«ՃԱՄՓՈՐԴԸ» ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ Է

1

Մեր շաբաթաթերթը երկու տարեկան է: 2016 թվականի փետրվարի 2-ին լույս տեսավ «Ճամփորդի» առաջնեկը՝ «Ապակու երկու կողմերում» խմբագրականով: Այսօր  արդեն լույս տեսավ թերթի 100-րդ համարը:

Երկու տարվա ընթացքում մենք չենք շեղվել նախապես հայտարարած կարևոր սկզբունքներից. առաջին` թերթն անվճար է լինելու, որպեսզի հասանելի լինի բոլորին, երկրորդ` մենք գրելու ենք հետաքրքիր նախաձեռնությունների, լուսավոր մարդկանց մասին` չանտեսելով  մեր կյանքում առկա բազմաթիվ խնդիրները:

Թեև  «Ճամփորդը» քաղաքային թերթ է, բայց մենք առիթը բաց չենք թողնում Երևանից դուրս մեկնելու. չէ՞ որ մարզերում հրաշալի մարդիկ ու պատմություններ կան, որոնց մասին շատերս գաղափար իսկ չունենք: Ամեն տարի մենք նվազագույնը 4-5 անգամ մեկնում ենք Արցախ` քաղաքներ, գյուղեր, զորամասեր, դիրքեր:

Քաղաքացիները ցայսօր էլ շարունակում են տարակուսել, թե ինչպես կարող է թերթը լինել անվճար, այդ դեպքում որտե՞ղ է  նրա օգուտը: «Ճամփորդը» բիզնես ծրագիր չէ, այն սոցիալական ուղղվածություն ունի և մեր տարածաշրջանում հանրային տրանսպորտում տարածվող առաջին անվճար շաբաթաթերթն է: Երկրորդը՝ շատերին հետաքրքրող՝ «Մեր օրերում դեռ թերթ կարդո՞ւմ են» հարցն է:

Այո, իհարկե կարդում են, մեր ողջ տպաքանակը սպառվում է կայծակնային արագությամբ: Իհարկե, ինտերնետը, սմարթֆոնները գլխիվայր շրջել են մեր կյանքը, բայց շատերը դեռ սիրում են տպագիր մամուլը, գիրքը, թղթի հոտը: Առանց այդ էլ շատերս օրվա ընթացքում չափից դուրս ժամանակ ենք վատնում էկրանների առաջ… ինչո՞ւ  չօգտագործել այլընտրանքները:

Օրերս մենք «դարանակալել» էինք «Երիտասարդական մետրոյի» կայարանի դրամարկղի մոտ` առերեսվելու մեր թերթի ընթերցողի հետ, իմանալու ինչը դուր չի գալիս (կամ հակառակը) թերթում, ինչ թեմաներ կան, որ կուզեին անդրադառնայինք: Մեր առաջին զրույցը  նկարիչ, դիզայներ Մարսել Աբրահամյանի հետ էր, նա մետրո էր մտել տղաների` Ալենի և Անրիի հետ:

«Թերթն ինձ դուր է գալիս: Հատկապես` «Ով քնած է` արթուն կացեք» հրապարակումների շարքը: Շատ օգտակար է, կուզեի անպայման շարունակվեր` ներկայացնելով նաև նկարիչների, լուսանկարիչների համար հայտարարվող մրցույթներին վերաբերող տեղեկատվությունը: «Մշակութային անցուդարձ» սյունակը նույնպես շատ օգտակար է, արտերկրից  ժամանած մեր հյուրերին տարել ենք ցուցահանդես, որի մասին  տեղեկացել ենք թերթից»:  Մարսել Աբրահամյանին դուր չի գալիս, որ որոշ մարդիկ թերթից վերցնում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ օրինակներ` չթողնելով մյուսներին: Նաև լինում են դեպքեր, երբ արկղում չի լինում, բայց պարզվում է, որ դրամարկղի աշխատողի մոտ կա:

2

«Գիտեմ, որ շատ երկրներում հակառակ պրակտիկան է գործում. Մարդը, վերցնելով անվճար թերթը մի կայարանում, կարդում է ճանապարհին, իսկ հետո թողնում մեկ այլ կայարանում արկղի մեջ և այդպես շարունակ: Հրաշալի կլիներ, եթե այդ փորձառությունը կիրառվեր  նաև «Ճամփորդի» դեպքում, գուցե արժի ինչ-որ տեսահոլովա՞կ պատրաստել այս թեմայով: Կուզեի, որ թերթում ավելի շատ գրվեր քաղաքի պատմության մասին:

Մեր երիտասարդությունը շատ հաճախ չի իմանում, թե ով է եղել ասենք՝ Կարա Բալան, Միլիցա Անդրեն: Ցանկալի կլիներ հայ նկարիչների մասին ավելի շատ լինեին հրապարակումները: Լավ կլիներ,եթե ընթերցողներն իմանային,թե  ո՞վ է եղել Մինասը, Քոչարը, Ռաֆայել Բաբայանը, մյուսները»,-  նշում է զրուցակիցս:

Մեր մյուս զրուցակիցը Ռուբեն Վարդանյանն է: Երբ նա մոտեցավ դրամարկղին, մետրոյի աշխատողները հուշեցին, որ անպայման նրա հետ զրուցենք, քանի որ ամեն երեքշաբթի թերթի օրինակ է վերցնում:

 «Թերթի բոլոր համարներից ունեմ: Երբ առաջին անգամ տեսա, մտածեցի, թե ճամփորդությունների մասին է լինելու, բայց պարզվեց` հասարակական-քաղաքական թերթ է: Հետաքրքիր կլիներ կարդալ Արիանայի մանկության, ընտանիքի մասին: Ինչու չէ, նորաստեղծ ընտանիքի մասին ևս, թե ինչ ծրագրեր ունեն, ինչպես են պատկերացնում երեխաների դաստիարակությունը: Կառաջարկեի, որ այս թեմաներով մի քանի խմբագրական գրեր: Նաև հետաքրքիր է թերթ հիմնադրելու գաղափարի ծագման պատմությունը` իր բոլոր մանրամասներով»,- խոստովանում է Ռուբեն Վարդանյանը:

«20» համարի ավտոբուսում զրուցեցինք նաև Աննա Սահակյանի հետ: Նա նշեց, որ շատ է հավանում թերթի հատկապես վերջին էջերը:«Առաջինը կարդում եմ վերջին էջը(ժպտում է,-խմբ.): Հարցերը և մասնակիցները լավն են, հետաքրքիր հարցազրույցներ է ստացվում:  Ինձ դուր են գալիս գրանորությունները և մշակութային անդրադարձերը, որոնք հիմնականում 6-րդ էջում են լինում: Կուզեի, որ նոր, և ինչու չէ, հին գրքերի մասին  նույնպես ավելի հաճախ հոդվածներ լինեին: Տանը թերթը տալիս եմ պապիկին: Հիշում եմ` մի ժամանակ խաչբառ կար, պապիկը սիրում էր լուծել, այժմ սպորտային հոդվածներ է կարդում»,-նշում է Աննա Սահակյանը:

«Ճամփորդն» անվճար տարածվում է Երևանի հանրային տրանսպորտում` դեղին և մանուշակագույն ավտոբուսներում, տրոլեյբուսներում, մետրոյում(դրամարկղի մոտ), մի խոսքով` իսկական ճամփորդող թերթ է: Լույս է տեսնում յուրաքանչյուր երեքշաբթի,  գրեթե մեկ տարի է, ինչ հասանելի է նաև «Բուկինիստ», «Արտ Բրիջ» և «Նաիրի» գրախանութներում: Մենք ունենք նաև էջ ֆեյսբուք սոցիալական ցանցում` «Ճամփորդ»  ( «Champord» և կայքէջ` «champord.am» ), որտեղ բոլոր հոդվածները ոչ միայն տեղադրվում են առանձին հղումներով, այլև «Արխիվ» բաժնում՝ բոլոր 100 համարները հասանելի են «PDF» ֆորմատով:

Շնորհակալություն, որ ընթերցում եք, ուրախ կլինենք լսել կառուցողական քննադատություն և առաջարկներ:

Դիտարկումները գրի առավ՝

Գարեգին Ալեքսանյանը  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register