ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ  «ԾԵՐՈՒՆԻՆ» ԵՎ  «ՎԱՎԱՇՈՏ» ԾՈՎԸ…

ari

Ես ծովի ու ալիքների  մարդ եմ, մեծացել եմ ծովափից երկու րոպեի հեռավորության վրա: Դա թույլ էր տալիս առավոտյան ժամը վեցին, դպրոցից կամ աշխատանքից առաջ, լողալ ու զբաղվել սերֆինգով: Ավստրալիական ամառները՝ ձմեռվա արձակուրդների հետ, միշտ ծովափնյա հանգստի շառավղում են: Հայաստանում սովորություններս փոփոխվեցին: Երբ անցած տարի բարձրացա Արարատի գագաթ, սիրահարվեցի սարերին ու լեռնագնացությանը: Այդ օրից ի վեր  Հայաստանի լեռներն իմը դարձան: Յուրահատուկ, ես կասեի՝ հոգևոր էներգետիկա կա դեպի  Արևմտյան Հայաստան ձգվող կովկասյան լեռներում: Արարատի գագաթին  Հայաստանն ավելի շատ սիրեցի, իսկ Անի, Ախթամար ու Վան  այցելելով, ավելի հայացա: Կյանքիս լավագույն  ժամանակահատվածներից էր… Այնտեղ կարող եք պապենական  հողի էներգիան, ուժն ու իրական կշիռը  զգալ ոտքերի տակ, որ ձգողականությունից բացի, նաև վերադարձի կանչ ունի, անգամ հարյուր տարվա ողբերգական ելևէջով:

Ինչ եմ պատրաստվում անել այս ամռա՞նը:  Էլբրուս՝ Եվրոպայի ամենաբարձր  ու  հրաբխային  լեռնագագաթը կբարձրանամ, Հայաստանի գագաթները նվաճելուց  հետո, իհարկե: Գրեթե ամեն շաբաթ քաղաքից դուրս եմ գնում՝ փորձելով ճանաչել Հայաստանը տարվա բոլոր եղանակների ու գույների մեջ: Սիրում եմ ուսումնասիրել Իջևանը, Լոռին, Գորիսը, Ազատ գետի շրջակա գեղատեսիլ բնությունը: Ու չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են հայ ընտանիքները, գումար խնայելով, կամ, որ ավելի վատ է, պարտքով՝ Դուբայ, Սոչի կամ Անթալիա մեկնում: Դուբայն արհեստածին, իրենից  մշակութային արժեք չներկայացնող: Կամ  գնում են Քոբուլեթի, Բաթումի: Վրացական ծովը նույնպես հանգստի լավագույն տարբերակը չէ, բայց հազարավոր մարդիկ, մեկ է՝  գնում են:  Քանի որ ավստրալուհի եմ, «բնական» մարդ եմ: Մենք ատում ենք արհեստածին ամեն բան (թեկուզ հենց անապատում վեր խոյացող Դուբայի մետաղյա երկնաքերերը): Ինչպե՞ս կարելի է այդքան ժամանակ ու  գումար կորցնել այնտեղ՝ միայն նրա համար, որ այստեղ շատերը «դրսում» հանգստանալը համարում են մոդայիկ ու հարգի: Դա բացարձակ այդպես չէ:

Դրսում հետաքրքիր է, երբ ներսում արդեն շատ բան եք տեսել, իսկ Հայաստանը գողտրիկ անկյուններ շատ ունի, ես դրանք անընդհատ ինքս ինձ համար բացահայտում եմ: Ի՞նչ կարիք կա ապրել՝ ընդամենը ուրիշներին տպավորելու համար ու կրկնելով այն, ինչ անում են բոլորը: Հայերը, եթե անգամ  համապատասխան գումար չունեն, ձգտում են Փարիզ ու առնվազն Բաթումի գնալ: Ինչո՞ւ:  Փարիզը լիքն է զբոսաշրջիկներով, ու կարծես գիշերային մղձավանջ լինի. բոլորը նկարվում են նույն հայտնի կառույցների մոտ, նույն դիրքով, նույնը, նույնը, նույնը…  Աչքի համար նոր տարածք, աճելու ու սովորելու տեղ չկա: Նույնը՝ Բաթումիում:  Ուզում եմ, որ ձեր հանգիստը նաև հոգևոր լինի, որ վայելքներից բացի, նաև ձեր հոգին հանգստություն ու ներդաշնակություն գտնի:

Երբեմն թվում է, թե հայերն ատում են նորույթները, սակայն չեմ կարծում, թե դա այդպես է: Կյանքը շատ կարճ է այսքան սահմանափակ ու չափազանց մեծ՝ ընդամենը փոքր երազանքներ ունենալու համար: Զարմանում եմ, երբ ցանկանում են մեծ վարկեր վերցնել ու  հանգիստն անցկացնել կեղտոտ, բայց մոդայիկ խորշերում: Նրանց թերևս ավելի շատ ոչ թե բուն հանգիստն է հետաքրքրում, այլ գնալուց առաջ ու հետո լսարանին ներկայացվող սնամեջ  գլուխգովանությունը: Իսկ ի՞նչ կասեք Արցախում կամ Լոռիում արշավներ անցկացնելու մասին: Միգուցե դա «գլամուրային»  չէ: Բայց շատ ավելի հոգեղեն է ու այնտեղ անցկացրած հանգիստը դուք չեք մոռանա: Այնտեղ ամեն մի վանքի ու խաչքարի շուրջ դարերի պատմություն է հյուսված, գնացեք ու ձեր արմատներն ուժ կտան ձեզ: Ես հորդորում եմ ձեզ տարբերվող լինել, լինել անհատականություն, լինել ինքնատիպ: Մոռացեք Փարիզը, Դուբայը, մոռացեք Եգիպտոսն ու Սոչին:  Գնեք ձեր սիրած պանիրը, տաք շոկոլադ, հայկական լավաշ ու լոլիկ, գնացեք  ճամփորդելու: Մի կտոր հաց կերեք հայկական սարերից մեկի գագաթին կամ բնության գողտրիկ մի  անկյունում, օտարները դրան «պիկնիկ» են ասում:   Շաբաթը մեկ ես դա անում եմ: Իմ վերջին խորհուրդը. Հայաստանը շատ գեղեցիկ է ամռանը: Ու կարիք չկա թերագնահատելու տեղական հանգիստը:  Ամեն բան հենց մարդուց է կախված,այնպես չէ՞…

 

Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register