ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

9453

– Բա աղջկադ ե՞րբ ես մարդու տալու,- խիստ հետաքրքրված դեմքով մորս հարցնում է հերթական ծանոթը՝ անտեսելով ներկայությունս ու զարմացած հայացքս։ Ասում է այնպիսի տոնայնությամբ, ասես ես թթվասերով տարա եմ, ու շուտով ժամկետս կանցնի։ Էլ չեմ խոսում «մարդու տալ» արտահայտության մասին, որից պարզ է դառնում, որ ես մարդ չեմ, հետո էլ՝ ինձ պետք է ինչ-որ մեկին տալ, իրի նման, ուսերիցս հավաքել ու դնել ինչ-որ մեկի տան մեջտեղում։

Պարզվում է՝ երջանիկ լինելու համար սահմանված տարիք կա։ Եթե մինչև որոշակի տարիք անձնական կյանքդ չես դասավորել, ուրեմն արդեն ուշ է։ «Գոնե մեկը լինի, գա քեզ ուզի»,- հաճախ գլուխները տմբտմբացնելով ասում են այն ընտանիքի անդամները, որտեղ, ասենք, քսանհինգից բարձր իգական սեռի ներկայացուցիչ կա։ Քսանհինգը՝ լավագույն դեպքում, նման խոսակցություններ որոշ տներում սկսում են չափահասությունը հատելուց անդին։

Հասարակությունը փորձում է որոշակի կաղապարներ ստեղծել՝ երջանիկ լինելու համար, սահմանել նորմատիվներ, օրենքներ, չափագրումներ անել ու  դատապարտել քեզ դժբախտության՝ եթե տվյալ սահմաններում չես տեղավորվում։

Փորձեցի իրականության հետքը բռնել։ Ընտրեցի մի քանի կանանց, որոնք սովորաբար խիստ հետաքրքրված են այս կամ այն  աղջկան (հետաքրքիր է, տղամարդկանց շատ չեն ճնշում այս հարցով, չնայած՝ արդեն սկսել են) ամուսնացնելու հարցով, և տվեցի պարզ պատասխան․ կուզեի՞ք, որ Ձեր, կամ ծանոթի աղջիկն ունենար այնպիսի ընտանիք ու ամուսին, ինչպիսին Ձերն է։ Ժպիտը սառում է դեմքներին։ Սկսում են կմկմալ։ Մեկն ասաց՝ «Դե, ամեն մարդ իր ճակատագիրն ունի, մինչև չամուսնանաս, չես իմանա՝ ինչ կլինի։ Բայց ամուսնանալ պետք է, չէ՞»։Չէ։ Պետք չէ։ Պետք չէ՝ եթե չես ուզում։

Ամռանը շատանում են ամուսնացող զույգերը, եղանակը նպատակահարմար է՝ տոնակատարություն կազմակերպելու համար, և այս հարցը կրկին առաջնային է դառնում։ Աղջիկներին սկսում է թվալ, որ եթե այս կամ այն տարիքում արդեն իսկ լուրջ հարաբերություններ չես ունեցել, ուրեմն մի բանով թերի ես, հետ ես ընկել ուրիշներից: Մի կողմից անընդհատ ներշնչում են տվյալ սահմանափակումները, մյուսից էլ դանդաղ ու հաստատուն քո մեջ տեղավորում մենակ մնալու վախը ու համոզմունքը, թե երջանկության համար երկրորդ մարդ է պետք։

Մինչդեռ երջանկության համար միայն մեկ բան է պետք՝ սեփական որոշում։

Սեփական, և ոչ թե ուրիշի որոշում, որը քեզ են ներշնչել իբրև սեփական։ Ժամանակն է, որ երիտասարդները սովորեն ասել՝ գիտեք, ես եմ կյանքիս տերը, կամուսնանամ այն ժամանակ, երբ ինքս կցանկանամ, երբ կհասկանամ, որ գտել եմ համապատասխան կնոջ կամ տղամարդու։ Կամուսնանամ ու երեխաներ կունենամ, երբ հոգեբանորեն պատրաստ կլինեմ նման պատասխանատվության, որովհետև այո, երկուսն էլ պատասխանատու որոշումներ են, ու ես չեմ ցանկանում «ամուսնության մարաթոնի» մի մասը դառնալ, որպեսզի տասը տարի անց ընդունեմ այն դեմքը, որը դուք եք ընդունում, երբ հարցնում եմ՝ կուզեիք ձեր աղջիկը ձեր ընտանիքից ունենար։

Մենք ապրում ենք ինքնախաբեության մեջ՝ չգիտակցելով, որ երջանկությունը որոշում ու հոգեվիճակ է։ Եթե ուզում ես երջանիկ լինել, ոչինչ քեզ չի կարող կանգնեցնել։ Եվ մինչև ինքնուրույն չհասնես երջանկության, ամուր ընտանիք չես կառուցի։ Իսկ գիտակից ու հասուն միությունից գերերջանիկ ընտանիք է ստեղծվում՝ հոգեբանորեն առողջ երեխաներով՝ հարմոնիկ մթնոլորտով տան մեջ։

Երջանկությունն էլ ժամանակավրեպ չի լինում։ Ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ուզում եք։ «Մարդու տալ» առաջարկողներին էլ հիշեցրեք, որ իրենց չվերաբերող գործի մեջ են խառնվել, ավելի լավ է սեփական հարաբերություններն առողջացնեն։ Եվ դադարեք ձեզ վերաբերվել իրի նման, դուք ոչինչ էլ պարտավոր չեք՝ եթե չեք ուզում։

Երջանիկ եղեք։

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register