ԴԱՐՁԻՐ ՈւՍՈւՑԻՉ ՄԱՐԶՈւՄ

teach

Լավ, որակյալ կրթությունն այն բանալին է, որը բացում է անգամ հայաստանյան շուկայում առկա փոքրաթիվ աշխատատեղերի դռները՝  հարյուրավոր դիմորդների շարքում քեզ դարձնելով մրցունակ: Կարիերայի մեկնարկի և աճի համար, թերևս, ոչ մի գործոն այնքան էական նշանակություն չունի, որքան մասնագիտական  և անձնային բարձր որակները, մշտապես ինքնակրթվելու և ավելիին հասնելու ձգտումը:Ցավոք, տարբեր պատճառներով ՀՀ քաղաքացիներից ոչ բոլորն են կարողանում իրենց երեխաների համար ցանկալի կրթություն ապահովել:

Քաղաքային և գյուղական համայնքներում ապրող հարյուրավոր երեխաների համար բարձրագույն կրթությունը շարունակում է երազանք մնալ, մինչդեռ մայր օրենքը սահմանում է՝ ՀՀ-ում յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք: Ի՞նչ ենք անում մենք այսօր, որպեսզի վաղն արդեն կրթություն ստանալը երազանքից վերածվի իրականության:

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագիրն արդեն 3-րդ տարին անընդմեջ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին վերապատրաստում և որպես մանկավարժ աշխատանքի է տեղավորում ՀՀ տարբեր համայնքներում գործող դպրոցներում: Ծրագրի շնորհիվ հատկապես գյուղական համայնքների դպրոցները համալրվում են անհրաժեշտ առարկաների ուսուցիչներով, ինչը մի կողմից բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը, մյուս կողմից՝ երիտասարդ ուսուցչի համար դառնում բարձր վարձատրվող աշխատանք ու որպես առաջնորդ կայանալու հնարավորություն:

Ինչպես  դառնալ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից 

2017  թվականի հունվարի 9-ից «Դասավանդի՛ր, Հայաստանը» հայտարարել է մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին: Այն երիտասարդները, ովքեր  տիրապետում են  հայերենի և ցանկանում են փոխել ոչ միայն  իրենց, այլև  Հայաստանում  ապրող երեխաների կյանքը, անկախ  մասնագիտությունից  և աշխատանքային փորձից կարող են դիմել ծրագրին և դառնալ մասնակից: Ծրագիրը  միտված  է բացահայտելու  երիտասարդների մասնագիտական  և  առաջնորդական  ներուժը՝ միաժամանակ նպաստելով  գյուղական  համայնքների  զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու  համար  հարկավոր  է  մինչև  հունվարի 31-ը  լրացնել հայտադիմումը, որը  հասանելի  է  www.teachforarmenia.org  կայքում: Նախընտրական փուլը հաղթահարելուց հետո դիմորդներն անցնում են 6-շաբաթյա   վերապատրաստման դասընթաց, այնուհետ աշխատանքի անցնում հանրակրթական դպրոցներում: Ծրագիրն արդեն ունի 42 մասնակից՝ Հայաստանի տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն աշխատում է դպրոցում, ակտիվ ներգրավված է համայնքի առօրյայում, մասնակցում է միջոցառումների ու նպաստում է այդ համայնքների զարգացմանը:  Ծրագրի շրջանակներում դասավանդողները ստանում են 205.000 դրամ աշխատավարձ: Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի  5  մարզի 35 գործընկեր  դպրոցում: Ծրագրի մասնակիցներն  աշխատում  են  շուրջ  2500  երեխայի  հետ:«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը  շարունակաբար  համագործակցում  է  նոր  դպրոցների  ու  համայնքների  հետ,  որպեսզի  հասանելի  դառնա Հայաստանի  նույնիսկ  ամենահեռավոր  մարզերում  ապրող յուրաքանչյուր երեխայի: Ծրագրի հիմնադիր և նախագահ  Լարիսա  Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ «Դասավանդի՛ր,  Հայաստանն» ունի՝ գերազանց  կրթությունը  Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար հասանելի դարձնելու երկարաժամկետ  նպատակ:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register