ՉԻԼԻՆԳԱՐՈՎ. ԲԵՎԵՌԱԽՈՒՅԶԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

chili

Բևեռախույզը սովորական արշավի գնացողը չէ, ծովային ճանապարհորդը չէ, բևեռախույզ լինելը արկած է՝ մարդու ողջ կյանքի տևողությամբ, համարձակություն է՝ որպես նախապայման, կյանքը վտանգելու պատրաստակամություն է՝ որպես ապրելակերպ, և ամեն արշավի անկանխատեսելի ավարտ՝ որպես հետևանք:

Որքան էլ հայերս չնույնացվենք ծովի, նավարկության, առավել ևս՝ Երկիր մոլորակի բևեռների հետ, քանի որ օվկիանոսից ու ծովից հեռու ենք յոթ ծով ու այդքան էլ օվկիանոսի դեպ՝ գիտնականները դեռ համաձայնության չեն եկել՝ օվկիանոսները չո՞րսն են, թե՞ հինգը, այդուամենայնիվ հայերիս մեջ էլ կան բևեռախույզներ, այն էլ՝ լեգենդար:

Հայազգի Արթուր Չիլինգարովին իրավամբ կարելի է համարել կենդանի լեգենդ: Եթե փորձենք համառոտ ներկայացնել նրա կոչումներն ու ձեռքբերումները, ապա կստացվի այսպիսի ցանկ. ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (2008-ից), աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003-ից), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003-ից), ՌԴ Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002-ից), ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր (սկսած 1993 թվականից) և ՌԴ Պետդումայի փոխնախագահ (սկսած 1994 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս, Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991-ից), Խորհրդային Միության հերոս (1985 թվականին Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար), և վերջապես ՝ ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի անդամ, Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ:

Որքան էլ տպավորիչ  լինի այս ցանկը, սրան պետք է ավելացնել նաև այն, որ Չիլինգարովը մեկն է այն 4 անձանցից, ովքեր երբևէ արժանացել են և՛ Խորհրդային Միության, և՛ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման, ինչպես նաև այն, որ նա ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես միակ բևեռախույզը, ով 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի և՛ հյուսիսային, և՛ հարավային   բևեռներում:

Արթուր Չիլինգարովը ծնվել  է 1939-ի սեպտեմբերի 25-ին, Լենինգրադում: 1963-ին ավարտում է տեղի ծովաինժեներային ուսումնարանը, ստանալով  օվկիանոսագետի մասնագիտություն: Երկար տարիներ նա աշխատել է շարքային պաշտոններում, սկսելով Բալթիկ ծովի նավավերանորոգման գործարանի փականագործից: Սակայն նախաձեռնողականությունը, կազմակերպչական աշխատանքի նկատմամբ հակումը, և մարդկանց հետ շփվելու, ընդհանուր եզրեր գտնելու հատկությունը աննկատ չեն մնում: 1970-80 -ականներին Չիլինգարովը բարձր պաշտոնների է նշանակվում ԽՍՀՄ Հիդրոօդերևութաբանության պետկոմում, հասնելով Պետկոմի փոխնախագահի պաշտոնին:

1987-ին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։ 2007-ին «Միր» ստորջրյա սարքով  հետազոտողների 7 հոգանոց խմբի հետ Հյուսիսային բևեռի շրջանում  իջել է մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակը:

2014-ին նշանակվել է «Ռոսնեֆտ» ընկերության կազմում ստեղծված Արկտիկական զարգացման ենթահանձնաժողովի նախագահ, որն էլ գլխավորում է առայսօր:

Հորս կողմից գյումրեցի ենք, այնտեղից են արմատներս, բայց հայրս, նրա քույրը և եղբայրը հիմնականում ապրել են Վալդիկավկազում: Նրանք այն հայերից են, ում ճակատագիրը սփռեց աշխարհով մեկ: Հայրս դպրոցը ավարտեց Վլադիկավկազում և Ռուսաստանը դարձավ նրա երկրորդ հայրենիքը: Դե իսկ պատմական Հայրենիքը, իհարկե, Հայաստանն է»,- նշում է Չիլինգարովը:

  • Հայի միջուկը իմ մեջ միշտ եղել է: Երբ Հյուսիասյին բևեռում էի, կայանում երկու սպիտակ արջուկ էի պահում: Ուզում էի իմ հայ լինելը ինչ-որ կերպ դրսևորել ու որոշեցի արջուկներին տանել Երևան ու նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Առաջին անգամ Հայաստան եկա, երբ արդեն կայացած մարդ էի, Կարեն Դեմիրճյանն էր ինձ հրավիրել, հերոսի կոչմանը արժանանալուց հետո»,- հիշում է Չիլինգարովը։ Հետագայում նա բազմիցս այցելել է և շարունակում է այցելել Հայաստան տարբեր միջոցառումների շրջանակներում։

 

Աշխարհաբեկ Իվանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register