ԵՐԿՈւ ՊԱՏՈւՄ՝ ԻՄ, ՆՐԱ ԵՎ ԻՄ ՄԱՍԻՆ

anush

Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն էր: «Ճամփորդը» ներկայացնում է երիտասարդ ու շատ տաղանդավոր գրողներից մեկի՝ Անուշ Քոչարյանի վերջին գործերից՝ հիշեցնելով, որ հայ գրականությունը ոչնչով չի զիջում արտասահմանյանին: Կարդացեք ու համոզվեք:

 

երբ մեռնեմ,

ճամպրուկս հավաքելու համար ժամանակս էնքան քիչ կլինի․

կուզեի մեջը տեղավորել ինձ՝ ծնվելուց առաջ,

կուզեի մորս հետս դնել,

որ իրեն մենակ չզգա անորոշության մեջ,

ծալապատիկ նստեցնել հիշողություններս,

որոնք թույլ են տվել այնքան կրկնել,

որ ինձ տեսնեմ նույն դիրքում,

նույնի ձեռքերում, նույնության մեջ։

Կուզեի ձանձրույթիս համար մի անկյուն առանձնացնել,

որտեղ շարելու էի նաեւ սենյակներս, տները,

հյուրանոցները՝ երկու տասնյակից ավելի,

քաղաքները, որոնք ունեն անթիվ տուրիստական գործակալներ,

եւ լուսանկար, որտեղ լրջությունս երեւում է։

Պատմությունները, որոնք սիրային չէին,

ոչ էլ սեռական,

որոնք հենց էնպես կախվել են գլխիս

ու հիացրել են ճիշտ արձակված փամփուշտի նման։

Կուզեի առանձնացված դնել ինձ

ամեն անկյունում,

մասնատված՝ ոչ ամբողջական,

մարմնիս կշիռը ոչնչացնելով,

համոզելով ինձ,

որ այն երբեւէ ունեցել է

տեղ եւ տրամադրություն։

***

եւ մենք խոսում էինք․ սեղանին դրված նարինջը պայթել էր:

նա զենք է վաճառում,

ես նրան սիրում եմ հիմա,

երբ գիտեմ՝ ինչպես գիրը կարող է դուրս մնալ շրջապտույտից,

եւ ինչպես կարող է ոչնչացնելու պահը գրանցվել

որպես կատարյալ ակտ,

որը բազմապատկվում է, բայց չի գրվում։

Իմ մարմինը նրա չօգտագործած փամփուշտն է,

մեր հանդիպումը պատմություն չունեցող քաղաք,

որ լավագույն տեղն է հայտնվել-անհետանալու համար։

Սեղանին դրված ականջօղերս փաթաթվել են․

իրենց ապահովությունն իմն է,

իմ շտապելը՝ իրենց այդպես գրկված մոռանալու հնարավորությունը,

այդպես ստեղծելու պատկերը,

որ թվա, թե

հնարավորությունը,

ակտը,

հանդիպումը,

զենք վաճառելը,

փաթաթված ականջօղերը,

պայթեցրած նարինջը

նույն հարթության մեջ

ինձ, քեզ, իրեն կապում են,

ու ամենի հետեւում կամ հետեւանքով

դատարկ մի սենյակում մեկը գրկել է

սիրելիի անշնչացած գլուխը

ու չի կարող բաժանվել

անկարելիից։

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register