ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

aronyan

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ապրիլի 18-ից 29-ը տեղի ունեցավ շախմատային սուպերմրցաշար: Մրցումը կազմակերպվում էր 4-րդ տարին անընդմեջ: Այս տարի հրավիրված գրոսմայստերների ցանկում էր Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մարտին Մոսկվայում կայացած Հավակնորդների մրցաշարից հետո սա Արոնյանի առաջին լուրջ փորձությունն էր: Հայ գրոսմայստերը փայլուն հանդես եկավ և շատ մոտ էր վերջնական հաղթանակին, սակայն եզրափակիչ տուրում ոչ-ոքի խաղաց: Նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթանակ տարավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Նորվեգացի շախմատիստը այդ պարտությունից հետո երկրորդ հորիզոնականում հայտնվեց և կարողացավ վերադառնալ բարձունք միայն վերջին տուրում ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Եզրափակիչ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշինայի հետ. 39-րդ քայլից հետո կողմերը բացարձակ հավասար դիրքում հայտնվեցին և հաշտվեցին խաղաղ արդյունքի հետ: Մրցաշարը Արոնյանն անցկացրեց առանց պարտության՝ տանելով 2 հաղթանակ և 7 ոչ-ոքի:

 Ստավանգերի մրցաշարի մասնակիցների ցանկը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2851), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2801), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2790), Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա, 2788), Լևոն Արոնյան (Հայաստան, 2784), Պավել Էլյանով (Ուկրաինա, 2765), Պենտալա Հարիկրիշինա (Հնդկաստան, 2763), Լի Չաո (Չինաստան, 2755), Վեսելին Տոպալով (Հունգարիա, 2754), Նիլս Գրանդելիուս (Շվեդիա, 2649):

Վերջնական աղյուսակ

1.Մագնուս Կարլսեն – 6

2. Լևոն Արոնյան – 5.5

3-5. Մաքսիմ Վաշյե Լագրավ – 5

3-5. Վեսելին Տոպալով – 5

3-5. Վլադիմիր Կրամնիկ – 5

6-7. Լի Չաո – 4.5

6-7.Պենտալա Հարիկրիշինա – 4.5

8. Անիշ Գիրի – 4

9. Պավել Էլյանով – 3

10.Նիլս Գրանդելիուս – 2.5

Այսպիսով Կարլսենն առաջին անգամ հաղթում է «տանը»: 2013  և 2014 թվականներին հաղթող էր դարձել Սերգեյ Կարյակինը, ով երկու դեպքում էլ կես միավորով առաջ էր անցել Կարլսենից, իսկ 2015 թվականին առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Վեսելին Տոպալովը: Ուշագրավ է, որ այս տարի մրցաշարին մասնակցելուց հրաժարվել է Կարյակինը, ով, հաղթելով հավակնորդների մրցաշարում, աշնանը «ձեռնոց է նետելու» հենց Կարլսենին: Նորվեգիայում մրցաշարից Կարյակինի հրաժարվելը գնահատել են որպես անհարգանք և վախի դրսևորում:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register