«ՃԱՄՓՈՐԴԻ» ՕԺԱՆԴԱԿՈւԹՅԱՄԲ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐՈւՄ

usanox

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի՝ լրագրողների համար նախատեսված անգլերեն լեզվի դասընթացները սկսվել են: Անվճար դասընթացներին մասնակցում է 30 լրագրող: Դասընթացներն անցկացվում են Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնում: Ըստ մասնակիցների՝ անգլերենի իմացության մակարդակի ձևավորված ուսումնական 4 խումբ է գործում: Խմբերից երկուսում ընդգրկված են սկսնակներ, երրորդ խմբում՝ միջինից ցածր մակարդակ ունեցողները , հաջորդում՝ անգլերենի միջին իմացությամբ մասնակիցները:

Դասընթացների առաջին փուլի տևողությունը երեք ամիս է: Ուսումնական կենտրոնի  լեզվական ծրագրերի համակարգող, սկսնակների խմբի հետ աշխատող Գայանե Այվազյանը «Ճամփորդի» հետ զրույցում նշեց, որ բոլոր 25 լրատվամիջոցների ներկայացուցիչներն անգլերենի որոշակի  գիտելիքներ ունեն: «Առայժմ դժվարանում եմ ասել՝ լրագրողների հետ աշխատելը հեշտ է, թե՝ ոչ: Նոր ենք սկսել, բայց լրագրողները գործի բերումով լավ են տիրապետում հայերենին, ինչը նույնպես մեծ առավելություն է: Ամեն դեպքում բոլոր մասնակիցներն էլ ունեն անգլերենի որոշակի գիտելիքներ: Բոլոր խմբերի համար դասընթացներն անցկացվում են Օքսֆորդի համալսարանի հրատարակչության «New Headway» ուսումնական ձեռնարկներով»: Դասընթացավարներից՝ Նարինե Հովհաննիսյանն էլ կեսկատակ նշում է, որ լրագրողների մոտ լավ են ստացվում ձայնային վարժությունները, երբ անհրաժեշտ է լսել անգլերեն տեքստի ձայնային տարբերակը, կատարել գրառումներ և հետո պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ «Ճամփորդ» հիմնադրամը սկսել է գործել այս տարվա հուլիսից: Հիմնադրամի հիմնական նպատակներն են՝ անկախ լրագրության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, մարդու իրավունքների իրազեկումն ու ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը և որակյալ տեղեկատվության ապահովումը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register