Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 129-րդն է

1

Սա կատակ չէ, իսկապես, շատերը տեղյակ չեն, բայց մասնագետների անկախ խմբերն ամեն տարի զեկույցներ են հրապարակում, որոնք նվիրված են ոչ այլ ինչին, քան․․․երջանկությանը։ Եվ իրոք, ի՞նչ կա ավելի կարևոր՝ երջանկությունից բացի։ Մասնագետները վստահ են՝ ցանկացած այս կամ այն գործողության վերջնական նպատակը կապված է անհատի՝ ավելի երջանիկ կյանք ունենալու ցանկության հետ։

Զեկույցի սկզբում աշխատանքներով զբաղվող  մասնագետները նշում են, որ գլոբալիզացիայի շնորհիվ  վերջին տարիներին  մարդիկ սկսել են շատ «տեղափոխվել»՝ կյանքն այլ երկրներում կառուցելով, ինչի առաջնային նպատակն ավելի երջանիկ կյանք ունենալն է։ Մասնագետները փորձել են հասկանալ՝ արդյո՞ք  գլոբալիզացիան նպաստել է մարդկանց երջանկությանը, և  ի՞նչ պատկեր է հիմա։ Նրանք ներկայացրել են միգրացիայի հիմնական տեսակներն ու դրանց տոկոսային հարաբերակցությունը: Ինչպես նաև կապը՝  ապրելու երկիրը փոխելու և երջանիկ լինելու մեջ։

Մասնագետները փորձում են որոշակի  չափորոշիչներով հասկանալ՝ ո՞ր երկրի մարդիկ են ավելի երջանիկ, որտե՞ղ է ավելի նպատակահարմար ապրել, հետո իրենց ուսումնասիրություններով ամբողջական զեկույց են կազմում ու հրապարակում։

Ըստ այդմ, զեկույցի առաջին հնգյակում են  Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան ու Շվեյցարիան։ Թուրքիան 74-րդն է, Ադրբեջանը՝ 87-րդը։ Վերջին հորիզոնականներում աֆրիկական պետություններն են։

Իհարկե, չէինք կարող ակնկալել, որ Հայաստանը կարող է լավագույն հնգյակում լինել՝ որքան էլ որ մեր հայրենիքն է ու շատերը հենց Հայաստանում են իրենց ամենաերջանիկը զգում։ Բայց քանի որ երջանկության չափորոշիչներից են տնտեսական-սոցիալական աճը, աշխատաշուկան և այլ դրույթներ՝ պետք է ընդունենք, որ դեռ շատ երկար ու շատ քրտնաջան պետք է աշխատենք՝ երազանքի երկիր ունենալու համար։ Զարմանալի է, որ Ադրբեջանը շատ ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցրել՝ չնայած որ շատ այլ հետազոտություններ ապացուցում են, որ Հայաստանը որոշ ոլորտներում Ադրբեջանից շատ ավելի լավ դիրքերում է։

Ինչևէ, զեկույցն արդեն հրապարակված է, և 129-րդ տեղում լինելն էլ՝ փաստ է։ Իհարկե, մեզ ոչ մեկը չի կարող խանգարել անձնապես ամենաերջանիկը զգալ մեզ ու համարել, թե հենց առաջին տեղում ենք։ Բայց հուսանք, որ հաջորդ տարվա զեկույցում Հայաստանը կբարելավի իր դիրքերը։ Եվ երջանիկ լինելը կլինի ոչ միայն զգացողություն, այն էլ՝ անձնական, այլ բնութագրիչ գիծ կլինի մեր երկրի համար, քանի որ կունենանք աճող տնտեսություն, ցածր շեմով աղքատություն, շատ աշխատատեղեր, դիավանագիտական լավ կապեր աշխարհի հետ,  մրցակցային մշակույթ և այլն։ Սրա համար դեռ ժամանակ կպահանջվի, հիմա մնում է ուրախանալ, որ չենք ծնվել աֆրիկական որևէ երկրում։

Ամբողջական զեկույցին ու զեկույցի բոլոր մանրամասներին  կարող եք ծանոթանալ այստեղ։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register