ԵԹԵ «ԱՅՈ»-Ն ԼԻՆԻ ՄԻԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԸ

yntr

Հայտնի ֆիլմ կա՝ «Միշտ «այո» ասա», շատ դրական ու ուրախ ֆիլմ է, մոտիվացնող ու սովորեցնող, որ կյանքում անհնարին ոչինչ չկա և  պետք է չվախենալ ու վայելել ամեն պահը։ Սա լավ է հնչում, սակայն, իրականում, ի՞նչ կլիներ, եթե մարդիկ, իսկապես, բոլոր առաջարկներին, իրենց ցանկություններին «այո» ասեին։

Այս պահին աշխարհի ամենահայտնի բառը «օքեյն» է, որն այս տարի  դառնում է 178 տարեկան։ Սրանից բացի, շատ հայտնի են նաև «այո»-ն ու «ոչ»-ը, որը դուք կարող եք ասել աշխարհի յոթ հազար լեզուներով, բացի շոտլանդերենից, որովհետև այն չունի այս երկու բառերը։ Թե ինչպես են շոտլանդացի մեր բարեկամներն արտահայտում իրենց համաձայնությունը կամ մերժումը՝ դժվար է պատկերացնել։

Բայց վերադառնանք մեր իրականություն։ Մենք կարող ենք անել այն ամենը, ինչը միշտ ցանկացել, բայց հետաձգել ենք։ Օրինակ՝ վերջապես կզբաղվենք շուրջ երկու հարյուր հազար տեսակ սպորտից որևէ մեկով, որը սիրում ենք։ Կսովորենք նվագել  320  տարատեսակ երաժշտական գործիքներ, եթե ցանկություն կա։ Կամ էլ կցատկենք օդապարիկով ու գուցե  Դոն Քելլերի ռեկորդն էլ գերազանցենք․ նա երկնքից  թռչել է մոտ  քառասուներեք հազար անգամ։

Ասում են՝ աշխարհում  միայն 23 տոկոսն է, որ ունի սեփական կարծիք։ Դուք այս մարդկանց թվում չէիք լինի, որովհետև ստիպված կլինեիք համաձայնվել բացարձակապես ամեն ինչի հետ։ Անգամ չէիք վիճի, չնայած միջինում մարդ տարաձայնություններ է ունենում 33.000 անգամ։

Երկու տարի կանցկացնես միայն գովազդային տեսահոլովակներ դիտելով, որովհետև չես թեքի ալիքը, ստիպված ես։ Կգնես բոլոր այն իրերը, որոնք քեզ առաջարկում են, կանես տարբեր վիրահատություններ, որոնք անիմաստ են և այլն։

Իդեալական կես գտնելու հնարավորությունը կազմում է  մեկ հազարերորդական տոկոս։ Բայց այս հարցում ձեր բախտը կբերի, ձեր երկրորդ կեսին կգտնեք շատ արագ, ընդամենը պետք է գրանցվեք, օրինակ, որևէ  ծանոթության կայքում կամ փողոցում մոտենաք համակրելի աղջկա, ով ձեզ կհավանի։ Աղջիկների դեպքում էլ պատասխանեք առաջին իսկ առաջարկությանը, քանի որ մերժել չեք կարող։ Այսպիսով, անձնական հարաբերությունները ձեզ շատ հեշտ կտրվեն, բայց թե ինչ որակ կունենան դրանք, դժվար է ասել։ Դե բայց պարզից էլ պարզ է, որ երբ, օրինակ, եկեղեցում հարցնեն՝ համաձայն ես ամուսնանալ, երկար մտածելու առիթ չես ունենա։

Բայց «այո»-ն միայն դրական կողմեր չունի։ Պետք է համակերպվեք, որ ընկերները սկսելու են շահագործել ձեր բարությունը և առիթ-անառիթ օգտվել դրանից։ Իսկ ինչու չօգտվել, եթե մարդն ամեն հարցում օգնում է։ Սրան կմիանան նաև անծանոթները՝ փողոցներում ակցիաներ անող երիտասարդները, մուրացկանները, որոնք կարող են ձեզնից ամեն ինչ խլել, և հնարավոր չէ գուշակել, թե ինչ կլինի վերջում, դուք կշահե՞ք ձեր դրական պատասխաններից, թե՝ կտուժեք։ Եվ գուցե հնչեն շատ տարօրինակ ցանկություններ, որոնք ստիպված կլինեք անել։
Ֆիլմն, ինչ խոսք, լավն է, բայց գործնականորեն հնարավոր չէ այսպես մշտական ապրել։ Կարելի է փորձել շաբաթական մեկ օր, իսկապես, բոլոր խելամիտ առաջարկներին դրական պատասխանել ու կտեսնեք, որ կյանքը շատ ավելի հետաքրքիր է դառնում։ Կարևորը հենց կյանքին «այո» ասելն է։

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register