ՑԱՎԻ ՀԵՌՈւՆ Ու ՄՈՏԻԿԸ

1

Վերջին  տարիներին մեզ համար ասես սովորական դարձած լինեն Եվրոպան ալեկոծող ահաբեկչական գործողությունները: Դրանք  մի երկրից  մյուսն են անցնում, մենք դրանց մասին  լսում ենք, մարդկայնորեն ցավ ապրում, հետո արդեն անցնում մեր առօրյային: Ու միշտ մեզ թվում է, թե բոլոր այդ սարսափելի իրադարձությունները մեզնից անչափ հեռու են, ու  որ միշտ՝ այդպես կլինի:

Սակայն այդպես չեղավ: Հայաստանի դրկից Իրանի խորհրդարանում ահաբեկչություն  իրականցվեց: Հայաստանցիներին  դա հիշեցրեց 1999թ. խորհրդարանական սպանդը, երբ մեր  հարևանի պես  մենք էլ մեր մաշկի վրա զգացինք ցավի ուժգնությունը: Մենք անհանգիստ, լարված ու մտահոգ ենք ոչ միայն  մեր մոտիկ հարևանին  պատուհասած դժբախտության համար, այլև  նրա, որ հեռուներում  մոլեգնող, մեզ միայն սարսափ ֆիլմ  հիշեցնող ահաբեկչությունն  ընդհուպ  մոտեցել է մեր դռներին: Շատ է մոտեցել: Եվ մի երկրում, որտեղ պետական  պահպանության ու վերահսկողության  խստագույն կարգ է պահպանվում, ահաբեկիչները զենք ու զրահով պառլամենտ են  ներխուժել. մնացածին արդեն, ցավոք, տեղյակ ենք մեր իրականությունից:

Ուրիշի ցավ իրականում չի լինում,  չի լինում նաև ցավի մոտիկն ու հեռուն: Եթե ահաբեկչության վարակն արդեն  մոլորակի մարմինն է պատել, ուրեմն կհասնի ամենուր,  ուղղակի ժամանակի հարց է, եթե չասենք՝ վերջ, եթե նույն կերպ մերժողական լինենք և՛ Լոնդոնում, և՛ Փարիզում և՛ այլ վայրերում իրականացված բռնությունների հանդեպ:

Մոլագար ահաբեկիչներն ընտրում են  խաղաղ ու մարդաշատ վայրեր, առանց աչք թարթելու զենք են կիրառում՝ տասնյակ մարդկանց զրկելով կյանքից, հարյուրներին վնասում ու միլիոններին սթրեսի ենթարկում՝ այս կերպ փորձելով  ինչ-որ բան ապացուցել, ցույց տալ իրենց ուժն ու կարողությունը: Անգամ  մահապարտ ու ինքնասպան լինելը որևէ  իմաստ ու բովանդակություն չի հաղորդում նրանց գազանություններին:

Գազանը միանգամից գազան  չի ծնվում. մարդկային հասարակությունը յուրաքանչյուրին շրջապատող միջավայրով ուղղակի պիտի բռնության, չարության դեմ անհանդուրժող լինի, պիտի մերժող լինի ու ի վերջո հասնի դրա իսպառ բացառման:

Գուցե ասեք, թե ես մարդասիրական, գեղեցիկ, բայց անիրական բաներ եմ ասում, սակայն հիշենք, որ մարդը վաղուց արդեն, և դա միլիոնավոր տարիներ առաջ էր,  առանձնացել է կենդանական աշխարհից, առանձնացել է գազանից ու մարդ դարձել:

Ուրեմն ինչու նորից ետ գնալ, ինչու մեկ ուրիշին կյանքից զրկել, չէ որ կյանք պարգևողն ու զրկողն ամենևին  էլ մենք  չենք…

Բայց և այնպես, չի կարելի կենտրոնանալ միայն մեկ պատահարի վրա՝ մոռանալով մյուսների մասին։ Թեհրանի մասին Հայաստանում խոսում էին բոլորը, Լոնդոնի ահաբեկչության մասին՝ շատ ավելի քչերը։ Որովհետև Թեհրանը մեզ մոտ է, վախ կա, թե այստեղ նույնպես կլինի ահաբեկչություն։ Կլինի, եթե «տեղայնացնենք»  տեռորիզմը՝ նախընտրելով խոսել միայն նրանց մասին, որոնք մեզ մոտ են ու մեզ համար են վտանգ ներկայացնում։  Մինչդեռ սա մեծ, համաշխարհային նշանակության խնդիր է, ու նրան հենց այդպես էլ պետք է նայել՝ լայն բացած աչքերով, և ոչ թե միայն  հատվածաբար՝ մեկ պետության օրինակով։ Բացեք ձեր սրտերը ցավի առաջ, որպեսզի դրան լուծում փնտրենք ու գտնենք։ Նաև եկեք լինենք անաչառ՝ դրա մասին խոսելիս․ չէ՞ որ ահաբեկչությունը մեծագույն չարիք է՝ անկախ նրանից՝ մեզ մոտ է, թե՝ հեռու։ Կորուստը նույնպես սահմաններ չի ճանաչում, և նրան նեղմտորեն վերաբերվելը նշանակում է հարցին «տեղային» ու ժամանակավոր լուծում տալ։ Մինչդեռ այս արհավիրքի հետ պետք է կռվենք  լայն բացած աչքերով, սրտերով ու գիտակցությամբ։

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register