ԷՄՈՑԻՈՆԱԼ ՈՉ ՀԱՍՈւՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

2

 Ո՞վ է դառնում ծնող: Նա, ով երեխանե՞ր է ունենում: Բավարա՞ր է արդյոք երեխաների առկայությունը ծնող դառնալու համար: Ֆիզիկապես և իրավաբանորեն՝ այո՛:

Մենք ծնողներ ենք դառնում այն ժամանակ, երբ երեխաներ ենք ունենում: Բայց հոգեբանորեն ծնող դառնալու համար կարևոր է ոչ միայն սովորել որոշում կայացնել, պատասխանատվություն ստանձնել նոր կյանքի համար, այլև հենարան դառնալ երեխայի համար՝ ֆիզիկապես, ֆինանսապես և հուզականորեն:

Էմոցիոնալ հասուն ծնողները նրանք են, որոնք հասկանում են, որ որպեսզի երեխան առողջ մեծանա ու զարգանա, առաջին հերթին պետք է նորմալ մանկություն ունենա:

Նորմալ մանկությունը նշանակում է ունենալ հնարավորություն հենվելու որևէ մեծահասակի վրա, վստահել նրան, իրեն զգալ հասկացված, լսված, սիրված և հաջողակ իր «մանկական» գործերում: Դա անհոգություն և ուրախություն է, աշխարհը ճանաչելու մեծ ցանկություն՝ լի հեքիաթներով, պատմություններով ու հրաշքներով:

Հավատը, որ իր ծնողներն ամենալավն են, ամենախելացին, ամենասիրողը, ամենաուժեղը, ամենակարողը՝ առողջ կախվածություն է և առողջ իդեալականացում: Դա զգացողություն է՝ «ես ամենալավն եմ, ամենասիրվածը: Ես գլուխ կհանեմ: Իսկ եթե գլուխ չհանեմ, ինձ կօգնեն ու կաջակցեն: Ինձ կսովորեցնեն ինչպես գլուխ հանել: Եվ ես կդառնամ նույնքան հաջողակ ու ինքնավստահ, որքան իմ ծնողներն են»:

Երեխան ընդօրինակելի հասունություն է ունենում այն ժամանակ, երբ տեսնում է ընդօրինակելի մեծահասակների, երբ սովորում է հենվել ծնողներին, հետո ինքն իր վրա, երբ սովորում է ճանաչել ինքն իրեն ու աշխարհը՝ լսելով մեծահասակների հետաքրիքր պատմությունները, տեսնելով՝ ինչպես են մեծահասակները գլուխ հանում «մեծական» կյանքում: Այս դեպքում երեխան ցանկացած տարիք կընդունի ոչ թե որպես մարտահրավեր՝ անլուծելի խնդիրներով, այլ հնարավորություն՝ ապրելու ու ճանաչելու կյանքն իր բոլոր հետաքրքրություններով:

Եթե ծնողներն իրենց երեխաներին ավելի հաճախ քննադատել, նախատել, արհամարհել, պատժել են, ապա հետագայում դժվար թե երեխաները հոգատարություն, հարգանք ու սեր դրսևորեն իրենց ծնողների նկատմամբ:

Բայց որպեսզի ծնողները կարողանան այս ամենը տալ իրենց երեխաներին, նրանք պետք է ինչ-որ տեղից ստացած լինեն դրանք: Ի՞նչ անել, եթե մեծահասակները չեն ստացել սեր ու հոգատարություն իրենց ծնողներին:

Էմոցիոնալ ոչ հասուն ծնողներ

Տեսակ 1. «Արագ մեծացիր»

Բազմաթիվ ոչ հասուն ծնողներ երեխայի ծննդից անմիջապես հետո հոգնում են երեխայի պատասխանատվությունից (իսկ իրականում պարզապես պատրաստ չեն լինում երեխա ունենալու) և ցանկանում են, որ իրենց երեխան որքան հնարավոր է՝ շուտ մեծանա:

Էմոցիոնալ ոչ հասուն ծնողները մեծ հաջողությամբ մանիպուլյացիայի են ենթարկում երեխաներին. երբ երեխան ուզում է հոր հետ ձկնորսության գնալ, հեծանիվ քշել եղբոր հետ, մինչև ուշ երեկույթի մնալ, ապա իրենց երեխան «դեռ փոքր է», բայց երբ 3-ամյա փոքրիկը պետք է խնամի նորածին քրոջը, հավաքի նրա խաղալիքները, ապա նա «արդեն մեծ է»:

Այսպիսի ծնողը վստահ է, որ եթե երեխա է ծնվել ընտանիքում, ապա նրա առաջադրանքն է՝ նվազագույնը չխանգարել, ոտքի տակ չընկնել, չբարդացնել իրենց կյանքը: Առավելագույն առաջադրանքն է՝ բավարարել ծնողների էմոցիոնալ պահանջները: Հենց այսպիսի ծնողներին հնարավոր չէ երբևէ թողնել՝ երկու պատճառով.

Նախ՝ անգամ մեծ տարիքում երեխան կմնա այսպիսի ծնողների կողքին՝ ենթագիտակցորեն մտածելով, որ մի քիչ էլ օգնի մորը գլուխ հանել ինչ-որ խնդրից, մայրը կմեծանա ու կտա իրեն այն, ինչ չի տվել փոքր տարիքում: Մի քիչ էլ, ու մայրը հոգ կտանի, կպաշտպանի, կհասկանա ու կընդունի իրեն: Բնականաբար, քանի դեռ ինքը մոր կողքին է, մայրը որևէ պատճառ չունի մեծանալու և սովորելու տալ երեխային այն ամենն, ինչ անհրաժեշտ է նրան:

Երկրորդ. երբ մայրն իր երեխայի համար ավելի շատ դուստր է դառնում, քան մայր, ապա երեխան, տարիքից շուտ իր վրա նման պատասխանատվություն վերցնելով, չի կարողանա թողնել իր «մայր-դստերը». դեռ փոքր հասակից ձևավորված մեղքի զգացումը երեխային երբեք հանգիստ չի տա:

3

Տեսակ 2. «Ես ամեն ինչ քեզ համար եմ անում»

Այս տիպի ծնողները չափազանց մեծ ուշադրություն են դրսևորում երեխայի նկատմամբ՝ տալով նրան այն ամենն, ինչից իրենք զրկված են եղել փոքր տարիքում: Չկարողանալով գլուխ հանել իրենց սեփական մանկական տրավմաներից և խնդիրներից՝ այս ծնողներն իրենց երեխաների մեջ տեսնում են ոչ թե անհատականություն, այլ իրենց՝ տառապող, անդադար ինչ-որ բանի կարիք ունեցող  մեկին:

Այսպիսի մայրերը սովորաբար շատ լավ «գիտեն», թե ինչ է իրենց երեխային պետք. նրանց ներսի «փոքրիկը» շատ լավ հիշում է, թե ինչից է զրկված եղել: Արդյունքում մայրերը հաճախ զոհում են իրենց ժամանակն ու ցանկությունները՝ փորձելով իրենց  երեխայի համար ամենալավ ծնողը լինել: Բայց նրա իրական երեխաները հաճախ դժգոհ են մնում՝ միշտ ինչ-որ բան պահանջելով նրանից: Այս ժամանակ է, որ ծնողները հաճախ բռնկվում են՝ երեխաներին մեղադրելով անշնորհակալ լինելու մեջ:

Անգամ մեծ տարիքում այսպիսի երեխաներն ամուր կապերով կապված են լինում ծնողներից, քանի որ միայն նրանց ներկայությամբ են ազատվում վախերից ու անհանգստություններից, քանի որ նրանց անձնական փորձում «ես ինքս եմ հաղթահարել» օրինակները շատ քիչ են:

Տեսակ 3. «Դու պարտք ես ինձ»

Այս տիպին պատկանում են այն ծնողները, որոնք սովորաբար վաղ տարիքում զրկվել են ծնողական խնամիքից, մեծացել են մանկատանը, օտար կամ անապահով ընտանիքում՝ հոգեբանորեն ամենևին պատրաստ չլինելով երեխաներ ունենալ, բայց որոնք արդեն ծնունդ են տվել երեխաներին:

Այսպիսի ծնողը հեշտությամբ և առանց կասկածի «կզիջի» իր պարտականություններն ուրիշին՝ ավելի հաճախ ավագ երեխային, երբ վերջինս փոքր-ինչ մեծանա: Երեխաները ստանում են խիստ հրահանգներ՝ ծառայել իրենց ծնողներին: Նրանց բոլոր ջանքերը՝ ունենալ սեփական կարծիք, ընկալվում են որպես եսասիրության, անշնորհակալության դրսևորում:

Այսպիսի ծնողները չեն պաշտպանում իրենց երեխաներին ո՛չ նվաստացումներից, ո՛չ հարձակումներից: Երեխան միշտ կհարմարվի որևէ համակարգի՝ դպրոցի, մանկապարտեզի, հարազատների, կրոնական միջավայրին՝ ցանկացած կոնֆլիկտի դեպքում միշտ ընդունելով համակարգի կողմը:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register