«ԵՐԵՔ  ՁՈւԿ» ԻԼՅՈւՍՏՐԱՑԻՈՆ ՆԱՎՈւՄ՝  ՉՀԱՇՎԱԾ ՉՈՐՐՈՐԴԸ

4

  Իլյուստրատոր Ագաթա Բադալյանին տարատեսակ մասնագիտություններ են վերագրում․ էլ նկարիչ, էլ մուլտիպլիկատոր, բայց ինքը մասնագիտության հարցում վստահ է՝ իլյուստատոր է, և վերջ, չնայած այլ ուղղություններով նույնչափ սիրում ու հետաքրքրվում է։

Մասնագիտության ոդիսականը երկար է ձգվում՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից մինչև Մաշտոցի համալսարան։ Ի վերջո, մանկությունից իր հետ մեծացած սերը գլուխ բարձրացրեց, ու հիմա աշխատում է սիրելի մասնագիտությամբ։ Բացի սրանից Ագաթան իր ընկերների՝ Իրինայի, Լիանայի, Հասմիկի հետ ստեղծեցին «Երեք ձուկը»,  բառի երկու իմաստներով էլ՝ ընկերություն, որը սկսեց ստեղծել շատ յուրօրինակ իլյուստրացիաներ։ Ընկերության ուշադիր  ու բարեխիղճ աշխատանքի՝ Ագաթայի ու Հասմիկի հրաշագործ ձեռքերի, Իրինայի՝ աշխատանքն արագ ու որակյալ համակարգելու, Լիանայի՝ կարելու տաղանդի  շնորհիվ մարդիկ վերափոխվում են  իսկական մուլտհերոսների, հետո էլ հայտնվում են բաժակների, հագուստների կամ հեռախոսների պատյանների վրա։ Մինչ սա, «Երեք ձուկը» փորձել է զբաղվել կոմիքսների հրատարակությամբ, անգամ եղել է «կոմիքս ֆեսթի» կազմակերպիչ։ Վերջերս էլ սկսեցին թողարկվել աղջիկների հեղինակած կպչունները՝ «սթիքերները»՝ արդեն սիրելի դարձած Ֆրիդա Կալոյի և մորուքավոր տղամարդկանց իլյուստրացիաներով, շարքը շարունակական կլինի։

5

Իսկ «Երեք ձուկը»  ստեղծման հետաքրքիր պատմություն ունի, Ագաթան պատմում է․«Ամենասկզբում մենք զբաղվել ենք  կոմիքսներով։ 2005 թվականին ես, Իրինան ու Լիանան մտածեցինք ու հասկացանք, որ երեխաների համար չկան թեմատիկ պարբերականներ, և որոշեցինք ամսագիր ստեղծել՝ մանգա-կոմիքսներով։ Անցավ բավական երկար ժամանակ, 2007 թվականին իրագործեցինք մեր միտքը, հենց այդ ժամանակ էլ ստեղծեցինք մեր՝ «Երեք ձուկ» ընկերությունը, չնայած հետագայում մեզ միացավ մեր չորրորդ «ձուկը»՝ Հասմիկը։ Մանգայի ոճում կոմիքսներ սկսեցինք տպագրել, ցավոք  այն երկար կյանք չունեցավ, որովհետև հասկացանք, որ պահանջարկ չկա, իսկ սեփական ֆինանսավորմամբ  հնարավոր չէր երկար դիմանալ, քանի որ կոմիքսները հրատարակիչներին հետաքրքիր չէին, ամեն ինչ ինքներս էինք կազմակերպում»։

Իսկ այսօրվա գործունեությունը պատահաբար է սկսվել․ «Դե, ես հաճախ եմ նկարում իմ ընկերներին, անգամ անծանոթներին, որոնց դիմագծերն ուղղակի հետաքրքրել են։ Առհասարակ, շատ իլյուստրատորներ ունեն առավոտյան սուրճի հետ  ինչ-որ բան «խզբզելու» սովորություն, ես էլ բացառություն չեմ։ Իրինային նկարեցի, հետո այդ իլյուստրացիան մի ծրագրով տեղադրեցի հեռախոսի պատյանի վրա, նկարը հրապարակեցի ֆեյսբուքյան  էջումս  և գրեցի՝ ո՞վ կուզի։ Շատերն արձագանքեցին, որ կուզեն ու հավանել են։ Այստեղից էլ միտքը ծնվեց, «ձկներով» հավաքվեցինք ու սկսեցինք գործել»։

Իլյուստրատորը նշում է՝ սիրով  նկարելը պարտադիր է, չեն փորձում իրենց  սահմանափակել կամ ստիպողաբար որևէ բան նկարել, հավանաբար հենց դրա համար էլ բոլոր նկարները արագ սիրվում են ու գտնում իրենց տերերին։ Վերջերս շատ սիրվեց նաև Բրունո Մարսի  իլյուստրացիան, նաև ունեն Քանյե Վեսթի դիմանկար-իլյուստրացիայով  շապիկներ, բաժակներ ու հեռախոսի պատյաններ։ Բացի սրանից, կան  նաև «պերսոնալիզացված» նկարներ։ Հատուկ պատվերներն ու «անվանական» իլյուստրացիաները մասսայական օգտագործման դուրս չեն գալիս՝ այսպիսով դառնալով օրիգինալ ու չկրկնվող նվեր։

6

«Իլյուստրատոր  լինելու համար մասնագետը պետք է աշխատանք ունենա։ Իսկ  «իրական» աշխատանքը նկարչությամբ զբաղվելու պատվերներն են՝ գիրք, խաղ, ամսագրեր և այլն։ Եթե չկա գործատու, ապա մարդը չի կարող միայն «միֆական» մասնագիտություն  կրել։ Հայաստանում կան շատ հետաքրքիր իլյուստրատորներ, նրանց մեծամասնությունը հիմնականում զբաղվում է մանկական գրքերի նկարազարդումներով։ Բայց մենք քիչ ենք, պահանջարկ չլինելու պատճառով նաև։ Հետո, շատերին չեն հետաքրքրում հեղինակային իլյուստրացիաները, նախընտրում են օգտվել «անդեմ» շաբլոններից, որպեսզի գումար խնայեն։ Բայց ես վստահ եմ, որ  ոլորտը գնալով զարգանալու է,  գուցե ավելի ուշ, մեր երիտասարդությունը նույնպես կվարակվի կոմիքսներով, ու իլյուստրատորի մասնագիտությունը շատ պահանջված կլինի»,- մեր զրույցը լավատեսական դիտարկմամբ ու ժպիտով  ավարտեց Ագաթան։

Սյունե Սևադա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register