ԵՐԿՈւ ՊԵՏՈւԹՅՈւՆ, ՄԵԿ ԺՈՂՈՎՈւՐԴ  Ու  ՄԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

1

 Մեր ժամանակների  հայելին՝  սոցցանցերն  են դարձել. արագ անդրադարձն ամեն  մի իրադարձության ապահովված է վայրկյանների ընթացքում: Մարդը կարող է ընդամենը մի քանի րոպեում  դարակազմիկ բանավեճերի ականատեսը լինել, ծանոթանալ  ամենահակասական տեսակետների, ծով  համբերություն  ունենալու  դեպքում էլ տեսնել, թե երբեմն ինչպես են ձնագնդերը մեծանում կամ փուչիկներ փչվում, որոնք  մի ակնթարթում էլ պայթում են: Երբեմն այն համոզմանն են գալիս, որ սոցցանցերը մեր իրականության ծուռ հայելին են, որովհետև լինում են դեպքեր,երբ այս կամ այն հարցը, արտահայտված կարծիքը ծայրահեղացվում են՝ վերածվելով  գրեթե թշնամանքի: Թվում է, թե ֆեյսբուքն, օրինակ, ամենահանդուրժող հարթակն է, սակայն իրականում հենց այստեղ եմ հանդիպում  ծայրահեղ անհանդուրժողականության:

Վերջին օրինակը բերեմ. կապտամազ աղջկա՝ Արցախի ոստիկանների հետ  ունեցած խնդիրը վերափոխվեց այնքան, որ մի քանի ժամից բանավիճող կողմերը արդեն մոռացել էին, թե ինչի համար էին  հավաքվել: Հայկական հայտնի առակի նման, մի կաթիլ մեղրից՝ մի ամբողջ պատմություն զարգացավ, որի գլխագիրը դարձավ հայաստանցի-արցախցի անհասկանալի, պրիմիտիվ ու վնասակար  տարանջատումը: Տպավորություն ստեղծվեց, թե միայն Արցախում կարող են ոստիկաններն իրենց սխալ պահել, կամ միայն հայաստանցի  աղջիկը կարող է օրենքի հետ  խնդիրներ ունենալ: «Կապույտ մազեր» օպերացիան՝ իրականում  խորքային տիղմ հանեց  ջրի երես, ինչը շատ  վտանգավոր է  դանդաղ  պատերազմող, հարաբերական  խաղաղության մեջ գտնվող երկրի համար:

Աշխարհի քարտեզին  Հայաստանն  ամենափոքր երկրների  ցանկում է: Փոքր ու  այսչափ միատարր երկիրը (ազգության  իմաստով) ինչպե՞ս կարող է  երկպառակության տրվել: Ինչպե՞ս կարող են լուրջ ու հասուն մարդիկ ժամերով  քննարկել հայաստանցի-արցախցի հարաբերություններն ու անցանկալի որակման արժանացնել միմյանց: Հետո էլ անցնել Երևան-Գյումրիին, հետո՝ Վանաձոր-Վայոց Ձորին  և այդպես  շարունակ: Ես մեկ Հայաստան գիտեմ՝ իր բոլոր գողտրիկ անկյուններով և վստահ եմ, որ այս չքնաղ երկրի զարգացման  բանալին  մեր համատեղված ջանքերի, աշխատանքի ու միասնության  մեջ է:

Աշխարհն   այսօր  հասանելիության  իմաստով այնքան  է փոքրացել, որ վաղուց արդեն մենք  պետք է ոչ միայն ավելի  հանդուրժող լինենք, այլև ապրենք ավելի համամարդկային  գաղափարներով: Ի վերջո, նման օրինակ մեզ նաև մեր հերոսներն են տալիս: Իրական ազատությունը, որի համար մեր հերոսները կռվեցին հիմա կառավարվում է: Ազատությունը զուտ տարածքային ինքնուրույնությունը  չէ: Այն նաև անհատների և ինքնարտահայտման ազատության իրավունքն է: Ահա թե հանուն ինչի են մեր հերոսները կռվել և ընկել: Դա ավելի է քան տարածքը:

Ես խորին  պատկառանք ունեմ  Հայաստանի և Արցախի  հերոս Մոնթեի նկատմամբ, որ կյանքն է զոհել արցախյան պատերազմում: Մոնթեն ոչ միայն փայլուն զորահրամանատար էր, մեծ հայրենասեր, այլև  լայնախոհ մտավորական, գաղափարի մարդ: Նա բազմաթիվ լեզուներ գիտեր, լավ կրթություն էր ստացել, շատ  ճամփորդել, ունեցել այլազգի շատ ընկերներ: Մինչ Հայաստան  գալը,  արդարության  հետքերով  նա եղել է աշխարհի շատ թեժ կետերում: Մոնթեն  ինձ համար  միասնականության համար պայքարող մարտիկի օրինակ է, որի հիշատակի առջև գլուխ եմ խոնարհում:

Մենք  ինչպե՞ս  կարող  ենք այսքան  հեռանալ մեր ոչ  հեռավոր պատմությունից ու թույլ  տալ, որ կենցաղային միջադեպերը մաշեն  մեր գաղափարական  դաշտն  ու  մասնատեն, մեզ հարվածեն  թիկունքից: Հայաստանի լեռներից ու դաշտերից, քաղաքներից  ու գյուղերից ինձ հասնող ամենաթանկ ուղերձը՝ սերն ու միասնությունն են, որ մաղթում եմ բոլորիս՝ այսօր և ընդմիշտ:

Սիրով՝ ձեր Արիանա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register