ԲՆՕՐԻՆԱԿԸ ԿԵՂԾԻՔԻՑ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

2

Ի՞նչպես և ի՞նչ պարամետրերով է որոշվում գեղանկարի շուկայական արժեքը, ո՞վքեր են սահմանում այն: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով էլ մենք ուղևորվեցինք ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Հենց այնտեղ մենք տեղեկացանք, թե որ նկարները դյուրությամբ հնարավոր չէ դուրս բերել ՀՀ սահմանից, իմացանք նաև,թե ինչպես են որոշում՝՝ նկարը բնօրինա՞կ է, թե՞ ոչ: «Ճամփորդի» զրուցակիցները փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Արսեն Հարությունյանն ու փորձագիտական բաժնի պետ Տիգրանուհի Մկրտչյանն են:

– Շուկայի մասին կարո՞ղ եք պատմել: Հետաքրքիր է, հիմնականում  նկարիչներն իրե՞նք են վաճառում գեղանկարները, թե՞ պատկերասրահները կամ ասենք՝ մշակութային արժեքների վաճառքով զբաղվող գործակալները:

Արսեն Հարությունյան – «Մեզ մոտ կան հեղինակներ, որոնք իրենց նկարներն իրենք են վաճառում և հենց իրենք էլ որոշում են ստեղծագործության շուկայական արժեքը: Հայաստանում գործակալների կամ դիլերների աշխատանք չկա: Կան մի քանի պատկերասրահներ, որտեղ վաճառվում են նկարներ: Այսօր վաճառքի հզոր գործիքներից է համացանցը: Իրենց անվամբ կայքեր են բացում կամ տարբեր հարթակներում ցուցադրվում»:

Տիգրանուհի Մկրտչյան – «Վաճառում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` հիմնականում տարբեր ցուցահանդեսների մասնակցելուց հետո»:

– Իսկ Հայաստանում աճուրդներ հաճա՞խ են կազմակերպվում:

Տիգրանուհի Մկրտչյան – « Որքան հիշում եմ, աճուրդի մեկ փորձ է եղել, «Շեդևր» պատկերասրահում»:

 – Փորձագիտական կենտրոնում ի՞նչպիսի նկարների հետ եք առնչվում:

Տիգրանուհի Մկրտչյան – «Մենք հիմնականում հին (50 տարին գերազանցող) նկարների և մշակութային այլ արժեքների հետ ենք առնչվում, որոնք չեն թույլատրվում Հայաստանի սահմաններից դուրս հանել: Նույնը վերաբերվում է կառավարության որոշմամբ բացառություն կազմող այնպիսի նկարիչների աշխատանքներին, որոնք թեև 50 տարվա սահմանում են ստեղծվել, սակայն արդեն դասական են համարվում: Օրինակ` Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի նկարները և այլն»:

Արսեն Հարությունյան – «Նման դեպքերում անպայման տեղի է ունենում փորձաքննություն` պարզելու համար, թե արվեստի տվյալ գործը հետաքրքի՞ր է ՀՀ-ի համար, թե՞ ոչ: Փորձաքննությունն իրականացվում է մեր կենտրոնում: Եթե փորձագիտական եզրակացությունը սահմանում է, որ թանգարանային կարևորության գործ է, ապա այդ դեպքում պետությունը մեկ ամիս ժամկետով առաջնային գնման իրավունք  և նախապատվություն է ստանում, որպեսզի շուկայական արժեքով անհատից գնի այդ աշխատանքը: Եթե մեկ ամսվա ընթացքում պետությունը չի գնում տվյալ աշխատանքը, այդ դեպքում անհատը կարող է այն տեղափոխել երկրի սահմաններից դուրս: Իսկ եթե վերջին 50 տարվա ընթացքում ստեղծված նկարներ են և ներառված չեն հատուկ ցանկում, ապա դրանք կարող են ազատ դուրս բերվել Հայաստանի տարածքից: Այս դեպքում կարևոր է, որ լինեն ստորագրված և ունենան տարեթիվ»:

Երբ խնդրեցի օրինակներ բերել, զրուցակիցներս նշեցին, որ գոյություն ունի փորձաքննության գաղտնիության ինստիտուտ, և չեն կարող բացահայտել ո՛չ անձին, ո՛չ աշխատանքը, քանի որ լինում են գողության դեպքեր: Միայն հանրային ուշադրության կենտրոնում գտնվող աղմկահարույց դեպքերում է, որ գաղտնիությունը պահելը հնարավոր չէ:

– Ո՞րն է ձեր առաջին քայլը նկարների հետ աշխատելիս:

Արսեն Հարությունյան – «Մեզ համար առաջնահերթ է հեղինակի իսկությունն ու ինքնությունը պարզելը: Նաև ճշտելը՝ նկարը բնօրինա՞կն է, թե՝ ոչ: Այնուհետև ուսումնասիրում ենք, թե աճուրդներում որքանով են վաճառվել հեղինակի աշխատանքները: Մեր շուկայում պահանջարկը կա, թե ոչ: Արժեքի որոշման նախապայմաններից է հեղինակի ով լինելը: Եթե հեղինակը հայ դասական նկարիչ է, ապա նրա աշխատանքների շուկայական արժեքն արդեն հայտնի է»:

– Ինչպե՞ս եք որոշում՝ նկարը բնօրինա՞կն է, թե՞ ոչ:

Տիգրանուհի Մկրտչյան – «Շատ բարդ հարց է: Եթե ինչ-որ մեկն ուզում է միջուկային ֆիզիկա հասկանալ, ապա նա առնվազն 6 տարի սովորում է: Այժմ մեզ մոտ կան մեծ փորձ ունեցող արվեստագետներ, փորձագետներ: Եթե սկսեմ շատ մանրամասն նկարագրել, ապա ամբողջ հարցազրույցը միայն սրա մասին կլինի: Իսկ եթե մի քանի բառով նկարագրեմ, ապա դա տարիների փորձի, փորձագետի ստացած կրթության, տեսածի արդյունք է: Փորձագետն ուսումնասիրում է յուրաքանչյուր դետալ: Այժմ տարբեր խոշոր քաղաքներում բնօրինակի ճշգրտումն իրականացվում է թանկարժեք տեխնիկայով»:

– Նկարի չափերը, նրա վրա ծախսած տարբեր նյութերի արժեքը հաշվի առնո՞ւմ եք:

Տիգրանուհի Մկրտչյան – « Արվեստի իսկական գործի համար չափերն իրականում կարևոր չեն: Գեղարվեստական գործը կարող է փոքրիկ, սակայն շատ բարձրարժեք լինել և ճիշտ հակառակը»:

– Քաղաքացին կարո՞ղ է ժամանակակից աշխատանքներից բերել ձեզ մոտ և պատվիրել փորձաքննություն, գնահատում:

Տիգրանուհի Մկրտչյան – «Այո, պատվերով մենք տալիս ենք փորձագիտական եզրակացություն»:

– Եթե սկսնակ նկարիչ է, հանրածանոթ չէ, որևէ ցուցահանդես չի ունեցել, ապա այդ դեպքո՞ւմ ինչ պարամետրերով եք գնահատում աշխատանքը:

Տիգրանուհի Մկրտչյան  – «Միայն գեղարվեստական արժեքով: Հեղինակը գուցե այն համոզմանը լինի, թե ինքը հոյակապ գործ է ստեղծել, բայց մեր փորձագետները  դա ցածր կամ միջին մակարդակի գործ համարեն: Աշխատանքը գնահատվում է՝ ելնելով կտավի մեծությունից: Նաև էական չէ, հեղինակն ,օրինակ, Հալեպում 20.000 դոլարով իր մեկ այլ աշխատանք վաճառել է, թե ոչ»:

– Իսկ եթե քիչ թե շատ հայտնի ժամանակակից նկարիչ է, հաշվի առնո՞ւմ եք նրա կրթությունը, ցուցադրությունները և այլն:

Արսեն Հարությունյան – «Իհարկե, այդ ամենը հաշվի ենք առնում, բայց այստեղ խոսքը վերաբերում է քիչ հայտնի նկարիչներին: Եթե շուկայում արդեն ձևավորված է նրա աշխատանքների արժեքը, փորձագետները հիմնվում են դրանց վրա»:

– Արվեստի գործի արժեքն այնքան է, որքան պատրաստ են նրա համար վճարել: Համաձայն ե՞ք այս մտքի հետ:

Տիգրանուհի Մկրտչյան – «Շատ դիպուկ միտք է: Սովորաբար արվեստի գործերը  ձեռք են բերում մեծահարուստները, ինչը համարվում է շռայլություն, ճոխություն: Վստահ եմ նրանց գերակշիռ մասը շատ լավ հասկանում է կերպարվեստից: Չհասկացող մարդը մեծ կարողություն չէր տրամադրի կտավների ձեռքբերմանը: Թեպետ լինում են նաև դեպքեր, երբ դրանք ձեռք են բերվում միայն պարծենալու համար»:

Արսեն Հարությունյան – «Բացի այդ, հարցին կարելի է այլ տեսանկյունից նայել: Այժմ տարբեր հնարքների միջոցով հնարավոր է հեղինակի աշխատանքն արհեստականորեն արժևորել: Մի քանի տարի աշխատում են այդ ուղղությամբ, տարբեր հայտնի ցուցասրահներում ցուցադրում են դրանք: Աուկցիոն են կազմակերպում, որտեղ իրենց թիմից մեկը մեծ գին է վճարում հեղինակի աշխատանքներից մեկի համար և վերջ… այդ հեղինակն արդեն բարձրաժեք է համարվում»:

– Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանում այժմ ամենաթանկարժեք նկարը որն է:

Տիգրանուհի Մկրտչյան – «Շատ վիճելի և բարդ հարց է: Օրինակ, եթե գնաք պատմության թանգարան կամ Ազգային պատկերասրահ, ձեզ չեն կարող պատասխանել, թե որն է ամենաթանկարժեք նկարը: Կան աշխատանքներ, մշակութային արժեքներ, որոնք գին չունեն, որոնք պատմագիտական տեսանկյունից անչափ կարևոր են»:

 

Փորձագետների հետ զրույցը գրի առավ

Գարեգին Ալեքսանյանը

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register