ԲՈՒՀ-ԵՐՈւՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿՏՐՈւԿ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

Այս տարի ԲՈՒՀ-երի համար ճգնաժամային տարի է լինելու՝ տարիներ առաջ գործարկված դպրոցական 12-ամյա ուսուցման հետ կապված. բազմաթիվ թափուր տեղեր կան բուհական հաստատություններում, անցած տարվա համեմատ կտրուկ նվազել է ընդհանուր դիմորդների քանակը` գրեթե կիսով չափ: Բազմաթիվ ֆակուլտետներում միայն դրական, նվազագույն գնահատական ստանալով` կարելի է դառնալ ուսանող:
«Այս ընդունելությունը դեռևս 6 տարի հետապնդելու է ԲՈՒՀ-երին, որովհետև պակաս քանակություն ունեցող կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների, ծանրաբեռնվածության վրա: Հույս ունեմ, որ կրճատումների չի հասնի գործը»,- լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հրապարակած տվյալների համաձայն` հունիսի 1-ի դրությամբ 1519 դիմորդ է դիմել, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիմորդների քանակը կազմել է 2632: Միայն երկու ֆակուլտետում (Ռադիոֆիզիկա և Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա) այս տարի ավելի շատ դիմորդ է եղել, քան անցած տարի, մնացած բոլոր ֆակուլտետներում դիմորդների անկում է գրանցվել: Հատկանշական է, որ Եկեղեցաբանություն, Կենսաֆիզիկա և Կենսաինֆորմատիկա ֆակուլտետներում հունիսի 1-ի դրությամբ ընդամենը 1-ական դիմորդ է գրանցվել:
Գարեգին Ալեքսանայն