ԵՐԲԵՔ ՉԵՄ ԵՂԵԼ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ

sam

Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ Սամվել Կարապետյանը 1992-ից ի վեր բնակվում  է Ռուսաստանում:  Սակայն 25 տարի Հայաստանից դուրս ապրելը չի խանգարել, որ նա լիարժեք ապրի նաև Հայաստանի հոգսերով ու խնդիրներով, հետամուտ լինի դրանց լուծմանը:

Ծնվել է 1965-ի օգոստոսի 18-ին, Կալինինո քաղաքում (1991-ին Կալինինոն Սամվել Կարապետյանի ջանքերով վերստանում է իր պատմական Տաշիր անվանումը)։ 1986-ին ավարտել է  Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը։ Նույն թվականին սկսել է ղեկավարել Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանը, որը հետագայում ձևափոխել է «Զենիթ» մետաղակաուչուկե պահեստամասերի արտադրության կոոպերատիվի։

Սամվել Կարապետյանի գործունեությունը Ռուսաստանյան հաջողակ գործարարի  էտալոն է, որի արդյունքում, ըստ ամերիկյան «Forbes» ամսագրի 2016 թվականի մարտին հրապարակած տվյալների, Կարապետյանն այժմ աշխարհի ամենահարուստ հայն է։ Նրա կարողությունը, ըստ նույն ամսագրի, կազմում է  3.1 միլիարդ դոլար։

1997-ին Սամվել Կարապետյանը ձեռք է բերում «Կալուգագլավսնաբ» ընկերությունը, որի հիման վրա էլ 1999-ին հիմնում է ընկերությունների «Տաշիր» խումբը: Դրա կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանցեր և այլն։ Ներկայում ընկերությունների «Տաշիր» խումբը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր դիվերսիֆիկացված արտադրաշինարարական ընկերությունը, որն իր մեջ ներառում է 200-ից ավելի կազմակերպություն և ունի շուրջ 45000 աշխատակիցներ Ռուսաստանի 25 քաղաքներում և դրա սահմաններից դուրս։ 2015-ի հոկտեմբերին «Տաշիրը» «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից գնեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։

Սամվել Կարապետյանը տնտեսական գիտությունների դոկտոր է, ավելի քան 30  գիտական աշխատությունների հեղինակ։

2000 թվականին Կարապետյանը ստեղծում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ջավախքում  իրականացնում է բարեգործական և հովանավորչական գործունեություն՝ կրթական, գիտական, մշակութային, առողջապահական, մարզական և այլ  ոլորտներում։ Իր ստեղծման օրվանից հիմնադրամը իրականացրել է շուրջ 100 միլիոն դոլարի ծրագրեր: Հարկ է հատուկ նշել Ստեփանակերտում ամբողջությամբ հիմնադրամի միջոցներով կառուցված և 2013-ից գործող Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան  Հանրապետական բժշկական կենտրոնը, որը համալրված է տարածաշրջանի համար բացառիկ՝ ժամանակակից բուժախտորոշիչ և վիրաբուժական սարքավորումներով:

Սույն թվականի մարտի 18-ին «Տաշիր» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Սամվել Կարապետյանի որոշումով նվիրատվության պայմանագիր կնքեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ՝ Գյումրիի տնակներում, ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող  տասներկու  ընտանիքներին  բնակարաններով ապահովելու նպատակով:

Սամվել Կարապետյանը ամերիկյան «Forbes» ամսագրում առաջին անգամ հայտնվեց 2011-ին, զբաղեցնելով 879-րդ հորիզոնականը՝ 1.4 միլիարդ դոլար կարողությամբ:  2015 թվականին նա արդեն 418-րդ հորզիոնականում էր:  5 տարում, ըստ «Forbesի», նա իր կարողությունը ավելացրել էր 5 անգամ:

Այս ամենի գաղտնիքը, ըստ Սամվել Կարապետյանի, աշխատասիրությունն է:

«Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, հակառակը՝ ոգեշնչում է ինձ: Ես զբոսանավեր կամ հազվագյուտ կտավներ չունեմ: Իհարկե, ինձ շքեղությունը դուր է գալիս, բայց ես երբեք դրանից չեմ կառչել և դա պաշտամունք չեմ դարձնում: Ամեն բան պարզ է. հավանում եմ ինքնաթիռը, գնում եմ: Որովհետև՝ ինձ պետք է, բայց ոչ թե ասելու համար, որ ես այն ունեմ: Գլխավորն այլ բան է, և դա է ինձ ոգեշնչում. ես զբաղվում եմ իմ գործով: Ինձ համար շատ ավելի կարևոր է ոչ մի տեղ չձախողել, չկանգնել տեղում և քիչ-քիչ, բայց համառորեն առաջ գնալ»-, խոստովանել է նա «Forbes» ամսագրի ռուսական տարբերակին տված հարցազրույցում:

 

Հարություն Բաբայան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register