ՉԼ. ԵՐԵՔ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԴԻՄԱԿԱՅՈւԹՅՈւՆ՝ 1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉՈւՄ

4

Դեկտեմբերի 11-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարի հաջորդ փուլը որոշակիացավ՝ ընդամենը 30 րոպեում: Խմբային փուլից հետո արդեն կազմվել էին զամբյուղները` խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ակումբներով: Սակայն կային որոշ կարևոր սահմանափակումներ. 1/8 եզրափակիչ փուլում չէին կարող մրցել նույն երկիրը ներկայացնող ակումբները, ինչպես նաև չէին կարող հանդիպել խմբային փուլում նույն խմբից դուրս եկած ակումբները:

Օրինակ, այս սահմանափակումները հաշվի առնելով` «Չելսին» կարող էր հանդիպել միայն «ՊՍԺ»-ին, «Բարսելոնային» կամ «Բեշիկթաշին», քանի որ այս տարի Անգլիան ներկայացնող 5 ակումբներից` 4-ն առաջին տեղում էին, իսկ «Չելսին» իր խմբում` երկրորդ: Վիճակահանությանը մասնակցում էր իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ Չավի Ալոնսոն, ով վերջերս է ավարտել մարզական կարիերան: Նրա նախկին երեք ակումբները` «Բավարիան», «Ռեալը» և «Լիվերպուլը» դուրս էին եկել 1/8 եզրափակիչ: Ընդ որում, «Լիվերպուլը» կարող էր հանդիպել թե՛ «Բավարիային», թե՛ «Ռեալին»: Հենց առաջին զույգը տպավորիչ ստացվեց. Իտալիայի չեմպիոն և անցած մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Յուվենտուսին» բաժին հասավ անգլիական աճող գրանդ «Տոտենհեմը»:

Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն է «Սևիլիան»: Այնուամենայնիվ, շատ կասկածելի է, որ Մխիթարյանը այդ խաղերին կմասնակցի: Նա «Յունայթեդի» վերջին 7 խաղերից` 6-ում նույնիսկ թիմի հայտացուցակում չի ընդգրկվել, թեև վնասվածք կամ որակազրկում չունի: Այնպես որ շատ են խոսակցությունները հունվարին Մխիթարյանի` այլ ակումբ հնարավոր տրանսֆերի մասին:

Հաջորդ սուպեր մրցամարտերը կայանալու են Մադրիդում և Փարիզում: H խմբում առաջին հորիզոնականը «Տոտենհեմին» զիջելուց հետո գործող չեմպիոն «Ռեալին» բաժին հասավ «ՊՍԺ»-ն: Ֆրանսիական գրանդը խմբային փուլի 6 խաղում անհավանական, ռեկորդային 25 գնդակ խփեց ու «Բավարիայի» հետ ծանր պայքարում առաջին տեղը զբաղեցրեց` ավելի թույլ մրցակցի ակնկալիքով: Սակայն ամեն ինչ հակառակը դուրս եկավ… «Բավարիային» բաժին հասավ առաջին զամբյուղում գտնվող ամենահարմար մրցակիցը` «Բեշիկթաշը»: Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնային» բաժին հասավ «Չելսին», որը «մահվան» խմբում («Ռոմա», «Չելսի», «Ատլետիկո», «Ղարաբաղ») զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: 21-րդ դարում «Չելսին» և «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում, կարելի է ասել, սկզբունքային մրցակիցներ են դարձել: Ակումբները հանդիպել են 2004-2005, 2005-2006, 2006-2007, 2008-2009 և 2011-2012 թթ. մրցաշրջաններում: Հաշիվը գրեթե հավասար է:

DQwwDVJUIAA8h_v

Վերջին անգամ 2012 թվականին կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնային» հաղթելուց հետո «Չելիսն» իր պատմության մեջ առաջին և վերջին անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը` եզրափակիչում առավելության հասնելով «Բավարիայի» նկատմամբ: Պատկերացնելու համար, թե որքան անհարմար մրցակից է «Չելսին» «Բարսելոնայի» համար, բավական է ծանոթանալ այս վիճակագրությանը. Մեսսին «Չելսիի» դեմ անցկացրած 8 խաղում 29 հարված է կատարել և չի կարողացել գոլի հեղինակ դառնալ, ինչը նրա կարիերայի ամենավատ ցուցանիշն է: Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը:

Առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 13-ին և 14-ին, պատասխան խաղերը` մարտի 6-ին և մարտի 7-ին: Եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: «Յուվենտուս»(Իտալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել»(Շվեյցարիա) -«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա) – «Լիվերպուլ» (Անգլիա), «Սևիլիա»(Իսպանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ»(Իսպանիա) – «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Շախտյոր» (Ուկրաինա) -«Ռոմա»(Իտալիա), «Չելսի» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա»(Գերմանիա) – «Բեշիկթաշ»(Թուրքիա):

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register