ԵԹԵ ՌՈԲՈՏՆԵՐԸ ԳՐԱՎԵՆ ԱՇԽԱՐՀԸ․․․

Արհեստական բանականության էկրանային հաղթարշավի վավերագրությունները բազմաթիվ են: Եթե կար ժամանակ, երբ այդ ֆիլմերն ուղղակի հեքիաթ էին թվում, ապա այսօր արդեն դրանց առկայությունը կասկածից վեր է: Հեռու չգնանք, Ռուսաստանում, օրինակ, երեք ծրագրավորողի ջանքերով դեռ 2001 թվականին ստեղծված «Ժենյա Գուսթման» անունը կրող ռոբոտը՝ իրական թվալու համար ներկայանում էր տասներեք տարեկան տղայի տեսքով։
Ժենյան արհեստական բանականության տեր առաջին «անձանցից» էր, ում ոչ միայն հաջողվեց անցնել Ալան Թյուրինգի թեստը, այլև ժյուրիի 33 տոկոսին համոզել, որ իրական մարդ է։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ կպատահի, եթե արհեստական բանականությունն իր հեգեմոնիան հաստատի ամբողջ աշխարհում։
Կապիկներից մոտավորապես յոթ միլիոն տարի է պահանջվել,որպեսզի էվոլյուցիայի շնորհիվ մարդ դառնան։ Մինչդեռ համակարգչին պետք կգա ընդամենը հարյուր տարի, որպեսզի դառնա լիարժեք ռոբոտ։ Դեռևս 1637 թվականին էին խոսում «արհեստական ուղեղների» մասին, դրան զուգահեռ ստեղծելով հեռադիտակը, ջերմաչափը և երկրաչափական քանոնը։
Ռոբոտները կսկսեն մարդկանցից հարյուրապատիկ ավելի արագ զարգանալ։ Եթե, օրինակ, մարդուց պահանջվել է 95 տարի՝ տիեզերք թռչելու համար, ապա նույնի համար ռոբոտներին անհրաժեշտ կլինի ընդամենը մեկ տարի։
Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտները կդառնան հանրության անբաժանելի մասը, կօգնեն տնային հարցերում, կհեշտացնեն մարդկանց կենցաղը։ Մեր օրերում արդեն նրանք աշխատանքի մոտ հիսուն ոլորտի «հավակնորդ» են համարվում: Այնպես որ մասնագիտություններից շատերի ռոբոտիզացման կանխատեսումն այնքան էլ անիրատեսական չէ: Ըստ հաշվարկների, մոտ տասը տարի անց նրանք կփոխարինեն աշխատաշուկայում գրանցված բոլոր մարդկանց, որովհետև նրանց պետք չեն արձակուրդներ, լանչի ժամեր ու հանգստյան օրեր։ Եթե մեր օրերում աշխարհում գործազուրկ է համարվում երկու հարյուր միլիոն բնակիչ, ապա այդ ժամանակ չի աշխատի ու գործազուրկ կդառնա ամբողջ մարդկությունը։
Ներկա պահին գոյություն ունեն շուրջ հինգ միլիոն ռոբոտներ։ Երբ արհեստական բանականությունն ինքը սկսի ստեղծել իր նմանին, ապա նրան կհաջողվի ընդամենը մեկ տարվա ընթացքում գրավել ամբողջ երկրագունդը։ Ի վերջո ռոբոտները կբազմեն էվոլյուցիայի գահին՝ մարդուն «հանձնելով» Կարմիր գրքի «տնօրինությանը»՝ իբրև հիշատակում ։ Տվյալ գրքում կհայտնվեն նաև շուրջ 13.000 տեսակի կենդանիներ։
Ստացվում է, որ արհեստական բանականության տարածումը վա՞տ է։ Դրան միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ սրանք ընդամենը մոտավոր հաշվարկներ ու պատկերացումներ են։ Աշխատանքի ռոբոտիզացումը հաճախ փրկություն է գործարանների համար, որը հեշտացրել է մարդկանց կյանքն ու բարձրացրել արտադրանքի որակը։ Համոզված ենք, որ մարդկանց կհաջողվի գտնել արհեստական բանականությունը հնարավորինս օգտավետ կիրառելու ճիշտ տարբերակ, ինչը կյանքը կդարձնի ավելի բարեկեցիկ ու չի վնասի մարդկությանը։