ԾԵՐԱՑՈՂ ՀԱՅ ԱԶԳԸ

1

Յուրաքանչյուր օր տարաբնույթ  խոսակցությունների, շշուկների ու կարծիքների ականջալուրը դառնալով, մեզ մոտ այս կամ այն հարցի վերաբերյալ որոշակի տպավորություն, կարծիք կամ իրավիճակի թվացյալ պատկեր է ձևավորվում: «Արտագաղթը հասել է սարսափելի չափերի», «Բանակում մարդաքանակի խնդիր կա», «Մեզ մոտ ամեն երկրորդը մահանում է ինֆարկտից» և այլն: Բարձրաձայնված այս մտքերը թեպետ այնքան էլ հեռու չեն իրականությունից, բայց դրանցում համոզվելու համար, հարկավոր է «խոշորացույցով» ուսումնասիրել վիճակագրությունը: Պաշտոնական տվյալներից հանրությանը հասանելի է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» (nih.am) կազմած «Վիճակագրական տարեգիրք. Առողջություն և առողջապահություն (2017)» կարևոր տվյալներ ներառող գիրքը: Մենք թերթել ու առանձնացրել ենք տարեգրքի առաջին` «Ժողովրդագրական  ցուցանիշներ» գլխի  ամենաուշագրավ կետերը:

Ծերացող ժողովուրդ

Գրքում ներկայացված են ՀՀ մշտական բնակչության տվյալները 1980 թվականից ի վեր: 1980-ին ՀՀ-ում ապրել է 3073.9 հազար մարդ (3 միլիոն 73 հազար 900 մարդ): Առավելագույն ցուցանիշն ունեցել ենք 1990 թվականին` 3514.9 հազար մարդ (ընդ որում` 2427.2 հազարը` քաղաքային, իսկ 1087.3 հազարը` գյուղական բնակչություն): 2017 թվականին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2986.1 հազար մարդ (2 միլիոն 986 հազար 100 մարդ), որից` 1901.4 հազարը` քաղաքային, 1084.7 հազարը` գյուղական: Այսինքն` ըստ պաշտոնական տվյալների 27 տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 528800-ով: Ամենամեծ տատանումը գրանցվել է 1990-1994 թթ. ընթացքում` 254.9 հազար մարդ, երկրորդ նման խոշոր տատանումը գրանցվել է վերջին տարիներին` 2012-2013 թթ. մեկ տարվա ընթացքում` 247.4 հազար մարդ: Ուշագրավ է նաև 0-14 տարեկան երեխաների և հատկապես  2002 թվականից հաշվարկվող` 15-17 տարեկանների տոկոսներով արտահայտված թվաքանակը: 1990 թվականին բնակչության 30.5 տոկոսը(այսինքն գրեթե 1/3-ը) եղել են մինչև 14 տարեկան երեխաներ: 2017 թվականին այս ցուցանիշը կազմել է 20 տոկոս: Հաճախ կարելի է տարբեր տեղերում լսել`«երեխաները մեր ապագան են»: Այս ցուցանիշով մեր ապագան մշուշոտ է դառնում:

 

Աղյուսակ 1՛՛

Էլ ավելի տարակուսելի է 15-17 տարեկանների ցուցանիշը: 2002 թվականին ընդհանուր բնակչության (այդ պահին կազմել է 3 միլիոն 212 հազար մարդ) 6.1 տոկոսը եղել է 15-17 տարեկան, այսինքն` 195.986 մարդ: Հաջորդող տարիներին ցուցանիշն անընդհատ նվազել է, իսկ 2017 թվականին հասել 3.3 տոկոսի, այսինքն` 15-17 տարեկանների թիվը անցած տարի կազմել է 98541:

Գրաֆիկ 1

Սա ամենամտահոգիչ ցուցանիշն է. «թարմ արյան» մատակարարումը դանդաղում է, տարբեր ոլորտներում սերնդափոխությունը կարող է կանգնել կամ դժվարությամբ իրականանալ: Ի վերջո, այս ցուցանիշից պարզ է դառնում նաև, որ զինվորների սակավություն կարող է լինել ու ՀՀ սահմանների պաշտպանության հարցը կարող է ծանրանալ:

Տարեգրքի նույն գլխում «Բնակչության բնական շարժը» աղյուսակում պարզ երևում է, որ յուրաքանչյուր տարի նոր ծնվածների և այդ տարի մահացածների տարբերությունը շոշափելի է, թեև պետք է նշել, որ 30 տարվա վիճակագրության համաձայն` ծնելիության ցուցանիշը զգալիորեն  նվազել է,իսկ մահացության ցուցանիշը՝ աճել: Այսպես` 1980 թվականին ծնվել է 70324 մարդ, մահացել` 17124-ը, 1990 թվականին ծնվել է 79882 մարդ, մահացել` 21993-ը, 2000 թվականին ծնվել է 34276 մարդ, մահացել` 24025-ը, 2010 թվականին ծնվել է 44825 մարդ, մահացել` 27921-ը, 2016-ին ծնվել է 40592 մարդ, մահացել` 28226-ը: Վերջին տվյալներով բնական աճը կազմել է 12366: Այսինքն, եթե այս ցուցանիշը պահպանվի, արտագաղթ կամ ներգաղթ չլինի, ապա 10-ը տարում մեր բնակչությունը կավելանա 120 հազարով:

Երկարակեցություն

Տարեգրքի ժողովրդագրական ցուցանիշներ բաժնում ներկայացված երկրորդ կարևոր վիճակագրությունը՝ «Կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդյան պահից» աղյուսակն է (տվյալները տրամադրում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառաությունը): Նկատեք, որ նշված է ոչ թե միջին, այլ սպասվող տևողությունը, որն անցած 28 տարիներին անընդհատ աճել է: Արական սեռի ներկայացուցիչների համար 1990 թվականին կյանքի սպասվող տևողությունը կազմել է 67.9 տարի, 2000-ին` 70.1, 2010-ին` 70.6, իսկ 2015-ին(վերջին տվյալն աղյուսակում)` 71.7 տարեկան:

Աղյուսակ 2 PNG

Կանայք ավելի երկարակյաց են. 1990-ի տվյալներով համապատասխան ցուցանիշը կազմել է 73.4 տարեկան, 2000-ին` 75.8, 2010-ին` 77.2, իսկ 2015-ին` 78.2 տարեկան:

Աղյուսակ 3 PNG

 

 

Մահվան պատճառներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում մահվան առաջնային պատճառը՝ սրտի իշեմիկ հիվանդությունն է համարվում` 2015 թվականին դրա պատճառով մահացել է 8.76 միլիոն մարդ, կաթվածը (գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը)` 6.24 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել: Մահացության 5-րդ ամենատարածված պատճառը՝ թոքի քաղցկեղն է: 2015 թվականին աշխարհում դրանից 1.69 միլիոն մարդ է մահացել:

Աղյուսակ 4

 

ՀՀ-ում մահացության պատճառներից ամենատարածվածը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որոնցից (2016թ. տվյալներով)13571 մարդ է մահացել: Երկրորդ տեղում նորագոյացություններն են. քաղցկեղից մահացել է 5695 մարդ: Մահացության երրորդ ամենատարածված պատճառը շնչառական օրգանների հիվանդություններն են` 2148 մարդ: Տղամարդականց և կանանց մահացության պատճառներն առանձին դիտարկվելով` տեսնում ենք գրեթե միանման ցուցանիշներ: Տարբերությունն ակնառու է շաքարային դիաբետից մահացածների դեպքում. տղամարդիկ` 450 դեպք, կանայք` 721: Վնասվածքների, թունավորումների, արտաքին պատճառների ներգործության դեպքում հակապատկերն է՝ տղամարդիկ` 960 մահ, կանայք` 324: «Ճամփորդը» շարունակելու է առաջիկա համարներում ներկայացնել առողջությանն ու առողջապահությանը վերաբերող վիճակագրական ուշագրավ տվյալներ: Առողջ եղե՛ք:

 

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register