ՁՄԵՌՆ՝  ԱՄՌԱՆ «ՇՈՐԵՐՈՎ»

tatik

Կամակոր արևը շարունակում է համառել՝ այդպես էլ չպատրաստվելով դուրս գալ «մարդամեջ»: Այն ասես մնացած լինի 2016-ի երևանյան օրացույցում: Անտրամադիր և ցրտից սրթսրթացող քաղաքացիները հարկադրված սկսել են իրենց «արևներին» փնտրել բազմաբնակարան շենքերի տարածքում, իրենց տներում՝ կուչ գալով  տարատեսակ վառարանների ու ջեռուցիչների շուրջ:

Ձմռան համար գնած սոխերի բարակ կեղևները  այս անգամ ևս «ուխտադրուժ» գտնվեցին: «Սոխային հաշվարկը» կրկին սխալ դուրս եկավ: Տանը միացված, «քափ ու քրտինք» ռեժիմով աշխատող ջեռուցիչների և վառարանների անզորությունից կատաղած՝ մարդիկ փափագում են ցրտաշունչ ձմռան մոտալուտ «վախճանը»: Բայց մինչ այդ երանելի օրը, ձմռան երկրորդ ամսի միջնամասում տեղեկանալով  ծախսած էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց վճարելիք գումարների չափի մասին՝ մարդիկ շանթահար, իսկ  կարճ ժամանակահատվածում մասշտաբային գրոհի ենթարկված  ընտանեկան բյուջեն էլ անորոշ ժամանակով կաթվածահար են լինում: Հենց այստեղ էլ վերստին ծագում է հայերի կյանքի անբաժանելի մասը դարձած, ավանդական՝ «Ինչ անել» հարցը:

Ժողովրդական իմաստնությունը հուշում է՝ սեփական տարբերակը չունենալու դեպքում ականջալուր լինել աշխարհում գործող խելամիտ փորձին:  Դե ինչ, ինչպես ասում են՝ փորձը՝ փորձանք չէ: Պարզվում է, որ արևմտյան երկրներից շատերում, օրինակ Հոլանդիայում, կոմունալների վճարման այլ կարգ է գործում: Իր քաղաքացիների նյարդերի մասին այդքան հոգ տանող եվրոպական համակարգը հնարել է ոչ շատ խորամանկ ծրագիր, ըստ որի գազի կամ հոսանքի բաժանորդները 6 ամսվա կտրվածքով վճարում են որևէ ֆիքսված, միջինացված գումար: Հոլանդիայում հաջողությամբ կիրառվող նախագիծը գործում է այսպես՝ գումարի չափը որոշվում է յուրաքանչյուր բաժանորդի «ախորժակով» և 6 ամսից հետո կազմակերպությունը կատարում է հաշվարկ, պարզելու համար ավել կամ պակաս ծախսածի մնացորդը: Այս համակարգի կիրառման շնորհիվ  քաղաքացին ձմռան ամիսներին վճարում է սակավ, իսկ տաք ամիսներին սովորականից ավելի շատ:

«Ճամփորդը» մայրաքաղաքի փողոցներում զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու համար՝ կուզենային արդյոք, որ նման մի նախագիծ էլ գործեր Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե մարդկանց գերակշիռ մասը կողմ պիտի որ լինեին վճարման նման կարգին: Բայց արի ու տես, որ կան նաև ընդդիմախոսներ՝ հստակ հիմնավորումներով: Այնուամենայնիվ, հարցված քաղաքացիների մոտ 70 տոկոսը կողմ կլիներ, որ նման նախագիծ գործեր նաև Հայաստանում: Հարցմանը մասնակցած կանանցից մեկն էլ այնքան էր ոգևորվել հոլանդական նախագծով, որ պատրաստ էր անգամ դրա կյանքի կոչման համար մոմ վառել:

Քաղաքացիներից մեկն էլ պատմեց ամռան և ձմռան ամիսների ընթացքում կոմունալ վճարների ահռելի տարբերության մասին: Պարզվեց, որ տաք ամիսներին նա վճարում է մոտ 20000 դրամ, իսկ ձմռանը՝ 100000-ից ավելին: Քաղաքացին իր իսկ խոստովանությամբ ամեն անգամ հայտնվում է նույն ջարդած տաշտակի առջև՝ չիմանալով, թե ինչի հաշվին տնտեսի գումարը: Իսկ ահա այսօրինակ նախագիծը մեծապես կօգներ նրան:

Դեմ արտահայտվողները հետաքրքիր հիմնավորումներ բերեցին: Երիտասարդ մի աղջկա դիտարկմամբ՝ այդ դեպքում էլ կտրուկ կնվազի ամռանը հանգստանալու ձգտող հայերի թվաքանակը: Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ նման նախագծի իրականցման ընթացքում  կմեծանա փողերի լվացման վտանգը: Հարցման մասնակիցների թվում  առավել շատ էին՝ «Ձմեռը մնում է ձմեռ, մարդիկ գիտեն որ ցուրտ է լինելու և պետք է պատրաստվեն դրան»  ճակատագրապաշտական մոտեցման կողմնակիցները: Նաև կարծիք հնչեց, որ նախագիծը կազդի շատ մարդկանց կյանքի պլանավորման վրա. չէ՞ որ այսօրվա փողն ավելի թանկ է, քան վաղվանը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register