ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԸ՝ԿՐԹԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԱՅԵԼԻ
Մեր ուղեղներում դեռ չէր մարել Խոսրովի արգելանոցի անտառի մասին քննարկումներն ու տպավորությունները, երբ ևս մեկ նորություն գուժեցին․ Բյուրականի անտառներն են վառվում։
ԱԻՆ-ը շտապեց կրակը հանգցնելու, միացան նաև կամավորներ, ու ծավալվեցին քննարկումները։ Մի մասը մեղադրում էր աննախադեպ շոգերին, մյուսը վստահորեն պնդում, որ մարդկային գործոն կա, այն էլ՝ ոչ պատահական․ այրում են, որպեսզի հետագայում տարածքն այլ նպատակներով օգտագործեն։
Համատարած քննարկումների ու դժգոհությունների ֆոնին մի բան հստակ էր․ մեր հասարակությունը բնական աղետների, հատկապես՝ հրդեհների մասին քիչ տեղեկացված է ու շտապ կրթվելու կարիք կա։ 88-ի երկրաշարժը ստիպեց բոլորիս շատ զգոն լինել։ Այսքան տարի անց անգամ անընդհատ հիշեցվում են երկրաշարժի դեպքում ճիշտ պատսպարվելու միջոցները, հաճախ տպվում են բրոշյուրներ, կազմակերպվում սեմինարներ, շատ դպրոցներում նվիրվում են դասընթացներ՝ հիշտակելով Սպիտակի երկրաշարժը։ Բայց հրդեհների մասին շատ ավելի քիչ է խոսվում, անհասկանալի է՝ ինչու։ Ստացվում է, որ մի աղետը «գերադասում ենք» մյուսներից, և հենց այդ պատճառով էր, որ Խոսրովի արգելանոցի հրդեհի ժամանակ շատերն ուղղակի չգիտեին՝ ինչ անել, ինչպես օգնել ԱԻՆ-ին, և հիմնականում ավելի շատ խանգարում էին՝ օգնելու տեղակ։
Արտասահմանում տվյալ հարցն ավելի լավ է կարգավորված։ Օրինակ, մեծ տարածում ունի The Bushfire education անունը կրող կրթական կայքը, որն օգնում է փոքր տարիքի երեխաներին, հետո արդեն՝ միջին ու ավագ դպրոցի սաներին հասկանալ հրդեհների գոյացման մեխանիզմները՝ արհեստականից մինչև բնական, տարբերել դրանք, ինքնուրույն դուրս գալ փակ տարածքներից՝ հրդեհի դեպքում։ Սրանից բացի սովորում են նաև առաջին օգնություն ցույց տալ այրվածքների դեպքում, ավագ դասարաններում էլ սովորում են հոգեբանական աջակցություն ցույց տալ վնասվածներին։ Նախագիծը 2009 թվականից ի վեր իրեն արդարացնում է՝ տարածվելով Ավստրալիայով մեկ։
Ասում են՝ պաշտպանված է նա, ով իրազեկված է, և այս պարզ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Մեր կրթական ոլորտում պակասում են «մասնագիտացված» դասընթացները, որոնք , իհարկե, ինչ-ինչ չափով արդեն սկսել են ուսումնասիրել դպրոցներում ու համալսարաններում, սակայն դրանք ավելի հանրային դարձնելու կարիք կա։ Վկա՝ վերջին հրդեհները։ Գուցե հիմա Կրթության և գիտության նախարարությունը ստանձնի հանրային-տեղեկատվական կայքեր ստեղծելու պատրաստակամությունը, որպեսզի չկրկնվի այն աղետալի անգրագետ արձագանքները, որոնք լսվեցին հրդեհների ընթացքում։ Եվ եթե անգամ հրդեհներն արհեստածին են, հասարակության կիրթ ու բանիմաց լինելու դեպքում հաջորդ անգամ ոչ մեկը չի համարձակվի նման կերպ «տարածք ազատագրել», որովհետև կհասկանա․ հանրությանն այդքան արագ խաբել այլևս հնարավոր չէ, չէ՞ որ արդեն գիտելիք ու ընդհանուր տեղեկություն ունի կատարվելիքի մասին։
Սյունե Սևադա