Փաշինյանի գիրքը, կամ պատմություն մենակ մարդու մասին

hakarak koxm (1)

«Երկրի հակառակ կողմը» վեպում մի գլուխ կա՝ Ախպերամի մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմում է  իր գործընկերներից։ Ախպերամն Արամն է, հիմա ապրում է Արգենտինայում։ Գրքի ընթերցման ժամանակ պարզվեց, որ Արամն ապրել է այն շենքում, որտեղ հիմա ես եմ ապրում. կինն ինձ պատմեց, որ խոսքը  նույն մարդու մասին է։ Տվյալ գլուխն ամենաշատը տպավորեց, որովհետև ծանոթ մարդու մասին էր՝ չնայած ես և Արամը միաժամանակ չենք ապրել նույն վայրում, բայց երկուսս էլ միանման հիշողություններ ունենք ու շատ կապված ենք մեր բակին ու տանը՝ անգամ եթե մեզնից մեկի համար այն նախկին է։

Այս միջադեպը ամբողջ գիրքն է բնութագրում։ Դուք անընդհատ կտեսնեք մարդկանց,  իրավիճակներ ու մտքեր, որոնք ապրում են ձեր հարևանությամբ, ձեզ հետ, կամ էլ այդ մտքերն ու իրավիճակները հենց դուք եք։ Մեկի համար դրանք գուցե նախկին են, մյուսի համար՝ ներկա, բայց ամեն մեկս իր չափով սա տեսել է, զգացել է։

Եթե փորձեք «գրողական»-գրականագիտական աչքով նայել՝  թերություններ կգտնեք։ Տեքստի որոշ հատվածներում զգացվում է, որ գրքի հեղինակը նախ լրագրող է, հետո նոր՝ գրող։ Երբ հակառակն է լինում, այսինքն՝ երբ մարդը սկզբում գրական տեքստերով է զբաղվում, հետո նոր համատեղում դրանք լրագրության հետ, տեքստերը շատ չեն «տուժում», պահպանում են իրենց փափկությունը։ Բայց քանի որ լրագրությունը՝ մեծամասամբ չոր ձեռագրի մասնագիտություն է, և քանի որ Փաշինյան-լրագրողի ոլորտները  ժամանակին հենց «ամենաչոր տարածքներն էին»՝ քաղաքական-տնտեսական, բնական է, որ այդ չորությունը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին։

Սա գիրք չէ, որը կհիացնի իր բառախաղերով, սյուժետային անցումները հետաքրքիր  են, հիշվող են, բայց փոքր-ինչ անփութորեն են կառուցված…Մեղադրելու չէ, Փաշինյանը գիրքը գրել է սենյակում փակված՝ հետապնդումներից թաքնված, ինչին, եթե անկեղծ, գիրքն ընթերցելուց հետո դժվար է հավատալ։ Տպավորություն է, որ ներկայացրածն իսկապես պատահել է, ուղղակի ապացույցներ չկան, և որքան էլ ներկայիս վարչապետը հնարավոր բոլոր առիթներին նշում է, որ հաստատ, հաստա՛տ Հայաստանից ոչ մի տեղ չի գնացել, մեկ է՝ շատերը չեն հավատում։

Վերադառնանք կարևոր հարցին։ Ինչի՞ մասին է գիրքը, և ինչո՞ւ է պետք այն կարդալ։

Հիմնական սյուժեից դուրս, որտեղ Փաշինյանը պատմում է իր ճանապարհորդության մասին, և թե ինչպես է  Հայաստան վերադառնում երկրի հակառակ կողմից, գիրքը մենակ մարդու մասին է։ Մենակ, և ոչ՝ միայնակ։ Մենակությունը զգացվում է բոլոր էջերի տողատակերում, և սա միանշանակ բնորոշում է հեղինակին։ Փաշինյանի լավագույն ընկերն իր գաղափարներն են ու երազանքները, ունի շատ սիրելի, բայց խիստ սակավաթիվ մարդիկ իր կողքին՝ գրքից ես հասկանում։ Եվ մենակ լինելը կարողացել է դարձնել ուժ և հենարան, հենց դրա համար էլ  Նիկոլ Փաշինյանին դժվար էր կանգնեցնել՝ «բռնվելու» տեղ չունես, դժվար է վախեցնել։

Գիրքը սովորեցնում է, որ ամենադժվար իրավիճակներում երբ խնդրին  մոտենում ես հակառակ կողմից՝ լուծումներ ես գտնում։ Ու կապ չունի՝ խնդիրը երկիրն է, թե անձնական մտահոգությունդ, երբեմն պետք է հեռանալ, և  վերլուծելով մոտենալ՝ փորձելով  գտնել այլ դիտանկյուն։ Գրքից նաև հասկանում ես, որ  ոչ այնքան մտերիմ մարդիկ կարող են մեծ օգնություն ցույց տալ, մնում է վստահել իրենց ու թույլ տալ օգնել։ Եվ չնայած գրքում սա վերաբերվում է հետապնդվող մարդու, ապա «հասարակ» կյանքում  վերաբերվում է մեզ հետապնդող խնդիրներին՝ իսկապես, երբեմն անծանոթները մեզ կարող են լիարժեք հասկանալ՝ մնում է թույլ տալ՝ ինչքան էլ մենակ լինենք, կամ մեզ միայնակ զգանք։ Այս մտքերը կարմիր թելի պես անցնում են ամբողջ գրքում՝ մենակ լինելու մեջ ուժ գտնելը, խնդիրները՝ հակառակ կողմից մոտենալով լուծելը, անսպասելի պահերին անսպասելի մարդկանցից օգնություն ստանալը, որովհետև միշտ էլ լուծում կա՝ գտնել է պետք, կամ թույլ տալ, որ այն գտնի քեզ։

«Երկրի հակառակ կողմը» պետք է կարդալ, որովհետև գրքի մեջ կգտնեք կարևոր հենակետեր ու կհասկանաք՝ ինչից է սկսել «Թավշյա հեղափոխությունը»։ Ով ուզի՝ կգտնի վարչապետի ուժեղ կողմերը, մյուսներն էլ գուցե որոշ թուլություններ գտնեն։  Սա ավելի շատ ոչ թե գիրք-գեղարվեստ է, այլ գիրք-գաղափար, որը կարդում ես՝ փոխված իրավիճակը, և այդ իրավիճակի գլխավոր «մեղավորին» հասկանալու նպատակով, ոչ թե, ասենք, գրական լեզու վայելելու, ժամանակ անցկացնելու համար։ Այս գրքի հետ ավելի շատ աշխատում ես, ինքդ քո մեջ քննարկում, վիճում, երբեմն՝ չհամաձայնում, նոր անցնում առաջ։ Այն ներծծված չէ քաղաքականությամբ, ընթացքում դուք կկարդաք, օրինակ, որոշակի անդրադարձ ֆլամենկոյին, հայկական թթվին, կանանց ու նրանց նկատմամբ վերաբերմունքին, մանկության պատմություններին ու հավատքին։ Եվ իհարկե, գրքում կարևոր տեղ ունի համեղ ուտելիքը, հատկապես՝ խորովածն ու լավ խմիչքը։ «Ուտող-խմող» գիրք է՝ թիրախավորված կարևոր կետերով։

Որպես վերջաբան էլ՝ գրքից մի հատված, ձեզ էլ մնում է կարդալ ամբողջականը.

Զզվում եմ այս բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետև այն պոռնկուհու նման գայթակղում է մեզ և մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր  հայրենիքից, մեզ դարձնում վեհապանծ։
Ես չեմ տրվի այդ  գայթակղությանը, ես կտրվեմ հայրենիքի զնդաններին, բայց երբեք լոզանյան հանգստության սեփականությունը չեմ դառնա
․․․

-Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում, ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ․․․
Ես կտրվեմ իմ երազած, մեր երազած Հայաստանի կերտմանը։ Հանուն այդ Հայաստանի, կպայքարեմ մինչև վե՛րջ։
Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի  Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։

Սյունե Սևադա 

Լուսանկարը՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register