ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

5

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ «Ճամփորդը» փորձել է պարզել  երիտասարդներից շատերի համար ցանկալի ու ամենապահանջված՝ ծրագրավորողի մասնագիտության առանձնահատկությունները՝ փորձելով տեղեկանալ, թե համապատասխան  աշխատանքի համար անհրաժեշտ  գիտելիք որտեղ է հնարավոր ձեռք բերել: Համալսարանական հայտնի ծրագրերից բացի, գոյություն ունեն նաև բազմաթիվ մասնավոր դասընթացներ, որոնցից իր  որդեգրած ռազմավարությամբ առանձնանում է նորաստեղծ «Armenian Code Academy»(aca.am)-ն: Հիմնադիրներից  մեկի՝ Նարեկ Ասլիկյանի հավաստմամբ՝ ACA-ում հավաքվել է խանդավառ ծրագրավորողների մի խումբ, որոնք իրենց  բնագավառում լավագույններից են: Հենց նրանք էլ պատրաստ են իրենց գիտելիքը փոխանցել ցանկացողներին: ACA-ում կա անվճար և վճարովի ուսուցում, ինչպես նաև վարձավճարի որոշ չափի հետվճարում: Ներկա պահին ACA-ում առկա է 7 դասընթաց, սակայն առաջիկայում ևս 3 դասընթաց է ավելանալու: Իսկ արդեն հաջորդ տարի նախատեսվում է առցանց անվճար դասընթացներ անցկացնել շրջանների շնորհալի երիտասարդների հետ, ինչպես նաև մասնաճյուղեր բացել երեք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում:

– Նարեկ, ե՞րբ է հիմնադրվել «Armenian Code Academy»-ն, ովքե՞ր են հիմնադիրները, ո՞րն է գլխավոր նպատակը։

– Նախապատրաստական աշխատանքներն  սկսել ենք  2015 թվականի հունիսից, իսկ բուն դասընթացները  մեկնարկել են հոկտեմբերից: Հիմնադիրը ես և Կարեն Շարաֆյանն ենք: Կարենը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանի շրջանավարտ է, ես էլ գրեթե ողջ կյանքս Ռուսաստանում եմ բնակվել: Աշխատել եմ որպես  «հuman resource manager», այսինքն՝ օգնել եմ, որ մարդիկ աշխատանք գտնեն: «Armenian Code Academy»-ի հիմնական նպատակը ոչ միայն կրթական ծրագիրն է, այլև մարդկանց աշխատանքով ապահովելը, ինչպես նաև ՏՏ ոլորտի շուկայի զարգացմանն օժանդակելը: Ներկա պահին  Հայաստանում գործում են մի շարք կրթական կենտրոններ, որոնք սովորեցնում են և բարի ճանապարհ մաղթում: Մենք փորձում ենք ակտիվ կապ հաստատել սովորողների և գործատուների միջև: Ավելին, կարելի է ասել, մենք գումար չենք աշխատում ուսանողների վարձավճարներից, մեր հիմնական եկամուտը գործընկեր կազմակերպություններից է գալիս, որոնք փնտրում են որակյալ մասնագետներ: Եթե դասընթացի  մասնակիցներն ավարտելուց հետո  աշխատանքի են տեղավորվում մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում, հետ են ստանում վարձավճարի 50 տոկոսը: Ինչպես նաև ամեն խմբում մոտ 20 տոկոսը՝ լավագույն մասնակիցները, լիովին անվճար են սովորում:

– Ի՞նչ դասընթացներ եք անցկացնում: Տևողությունը և վարձավճարը որքա՞ն են կազմում:

– Այս պահին կա յոթ դասընթաց. «Android Development», «Web Development», «iOS Development», «Pyton», «Algorithms», «Java» և «Introduction to Programming»: Վերջին դասընթացը ծրագրավորում չիմացող սկսնակների համար է: Այս դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, մասնակիցներն ընտրվում են մաթեմատիկայի և տրամաբանության քննության արդյունքում:  Մնացածն արդեն մասնագիտական դասընթացներ են և տևում են 4-6 ամիս: Յուրաքանչյուր դասընթացի վարձավճարը տարբեր է: Ամսական 30-45 հազար դրամ:

– Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին: Տեխնիկական կրթություն ունենալը պարտադի՞ր է, և առհասարակ, ո՞վ կարող է դառնալ ծրագրավորող:

– Բոլորն էլ կարող են: Պետք է պարզապես ունենալ ուղեղի ճկունություն, այսինքն՝ տրամաբանություն և դպրոցական մակարդակի մաթեմաթիկական գիտելիքներ: Իհարկե, ցանկալի է, որ դիմողը տեխնիկական կրթություն ունենա, սակայն դա երբևէ պարտադիր պայման չի եղել և չի էլ կարող երաշխավորել, որ ունեցողը կանցնի դասընթացին նախորդող հարցազրույցը: Պետք է աշխատելու, պրպտելու ցանկություն  ևխնդիրները հնարավորինս դժվար ճանապարհով լուծելու ունակություն ունենալ: Ընդհանրապես կապ չունի  ոչ սեռը, ոչ էլ տարիքը, նաև այն՝ թե ինչ աշխատանք են ունեցել նախկինում: Այժմ մեր դասընթացների մասնակիցների 38 տոկոսը իգական սեռի  ներկայացուցիչներ են, ունենք բազմաթիվ տնտեսագետներ, բժիշկներ:

– Դասընթացների համար դիմած մարդկանց ո՞ր մասն է սովորաբար բարեհաջող անցնում հարցազրույցը: Քանի՞ ուսանող է լինում մեկ խմբում: Ո՞ր մասն է ավարտում դասընթացը:

– 100 դիմողից մոտ 27-ն է անցնում սկսնակների համար նախատեսված քննությունը:

Մասնագիտական դասընթացներին դիմած 150-ից՝ հարզացրույցն անցնում են մոտ 15-ը: Սկսնակների ամեն խումբը բաղկացած  է առավելագույնը 20 , իսկ մասնագիտական դասընթացների խմբերը՝ 15 ուսանողից: Այս տասնհինգ մասնակցից մոտ 9-ն են կարողանում ավարտել դասընթացը: Մեզ համար կարևոր է դասընթացներին մասնակցողների մոտիվացիան, մենք իսկապես ցանկանում ենք որակի վրա աշխատել և առաջատար մասնագետներ պատրաստել, որոնք նաև կկարողանան աշխատել մեր գործընկեր կազմակերպություններում, որոնք լավագույնների շարքում են Հայաստանում:

– Ի՞նչ կազմակերպությունների հետ եք գործակցում:

 – «PicsArt», «INOMMA», «WorkFront», «Teamable», «SFL» և մի շարք այլ կազմակերպությունների հետ:

– Եթե դիմորդները համեմատաբար սկսնակ են, ձեր դասընթացներն անցնելուց հետո ի՞նչ որակավորում են ստանում:

– Նախ արժե նկարագրել ծրագրավորման կազմակերպություններում առկա հաստիքային աստիճանակարգը: Հայաստանի համալսարաններն ավարտած ուսանողների մեծ մասը աշխատանքի է անցնում որպես «Intern»(թարգմանաբար՝ պրակտիկանտ,-խմբ,), այսինքն նվազագույն (50-60 հազար դրամ) աշխատավարձով: Այնուհետև դառնում են «Junior»(կրտսեր) և ստանում 100-150 հազար դրամ: «Middle»(միջին)-ը ստանում է 200-400 հազար դրամ աշխատավարձ, «Senior»(ավագ)-ը` 400-800 հազար դրամ: Ավելի բարձր որակավորում ունեն «Teamlead»(թիմի ղեկավար)-ն ու «CTO»( Chief technology officer)-ը՝ տեխնիկական ղեկավարը: «Armenian Code Academy»-ի դասընթացները բարեհաջող ավարտածներն անցնում են աշխատանքի առնվազն որպես «Junior», հաճախ էլ որպես «Middle»:

– Ի՞նչ կարծիքի եք հայկական ուսումնական հաստատություններում  տրվող կրթության մակարդակի մասին: Այն բավարարո՞ւմ  է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների սահմանած  ներկա պահանջներին:

– Գլխավորապես՝ ոչ: Համալսարանները տալիս են գիտելիքի հիմքային բազա, որը նորմալ էր խորհրդային համակարգում: Սակայն նրանք՝  պրակտիկ գիտելիք չեն տալիս: Մարդիկ արդյունավետ սովորելու հնարավորություն են ստաննում  կա՛մաշխատավայրում, կա՛մ ինքնուրույն:

– Ինչպես եք գնահատում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը, մասնագետների պակաս իսկապես զգացվո՞ւմ է,  մոտավորապես ի՞նչ թվի մասին է խոսքը:

-Հայաստանի ՏՏ ոլորտում ներկա պահին մոտ 8000 մասնագետ է աշխատում: Կազմակերպություններն ամեն տարի ունենում են մոտ 2000 նոր աշխատողի կարիք: Զարգացման տեմպերն անմիջականորեն կախված են որակյալ նոր աշխատողների քանակից: Ուսումնական հաստատությունները գումարային արտահայտությամբ  կարողանում են տարեկան մոտ 400 աշխատող պատրաստել: Ի դեպ, նրանցից ոչ բոլորն են ունակ միանգամից աշխատանքի անցնել: Այսինքն՝ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը իսկապես մեծ է:

– Սկսվում է նոր ուսումնական տարին: Ի՞նչ խորհուրդ կտաք ծրագրավորող դառնալ պատրաստվող ուսանողներին:

– Ոչ միայն ծրագրավողներին, այլև բոլորին կարող եմ մեկ կարևոր խորհուրդ տալ: Անհրաժեշտ է առաջ նայել, փորձել հասկանալ, թե տվյալ մասնագիտությունը գոնե 5 տարի հետո ինչ պահանջարկ կունենա: Նաև կարող եմ ասել, որ դպրոցի, համալսարանի գիտելիքը շատ դեպքերում բավարար չի լինում և անընդհատ ինքնակրթությամբ զբաղվելու կարիք է լինում:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register