ՉԱՅԼԴՖՐԻ. ԵՍ ՉԵՄ ՈւԶՈւՄ ԵՐԵԽԱ ՈւՆԵՆԱԼ

childfree

Չայլդֆրի»-ն մեծ տարածում ստացավ 1990-ականներին, երբ դպրոցական ուսուցչուհի Լեսլի Լաֆայետը ստեղծեց  «The   Childfree  Network»  վիրտուալ ցանցը:  Դրա  շնորհիվ   «Չայլդֆրի»-ն հայտնիություն  ձեռք բերեց և հսկայական թվով հետևորդներ ունեցավ: Նրա մասնակիցներն իրենց հակադրում էին  կյանքի ավանդական  ձևերին  և  պայքարում   երեխաներ  չունեցող ընտանիքների  իրավունքների  համար՝  համարելով,  որ  դրանք ոտնահարվում են պետության կողմից:

Գիտակցաբար երեխա ունենալուց հրաժարվող մարդիկ եղել են նաև նախկինում: Նրանց թվում քիչ չեն եղել հանրահայտ դեմքերը, ինչպիսին են օրինակ՝ Լեոնարդո  Դա Վինչին, Նիկոլայ  Կոպերնիկոսը, Կոկո Շանելը, Գրետա Գարբոն,   Քեթրին  Հեփբերնը, Եղիսաբեթ  1-ին  թագուհին, Լուի Արմսթրոնգը, Իսահակ Նյուտոնը, Պլատոնը, Ֆրիդրիխ Նիցշեն և շատ ուրիշները: Ներկայիս հայտնի դեմքերից «Չայլդֆրի»-ի հետևորդներ են Անգելա Մերկելը, կինոդերասան Միկի Ռուրկը,  կինոռեժիսոր Քվենտին   Տարանտինոն,  Քեմերոն  Դիազը,  Սանդրա Բալոկը:

«Չայլդֆրի»-ն այսօր ունի տարածման լուրջ միտում, ընդ որում, ոչ միայն իր,ծննդավայր  ԱՄՆ-ում  և  եվրոպական   զարգացած   երկրներում, այլ նաև հետխորհրդային  տարածքում, օրինակ՝ Ռուսաստանում:  Այսօր միայնակ  եվրոպացիների  թիվը  կազմում  է մոտ  40  տոկոս: Օրինակ,Մյունխենում, որը համարվում է Գերմանիայի ամենաբարեկեցիկ քաղաքը և 3-րդը բնակչության քանակով (1,3 միլիոն մարդ), բնակչության 50 տոկոսը կազմում են   երեխա չունեցող  միայնակ   անձինք: Ռուսաստանում   այսօր   գոյություն  ունի  «Չայլդֆրի»-ի  3.5   հազարից   ավել հետևորդ, որոնց թիվը, ըստ հետազոտողների, շարունակաբար աճում է: Ներկայումս   նրանք   ակտիվորեն   միավորվում  են  տարբեր  խմբերում, հրապարակավ  հայտարարում  իրենց  դիրքորոշման  մասին, պրոպագանդում  և  տարածում  իրենց  հայացքները՝  ձգտելով  այդ ոլորտում  ազդել անգամ պետական քաղաքականության վրա: Օրինակ արևմտյան   երկրներում «Չայլդֆրի»  շարժման   մասնակիցները  միասնական  կրթական   համակարգը համարում են անարդար։  Նրան  դեմ  են, երբ իրենց վճարած  հարկերից  ֆինանսավորվում   են  կրթական հաստատություններ, երեխաներին  ուղղված  պետական  ծրագրեր, իրականացվում են բազմազավակ  ընտանիքների համար սոցիալական աջակցության   ծրագրեր,այն  դեպքում, երբ  իրենք՝  «Չայլդֆրի»-ի անդամները, երբևէ չեն օգտվում նմանատիպ  ծրագրերից: Ըստ  հոգեբանների, «Չայլդֆրի» շարժմանը  հարելու շատ պատճառներ կան, հատկապես կանանց համար, սակայն դրանց բոլորի հիմքում միշտ ընկած է էգոիզմը: Եվ այսպես, «Չայլդֆրի»-ի ամենատարածված պատճառներ են դիտարկվում՝
– Բարձր   սոցիալական   ստատուսը, հաջողակ  կարիերան, կայուն ֆինանսական կարգավիճակ ունենալու ցանկությունը,

–  հղիության  և  ծննդաբերության  հանդեպ  ունեցած վախը (ցավ, գիրացում, մաշկի լայնացում և այլն),

– մայրական բնազդի բացակայությունը,  ուրիշների երեխաների   հանդեպ ջղագրգիռ ռեակցիան, վատ  ծնող լինելու  վախը, պատասխանատվությունից խուսափելը,

– կյանքի  արդեն   սովորական  դարձած   ընթացքը   չփոխելու, հանուն երեխայի  ինչ-ինչ   բարիքներից   կամ հաճույքներից  չհրաժարվելու ցանկությունը,

– գաղափարական   պատկերացումները՝ «Աշխարհն   արժանի  չէ իմ երեխաներին», «Աշխարհն այնքան կատարյալ չէ, որպեսզի ես լույս աշխարհ բերեմ ևս մեկ մարդու»: Ըստ   սոցիոլոգների` «Չայլդֆրի»-ի  ներկայացուցիչների շրջանում մեծաթիվ  են որակլյալ   կրթություն   ստացած  և  հաջողակ  անձինք: Որպես կանոն, նրանք  լավ են վաստակում,  ինտելեկտուալ են, զբաղեցնում   են  բարձր պաշտոններ, հետաքրքրվում  են քաղաքականությամբ, արվեստով, ունեն շփման մեծ շառավիղ, շատ են կարդում, հաճախում  են համերգների, թատրոն, ճանապարհորդում են: Եվ  այս ամենը՝  շնորհիվ  երեխաների  բացակայությունից  «ծնված» ազատ ժամանակի: Նրանց  թվում շատ են քաղաքացիական ամուսնությամբ  ապրողները:  Նրանք  սիրում  են ազատությունը  և չեն ցանկանում իրենց կապել ինչ-որ կապերով:  Ընդ  որում, նրանց թվում շատ են  երջանիկ  զույգերը.  նրանք  ավելի  ներդաշնակ  են, սեռական  առումով, ավելի  բավարարված, ավելի քիչ  են  հակված դեպրեսիաների: Սակայն նրանց բնորոշ է եսակենտրոնությունը, էգոիզմը և չհարմարվողականությունը:

ԱՄՆ  Առողջապահության վիճակագրության  ազգային   կենտրոնի տվյալներով՝  կանանց  թիվը,  որոնք  իրենք  իրենց նույնացնում   են «Չայլդֆրի»-ի   հետ, արագորեն  աճում  է: Այսպես, եթե  1982  թվականին նրանց թիվը կազմում էր կանանց ընդհանուր թվի ընդամենը  2.4 տոկոսը, 1990-ին՝ 4.3, 1995-ին՝  6.6 տոկոսը, ապա այսօր  երեխա չցանկացող  կանանց  թիվը  հասել է  25  տոկոսի: Ընդ  որում, սպիտակամորթ   կանանց շրջանում  այդ թիվը  շատ  ավելի  մեծ է,  քան մնացյալների: Թե  ինչի  կհանգեցնի «Չայլդֆրի»-ի   տարածումը  արևմտյան զարգացած  երկրներում, դեռ վաղ  է  կանխորոշել։ Բայց այն փաստը, որ  նույն Եվրոպայում միգրացիոն քաղաքականությունից դժգոհող բնիկների թիվը գնալով աճում է, անվիճելի է։ Իսկ դժգոհության  պատճառներից մեկն էլ այն է, որ ներգաղթյալների շնորհիվ, որոնք բավական հեռու են «Չայլդֆրի»-ի   «հովերից», եվրոպական   երկրների   ժողովրդագրական պատկերը  արագորեն  փոխվում  է, և այդ   երկրների  բնակչության  մեջ անշեղորեն աճում  է  ներգաղթյալների  տոկոսը։  Իսկ   դա պայմանավորվում  է  ոչ  միայն  ներգաղթյալների  հոսքով,  այլ արդեն եվրոպական   տարածքներում  նրանց բազմանալու, հնարավորինս  շատ երեխաներ ունենալու փաստով։ «Չայլդֆրի»-ի արդյունքում եվրոպացիների երեխաների «պակասորդը»   արագորեն   լրացվում   է  ներգաղթյալների երեխաներով։

Սարգիս Գրիգորյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register