ՉԵԼՍԻՆ» «ՊԱՌՆԱՍՈՒՄ » ԿԱՄ  ԿԱՆՏԵԻ  ՖԵՆՈՄԵՆԸ

444

Աշխարհի ամենամրցունակ առաջնության՝ անգլիական  «Պրեմիեր լիգայի» ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնն է «Չելսին»: Իտալացի «գեներալ» Անտոնիո Կոնտեի գլխավորած  լոնդոնյան ակումբն առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մայրաքաղաքային մեկ այլ ակումբի` «Տոտենհեմի» համար:

Անցած` 2015-16 թվականների խայտառակ մրցաշրջանից հետո «Չելսին» կերպարանափոխվեց և վերադարձավ  ֆուտբոլային Պառնաս: Անցած տարի նույն այս ժամանակահատվածում Ժոզե Մոուրինյոյին հեռացրած ակումբը դեգերելով մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ մրցաշրջանն ավարտեց  անփառունակ 10-րդ տեղում: Ռոման Աբրամովիչի կողմից ակումբը գնելուց ի վեր՝ նախորդ խաղաշրջանում «Չելսիի»  գրանցած արդյունքը վատագույնն էր: Վիճակը շտկելու համար ռուս օլիգարխը հրավիրեց իտալացի հեղինակավոր մասնագետ Անտոնիո Կոնտեին, ով մինչ այդ 2011-14 թվականներին երեք անգամ «Յուվենտուսի» հետ հաղթել էր Իտալիայի ներքին առաջնությունում, որից հետո հեռացել էր զբաղեցրած պաշտոնից:

Ըստ էության, ակումբային կարիերայի ընթացքում 47-ամյա մասնագետը վերջին 4 մրցաշրջաններում իր ղեկավարած թիմերին հասցրել է չեմպիոնության: Կառլո Անչելոտիից, Ժոզե Մոուրինյոյից և Մանուել Պելեգրինիից հետո Կոնտեն  չորրորդ մարզիչն է ում  հաջողվում է Անգլիայում առաջին իսկ մրցաշրջանում հասնել չեմպիոնության: Կազմի համալրման առումով Կոնտեն մեծ փոփոխությունների չգնաց: Թիմ վերադարձավ «ՊՍԺ»-ում հաջողությունների հասած կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը: Գործող չեմպիոն «Լեսթերից»  «Չելսի» տեղափոխվեց մեր ժամանակների Կլոդ Մակելելեն՝ չհոգնող, իր և թիմակիցների խաղն անգիր իմացող կիսապաշտպան  Նգոլո Կանտեն: Հենց ֆրանսիացու խաղն էլ հսկայական նշանակություն ունեցավ «Չելսիի» հաջողության և նրա բացակայությունը`«Լեսթերի» անհաջողության հարցում:

Կանտեն կրկնեց  20-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Էրիկ Կանտոնայի ռեկորդը: Կանտեն, ինչպես  և Կանտոնան, երկու տարի անընդմեջ չեմպիոն է դառնում տարբեր թիմերի կազմում: Լեգենդար ֆրանսիացին 1991-92  մրցաշրջանում չեմպիոն էր հռչակվել «Լիդսի», իսկ հաջորդ մրցաշրջանում` «Յունայթեդի» կազմում:

ԱՊԼ-ում «Չելսին» ամենաարդյունավետ թիմն է: Գրանցված 76 գոլերից 20-ը բաժին է հասնում Իսպանիայի հավաքականի բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստային, իսկ 15-ը` բելգիացի Էդեն Ազարին: Թիմի  «ամենաշռայլ» խաղացողները՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասն ու Պեդրոն են: Նրանց  հաշվին գրանցվել է համապատասխանաբար 11 և 8 գոլային փոխանցում: Պաշպանության ամրության մասով  «Չելսին» (29 բաց թողած գնդակ) երրորդն է` «Տոտենհեմից»(23) և «Մանչեսթեր Յունայթեդից»(27) հետո:  Այնուամենայնիվ «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուն 16 անգամ դարպասը պահել է անառիկ, ինչը լավագույն ցուցանիշն է Անգլիայում:

Յուրատեսակ ռեկորդի հեղինակ դարձավ նաև «Չելսիի» ավագ, 36-ամյա Ջոն Թերին: Դեռ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել որպես ավագ 5 անգամ չեմպիոն դառնալ: Իհարկե, Թերին այս մրցաշրջանում համեստ ներդրում ունեցավ խաղադաշտում: Նա ընդամենը 7 հանդիպման է մասնակցել` խաղադաշտում անցկացնելով 376 րոպե: Արդեն հայտնի է, որ մրցաշրջանի ավարտից հետո Թերիի և «Չելսիի» ճանապարհները բաժանվելու են: Այսպիսով, սկսած 2003 թվականից, երբ Ռոման Աբրամովիչը գնեց ակումբը, «Չելսին» 5 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն: Նույն ցուցանիշն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ է լավագույնը ճանաչվել, իսկ «Արսենալը» և «Լեսթերը»` 1-ական: Ընդհանրապես 2003-ից ի վեր տարբեր մրցաշարերում «Չելսին» 14 տիտղոս է նվաճել` 2-ով ավելին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Անցած տարվա անհաջողության պատճառով թիմն այս տարի չէր մասնակցում եվրագավաթային մրցաշարերի: Անգլիայի լիգայի գավաթում Կոնտեի թիմը դուրս է մնացել 1/8 եզրափակչից, իսկ Անգլիայի գավաթի խաղարկությունում հասել է եզրափակիչ: Այս մրցաշրջանում «դուբլ» ձևակերպելու համար մայիսի 27-ին  կայանալիք գավաթի եզրափակիչում «Չելսին» պետք է հաղթանակի հասնի «Արսենալի» նկատմամբ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register