ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԷԼԵԿՏՐԻԿԸ

elektrik

Ինչպես ասում են գործի գիտակ վաճառականները՝ հունվարը «մեռած» ամիս է: Ամանորյա ճոխ սեղաններից ու մարաթոնյան  խրախճանքից հետո, բարոմետրի համարում ունեցող առևտրականների դիտարկմամբ՝ առևտուրը և շրջանառվող գումարները կտրուկ նվազում են: Աշխատավարձով ապրող մարդկանց գրպանները տոներից հետո սովորաբար կիսադատարկ են լինում: Իսկ մինչ այդ անողոքաբար, թիկունքից սողոսկելով, «դաշույնի» հարված են հասցնում  նաև կոմունալ ծախսերը:

Ձմռան ամիսներին կլանած  ջերմության համար անհրաժեշտ է լինում վճարել հունվարի երկրորդ կեսին: Սպառած հոսանքի կամ գազի քանակի մասին տեղեկությունն իր անսպասելիությամբ մարդկանց միկրոինֆարկտային վիճակի է հասցնում: Գումարի բացակայության դեպքում մեկնարկում է բնակիչ-տեսուչ բանակցությունների ( միմյանց չմեղադրելու, երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը հարցականի տակ չդնելու) փուլը:

Այժմ հարցին նայենք պայմանագրային դիտանկյունից՝  փորձելով հասկանալ ձմեռային ամիսներին կոմունալ վճարներից ամենածախսատարի՝ գազի և էլեկտրական հոսանքի վճարման կարգը և հնարավոր հետևանքները՝ չվճարելու դեպքում: Հայաստանում գազի հիմնական մատակարարը՝ «Գազպրոմ Արմենիան» յուրաքանչյուր ամսվա 10-ին հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ՝ ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00 -ից  23:00-ն  ընկած  ժամանակահատվածում, հայտարարում  է նախորդ  հաշվարկային ամսում բնակիչ բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի  մասին տեղեկատվությունը տեղադրելու ժամկետի (օրվա) մասին:

Մինչև յուրաքանչյուր  ամսվա  15-ը Հայաստանի  Հանրապետությունում  գործող  բանկերի,  փոստային  բաժանմունքների  համապատասխան  սպասարկման  կետերում  տեղադրվում  է տեղեկատվություն`  նախորդ  հաշվարկային  ամսում  բնակիչ -բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին: Բնակիչ-բաժանորդը  նախորդ  հաշվարկային  ամսում  մատակարարված  գազի արժեքի համար կատարում է վճարում ԳՄՕԿ- ով սահմանված կարգով և ժամկետներում՝ մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո՝ 7 օրվա ընթացքում:

Սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի  դադարեցնել  բնակիչ-բաժանորդի  գազամատակարարումը՝  առնվազն  3  օր  առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Էլեկտրաէներգիայի մատակարարման դեպքում ևս գործում է տեղեկացման նմանատիպ համակարգ, միայն թե բանկերում և փոստերում սպառած հոսանքի մասին տեղեկությունը հայտնվում է արդեն յուրաքանչյուր ամսվա 10-ին: Մեկ շաբաթվա ընթացքում բաժանորդը պետք է կատարի վճարումը, այլապես մատակարարը կարող է 3 օրվա ընթացքում դադարեցնել էլեկտրամատակարարումը: Այնուամենայնիվ, թե՛ «Գազպրոմ Արմենիայի», թե՛ ՀԷՑ-ի հետ հնարավոր է որոշակիորեն պայմանավորվել:

Պարտքի առկայության դեպքում հնարավոր է խուսափել մատակարարման դադարեցումից, եթե սպառողը ներկայացնի մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմի պարտքի մարման ժամանակացույց:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register