:

Գերեզմաններից ուղևորվում ենք եզդիների սրբավայր՝ Ակնալճի մոտ: Մտնելով սրբավայր՝ եզդիները օրհնված ջուր են ստանում ու նվիրատվություն անում: Ասում են՝ օրհնված ջուրն օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, չար աչքից հաստատ ազատում է: Եզդիները, համենայնդեպս, խորապես հավատում են դրան:

Սրբավայրի բակում եզդիական ազգային երգեր են ու պարեր, իսկական եզդիական խնջույք, որին չմասնակցել ուղղակի չես կարող: Ձեռքներիցս վերցնում են ֆոտոխցիկն ու մեր աշխատանքային մնացած «գործիքները»… Եվ մենք արդեն եզդիների շարքերում ենք…

Ուրախ նոր տարի՝ երբ էլ որ այն նշելու լինեք:

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register