ԴԵՂԻ ՃԱՐ ԱՆԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ

3

Ժամանակ առ  ժամանակ  մեր հասարակությանն  ինչ-ինչ փորձություններ են  պատուհասում, որոնք, ի վերջո, կամ  պատվով հաղթահարում ենք, կամ  էլ նույնքան «պատվով» դրանց ընտելանում: Ավելին, փորձություն  է դառնում   հանրային  նշանակության օրենսդրական  ցանկացած  փոփոխություն:   Օրվա  թեման  դեղերն են, ավելի ճիշտ  դրանց վաճառքի կարգավորման     փորձը, որն առայժմ շարքային քաղաքացուն սպառնում է սահմանափակումների տեսքով: Մարտի 1-ից արդեն առաջին  երեք խումբ  դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսերով, ընդ որում՝ միայն ընդունված   ստանդարտի: Հակաբիոտիկների դեպքում երկու ձեռքով կողմ եմ առանց դեղատոմսի վաճառքի արգելքին, քանի որ գիտենք, թե  ինքնաբուժության  սիրահարներն ինչքան են սիրում տեղի-անտեղի օգտագործել լուրջ սահմանափակումներ  ունեցող  այս  խմբի դեղորայքը:

Հաջորդ խմբում հորմոնալ  պրեպարատներն են, որոնք ևս ինքնագլուխ խմելու չեն, սակայն այստեղ մարդիկ ավելի շատ են  ապավինում մասնագետներին, քան հակաբիոտիկների դեպքում:Այս   բարեփոխման  հեղինակները շտապում են  հասարակությանը վստահեցնել, թե ամեն ինչ արվում է հենց մարդկանց համար, որպեսզի նրանք առողջ ու պաշտպանված լինեն և որ այդպես է արտասահմանում: Իհարկե, արտերկրի պես ապրելու  ձգտումը լավ է,բայց  չգիտես ինչու, մեզ մոտ գրեթե միշտ՝ քայլերը ձեռնարկվում են շղթայի մեջտեղներից:

Ըստ  իս, սկզբի համար երկու  կարևոր գործոն պետք է  հաշվի առնվեր. առողջապահության  որակն  ու  մեր բնակչության գնողունակությունը: Երկուսն էլ տխուր վիճակում են և եթե հաշվի առնենք  նաև մեր ազգային  մենթալիտետը, երբ բժշկի դիմում ենք միայն  կարգին  հիվանդանալիս կամ  վիրահատական  միջամտության շեմին, ապա պարզ է դառնում, որ պոլիկլինիկաներից ակնկալվող դեղատոմսերը լրացուցիչ գլխացավանք են դառնում քաղաքացիների համար:Կամ մարդը  տարիներ շարունակ նույն կլինիկան  կամ նույն  բժշկին է այցելում իր քրոնիկ  խնդրով և օգտագործվող դեղորայքի  համար բնավ կես տարին  մեկ կրկին այցելելու  կարիքը չունի:

Հարցերը շատ են, սակայն ես հասկացա, որ դրանց  պատճառը   ոչ այնքան  փոփոխությունների բովանդակությունն  է,որքան  քաղաքացիների   անտեղյակությունը,մտավախությունը, որոնք միանշանակ  գալիս են    տեղեկատվության, իրազեկման պակասից: Հասկանալի է, որ ռեֆորմները միշտ էլ ցավոտ են լինում, սակայն  այսքան զգայուն  հարցում  հետևանքներն   իսկապես կարող են  հիվանդագին  լինել:

Այս օրերին դեղատները նախաամանորյա սուպերմարկետներ են հիշեցնում. մարդիկ  շտապում են  առնել պետքական ու հավանական պետքական  դեղեր՝ ինչքան  կարողանում են, համենայն  դեպս, փորձելով  առաջիկա  ամիսներին  իրենց ապահովագրել դեղի դեֆիցիտից կամ կրկին  բժշկի այցելելու  և լրացուցիչ ծախսեր անելու պարտադրանքից: Դեղի ճար են  անում հիվանդներն ու նրանց  հարազատները, իսկ հասարակության մի մեծ խումբ  էլ, տագնապին  տրված  ընդհանրապես  դեղապաշար է  հավաքում հնարավոր բոլոր փորձությունների դեմ: Հարկային  տեսուչ պետք չէ լինել հասկանալու   համար, թե շահույթի ոսկե երակի տակ  հայտնված դեղատները  հայավարի ինչքան  ճարպիկ կգտնվեն և տակից-վրայից  գնաճի ինչպիսի թռիչքների  ականատես կլինենք:  Տակից  ծախվող  դեղերի  դեպքում էլ կասկածելի  որակներն  ի հայտ  կգան: Մի խոսքով, ֆարմացևտիկ   հեղափոխությունը  սկսված է, սպասենք ծաղիկներին ու պտուղներին,մինչ այդ շտապենք  դեղատներ՝ գնելու …ինչ պատահի:

Սյունե Սևադա  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register