ՉԻՆԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԱԾ ՀԱՅՈւՀԻՆ

china

Ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը 9 տարի է ինչ ուսանում է Շանհայի պետական կոնսերվատորիայում: Ասում է՝ հայերն ու չինացիները շատ նման են իրար. չինացի տաքսիստներն էլ հայերի պես «ջահել ժամանակ Մոսկվաներում մեծ գործեր են արել»:

Աստղիկի հետ մեր զրույցը անցած ճանապարհի, չինական թոք շոուին նրա մասնակցության ու հայ-չինական նմանությունների մասին է:

Չինաստան, ուրեմն՝ Չինաստան

Ավարտել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: Շատ էի ուզում ուսումս դրսում շարունակել, բայց քանի որ ես ընդամենը 16 տարեկան էի, ծնողներս անհանգիստ էին՝ ինչ կլինի, ոնց կլինի: Ու որպեսզի ավելի ապահով լինեի, դիմեցի Կրթության և գիտության նախարարության միջպետական ծրագրին: Շատերի նման ես էլ էի մտածում ուսումը Եվրոպայում շարունակելու մասին: Բայց նախարարությունից զանգեցին ու ասացին, որ մի տեղ է բացվել, այն էլ՝ Չինաստանում: Որոշեցի փորձել: 2009-ին մեկնեցի Չինաստան:
Քանի որ իմ մասնագիտությամբ անգելերեն ուսուցում չկար, հարկադրված էի սովորել չինարեն: Հենց նույն տարում էլ սովորեցի լեզուն, ապա քննություն հանձնելուց հետո ընդունվեցի բակալավրիատ: Քանի որ լավ գնահատականներով էի ավարտել, բակալավրիատից հետո կրթաթոշակ ստացա ու կարողացա կրությունս շարունակել մագիստրատուրայում:

Ամենամեծ փորձությունը Չինաստանում

Երբ  հայտնվեցի Չինաստանում՝ ամեն ինչ ինձ համար նոր ու հետաքրքիր էր: Չինացիները մեզ շատ նման են՝ ընտանեկան, սոցիալական  հարաբերություններում, մարդիկ իրար նկատմամբ շատ բարի են: Երևի դրանից է, որ օտարություն չեմ զգացել: Շատերը մտածում են՝ ինչ տարբեր են հայերն ու չինացիները, բայց իրականում նրանք մեզ շատ ավելի մոտ են, քան եվրոպացիները:

Խոհանոցը

Սկզբից որ գնացել էի, ասում էի. «Ես սա չեմ ուտում, այս կաթը չեմ խմում…»: Մի քանի ամիս հետո զգացի, որ սոված եմ մնում: Հիմա որ հարցնում են՝ գնանք էս ինչ բանն ուտելու, ասում եմ՝ հա, իհարկե: Շատերն այն համոզմանն են, որ Չինաստանում ճիճուներ են ուտում: Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, կան բնակավայրեր, որոնց  կերակրացանկում որդերն ունեն իրենց «հաստատուն» տեղը,բայց Շանհայը շատ զարգացած քաղաք է, այստեղ ճիճուներ չենք ուտում: Չինական ասացվածքը ձայնում է՝ «Ուղղակի վայելիր համը և մի՛ հարցրու, թե ինչ ես ուտում»: Չինական խոհանոցի գաղտնիքը հենց դրանում է:

Տոները

Չինացիների գլխավոր տոնը Անկախության տոնն է: Այդ կապակցությամբ 7 օր հայտարարվում է ոչ աշխատանքային: Հոկտեմբերի 1-7-ը բոլորն ուրախանում են, երկրում գերակայում է տոնական տրամադրությունը: Հայտնի տոներից է նաև Լուսնի տոնը, որի ընթացքում լուսնաձև թխվածքաբլիթներ են պատրաստում՝ հենց այդ երեկո ուտելու համար: Մեծ շուքով է նշվում նաև «Dragon Boat» փառատոնը, երբ  մարդիկ վիշապ-նավերով սկսում են մրցել միմյանց հետ: Չինացիների համար ուտելը շատ կարևոր է: Տոներին չինացիները չեն պարում, միայն ուտում ու խմում են:

Չինաստանում ոչ ոք  չգիտեր  հայերի մասին

Առաջին անգամ հայերի մասին սկսեցինք խոսել կոնսերվատորիայում, երբ լսեցի, որ  ուսանողուհիներից մեկը Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից է նվագում: Հարցրի՝ գիտի՞ արդյոք, թե ինչ կոմպոզիտորի ստեղծագործություն է նվագում: Ասաց՝ հա, Խաչատուրյան: Երբ փորձեցի պարզել՝ գիտի թե ինչ ազգության ներկայացուցիչ է Խաչատրյանը, ասաց որ գիտի: Գիտի որ նա  ռուս է, Խորհրդային միությունից:  Նրանց պատկերացմամբ Խորհրդային  միությունը միայն Ռուսաստանն է: Դա առիթ դարձավ, որ հայերի մասին սկսեմ շատ պատմել, բացատրել, որ   ԽՍՀՄ կազմում Խորհրդային Հայաստան է եղել, որ Խաչատրյանը հայ է…

Տաքսի նստելիս երբ նկատում են, որ տեղացի չեմ, միշտ սկսում են հարցուփարձ անել՝ բա որտեղից ես, ինչով են զբաղվում ձեր երկրում… Ամենածիծաղելին այն է, երբ հարցնում են, թե ինչքան է մեր երկրի բնակչությունը: Որ ասում եմ 3 մլն, ասում են՝ քաղաքը նկատի չունենք, երկիրը: Նրանց թվում է,թե հարցը չեմ հասկանում:  Միայն Շանհայի բնակչությունը 20 միլիոն է, նրանց համար տարօրինակ է, որ մի երկրի բնակչությունը կարող է 3 մլն լինել…

Չինացի տաքսիստներն էլ հայերի նման գլուխգովան են, պատմում են, թե երիտասարդ ժամանակ ինչ գործեր են արել: Հայ տաքսիստների նման, նրանք էլ շատ են դժգոհում իշխանություններից…

Չինացիները շատ անհոգ են

Միշտ հիացել եմ չինացիների այս հատկանիշով: Մենք սովոր ենք արթնանալուն պես մտածել, թե 15 տարի հետո ինչ ենք անելու: Չինացին արթնացավ, մտածում է՝ այսօր լավ եմ, ուրեմն ամեն ինչ լավ է, վաղը կմտածեմ վաղվա մասին:

Չինաստանն իմ կյանքում ամեն ինչ փոխեց: Ինքնուրույնությունը, մարդկանց հասկանալու, ինքս ինձնով ինչ-որ բանի հասնելու ունակությունս այնտեղ ձեռք բերեցի…

Մարդկանց ու մասնագետների միջև մրցակցությունն այնտեղ շատ ուժեղ է, որովհետև նրանք շատ են, ու տարբերվելու, առանձնանալու խնդիր ունեն: Շատ ծնողներ իրենց 4-5 տարեկան երեխաներին մի քանի խմբակի են տանում, մտածում են՝ պարել էլ իմանա, երգել էլ, նկարել էլ… Երեխաները ժամանակ չունեն հանգստանալու: Սկզբում մեղադրում էի, բայց հետո մտածում եմ՝ նրանց միակ հույսն այդ երեխան է, բնական է, որ ամբողջ ներդրումներն այդ երեխայի վրա են անում…

Մի օր առաջարկեցին թոք շոուի մասնակցել:  Ամեն շաբաթ երեկոյան հիշատակածս հաղորդումը հեռարձակվում է Շանհայի գլխավոր հեռուստաալիքով: 6-8 երկրների ներկայացուցիչներ ամեն շաբաթ հավաքվում ու խոսում ենք այս կամ այն թեմայի շուրջ: Ամեն մեկը պատմում է իր երկրի փորձից: Առաջին հաղորդումից  2 օր անց, մեկը փողոցում մոտեցավ, նույնիսկ անունս չէր հիշում, բայց ասաց՝ դու Հայաստանից ես, չէ՞: Ես հասկացա, որ եթե նախկինում բոլորին առանձին-առանձին էի պատմում հայերի մասին, ապա մեծածավալ պրոպագանդա եմ սկսել, որովհետև ամեն շաբաթ 1-2 մլն հեռուստադիտող նայում է  այդ հաղորդումը:

Դրսում ապրողները միշտ մի բան են կիսում իրար հետ՝ Հայաստանում չապրելու զգացողությունը:  4 տարի Երևանում չէի եղել, բարեբախտաբար ինձ էլ հրավիրեցին  մասնակցելու Համահայկական նվագախմբի համերգին: Այդ ժամանակ բոլորիս էմոցիաները, տխրությունը, հպարտությունը միախառնվեցին իրար ու դարձան համերգ…

Շուտով կավարտեմ ուսումս Շանհայում: Մտադիր եմ ևս մի քանի տարի մնալ ու կրթվել Չինաստանում, որպեսզի հետո ձեռք բերած ամբողջ փորձը ներդնեմ Հայաստանի զարգացման գործում:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register