ԵԱՏՄ-Ն ԵՎ ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆԸ

eat

Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: 2015 թվականի հունվարից Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ միևնույն տնտեսական կառույցում է:ԵԱՏՄ-ին անդամակցման գործընթացն, ըստ էության մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած մաքսային միությանն  անդամակցելու պատրաստակամության մասին: Այս հայտարարությունը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներում բուռն քննարկումների տեղիք տվեց: Հայաստանը կտրուկ փոխեց տնտեսական քաղաքականության վեկտորը, որը մինչ այդ  եվրոպական ուղղվածություն ուներ:

Եվրոպական միության և Հայաստանի միջև երկարատև աշխատանք էր տարվել, որպեսզի Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրն ու ազատ առևտրի մասին փաստաթուղթը: Աշխարհաքաղաքական վերադասավորումները Հայաստանին ընտրության առջև կանգնեցրին: Պետք էր ընտրել ճամբարներից մեկը  և Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին:

«Ճամփորդը» փորձել է տնտեսագետների օգնությամբ պարզել, թե այս 2 տարվա ընթացքում Հայաստանն ինչ շոշափելի ձեռքբերումներ կամ կորուստներ է ունեցել՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Տնտեսագիտության դոկտոր, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի(ՄԱՀՀԻ) փորձագետ Աշոտ Եղիազարյանն այն համոզմանն է, որ Հայաստանը սխալ է գործել՝ հրաժարվելով ասոցացման պայմանագրից.

«Եթե որևէ մեկը գիտի, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ, թող ասի: Մեր երկրի ինքնիշխանությունը սահմանափակվել է, իսկ այդպիսի պայմաններում ձեռքբերումներ ունենալն անասելի  դժվար է: Նախ անհրաժեշտ է նկատել, որ ԵԱՏՄ-ն ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է: ԱՊՀ տարածքում փորձ է արվում ստեղծել ԽՍՀՄ նոր մոդել: Հայաստանը կարող էր հսկայական ռեսուրսներ ստանալ՝ ստորագրելով ասոցացման պայմանագիրը: Տեսեք, թե ինչ առավելություններ են ստացել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան: Իսկ մեզ մոտ փաստն այն է, որ անընդհատ վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքական սահմանափակումներ կան, ցածր է Իրանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ թե՛ Եվրասիական տնտեսական միությունից, թե՛ ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն): Այս կառույցները վտանգում են մեր ինքնիշխանությունը»:

Տնտեսագետ, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ դեռ վաղ է ԵԱՏՄ-ի գործունեության վերաբերյալ գնահատական տալը .

«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տեղի ունեցավ աշխարհաքաղաքական բավական բարդ ժամանակահատվածում: ԵԱՏՄ-ի հիմնական նախաձեռնող Ռուսաստանը, պատերազմական, լարված իրավիճակում հայտնվեց, ենթարկվեց տնտեսական պատժամիջոցների: Դրանք չէին կարող մեզ վրա իրենց բացասական ազդեցությունը չունենալ: Այս ամենը հաշվի առնելով՝ բնական է, որ 2 տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ լինել չէին կարող: Այնուհանդերձ, կարծում եմ, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի նման փոքր երկրին կարող է մեծ առավելություն տալ տնտեսական շուկայում: Արտահանման ծավալները 2016-ի առաջին 11 ամիսների ընթացքում երկնիշ աճ են գրանցել: Աճի մի մասը  պայմանավորված է դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների մեծացմամբ: Բնական է, որ մինչ ԵԱՏՄ-ին միանալը,շատերը դրանից ավելի մեծ սպասելիքներ ունեին: Բայց դրանց չարդարանալը հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված: Ինքս լավատեսորեն եմ տրամադրված և սպասում եմ, որ այս տարի վերջապես սառույցը կկոտրվի: Հարկ է նշել, որ ինտեգրացիոն գործընթացները կարճաժամկետ պրոցեսներ չեն: Դրանց ներուժը կամ արդյունքը գնահատելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Այս դեպքում՝ գոնե 5 տարի պետք է, որ միությունը կայանա»:

 

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register