ԷՏԱԼՈՆՆԵՐԻ ԷՏԱԼՈՆԸ

ariana

Ղարաբաղը ես գիտեմ և սիրում եմ վաղուց: Դեռ պատանության տարիներին հմայված էի Թոմաս դե Վաալի «Սև պարտեզը» հիանալի գրքով: Հետո, արդեն Հայաստանում ապրելիս, ծանոթ ղարաբաղցիներն էին ինձ համար այդ ֆանտաստիկ հողակտորի խորհրդանիշը: Նրանց ամուր, հպարտ, մարտնչող տեսակը յուրահատուկ մի երկրի տեսիլք էր ստեղծում երևակայությանս մեջ, որով հիանում էի և երազում էի անպայման անձամբ տեսնել:

Հայաստանում բնակություն հաստատելուց հետո ինձ շատ զվարճացնում էր այն հանգամանքը, որ մարդկային էության բացարձակապես բոլոր լավագույն գծերը՝ իմաստնություն կլինի դա, տաղանդ, քաջություն, ուժ, աշխատասիրություն, բարություն կամ հավատարմություն, մի խոսքով՝ բոլոր լավ բաները լրջորեն համարվում են զուտ հայկական: Ցանկացած արժանավոր օտարի մասին, որպես բարձրագույն գնահատանք, ասվում է՝ «հաստատ մեջը հայի արյուն կա», կամ էլ՝ «ոնց որ իսկական հայ լինի տնաշենը», եթե արյունակից լինելու հանգամանքը կտրականապես մերժվում է մաշկի գույնի կամ դիմագծերի ճչացող անհամապատասխանությամբ:

Ղարաբաղցի իմ առաջին ծանոթներն ավելի առաջ էին գնացել. ընդունելով հայերի հեգեմոն դերը, նրանք պնդում էին, թե իսկական հայը պիտի անպայման իր մեջ ղարաբաղցու արյուն ունենա: Ստացվում էր, որ եթե մարդկության էտալոնը հայն է, ապա հայի էտալոնը ղարաբաղցին է: Բանն անգամ կարող էր հասնել «եթե ղարաբաղցի չէ, բա էլ ո՞նց է հայ» ֆանտաստիկ պնդմանը:

Իմ առաջին այցելությունը Ղարաբաղ անցած տարվա այս նույն օրերին եղավ: Հաղթանակի տոների կապակցությամբ շախմատային մրցաշար էր կազմակերպվել, որում ես էլ էի խաղում, բայց ուշք ու միտքս այդ անօրինակ հողակտորն էր, որն ինձ թվում էր՝ ուղղակիորեն երկինքներին կապված մի պատառ անսահմանություն է: Լեռներից, բնությունից, մարդկանցից ու հուշարձաններից շաղախված մի արբեցում էի ապրում այդ օրերին, և դրանցից հոգումս մնացածը ոչ այնքան փաստեր և իրադարձություններ են, որքան ուղղակի երգող զգացմունքներ:

Այս անգամ Ղարաբաղում աշխատում էի որպես լրագրող. սթափ էի և ուշադիր, ուզում էի տեսնել ու ճանաչել մարդկանց, հասկանալ այս երկրի գաղտնիքը և պատկերացրեք՝ հաջողվեց դա: Ես տեսա անսահմանության սահմանապահ զինվորներին:

Ղարաբաղն իսկապես բացառիկ է որպես երկիր, և ղարաբաղցին՝ որպես ժողովուրդ: Եվ այդ երկիրն, իրոք՝ էտալոնների էտալոնն է, իր ժողովրդով, որ բարձրագույնն է բարձրագույններից, սակայն խնդիրն այն է, որ Ղարաբաղն այդպիսին է դարձնում ամբողջ հայությունը. դա գյումրեցու, երևանցու, լոռեցու և սփյուռքահայի՝ բոլորի համատեղ ջանքի արդյունքն է: Այդ նրանք են պահում Սև այգին որպես Ղարաբաղ, և նրանցից յուրաքանչյուրն իր հերթին՝ Ղարաբաղի հանդեպ սիրով մկրտվում և իր մեջ ղարաբաղցու արյուն է առնում:

Հայերն իրենց մասին շատ վաղուց «քրիստոնյա» չեն ասում, ասում են՝ «հայ քրիստոնյա», հայերն իրենց մասին արդեն «հայ» չեն մտածում, մտածում են՝ «Ղարաբաղի տեր հայ»:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register