ԲԻԶՆԵՍՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՇՈւՆՉՆ Է…

7

Բուկլետների, գրքերի, այցեքարտերի դիզայն և լազերային տպագրություն: «Մաստեր պրինտ» ընկերությունն առաջարկում է տպագրական ամենատարբեր ծառայություններ ։ Արտակ Համբարձումյանը՝ ընկերության տնօրենը , մասնագիտությամբ դիզայներ է։ Տարիներ շարունակ այլ ընկերություններում աշխատելուց հետո 2015թ․-ին որոշում է հիմնել սեփական տպագրատունն ու փոքրիկ բիզնեսը։

-Ինչպե՞ս հայտնվեցիք այս ոլորտում։
-Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ սկսեցի աշխատել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Արևածաղիկ» թերթում։ Այդ ոլորտը շատ էր ձգում ինձ։ Սկսեցի այս ընկերոջս մոտ, այն ընկերոջս մոտ խորությամբ ուսումնասիրել դիզայներական ծրագրերը ․․․ Զգացի, որ ինձ բարձրագույն կրթություն է անհրաժեշտ։ Գնացի դուրս սովորելու։ Երկու տարի սովորելուց հետո փոխեցի հեռակա ու զուգահեռաբար աշխատանքի անցա Մոսկվայում։ Ուսումս ավարտելուց հետո վերադարձա Հայաստան ու ընկերոջս հետ հիմնեցինք տպագրատուն։ Մի քանի տարի միասին աշխատելուց հետո զգացի, որ բավականաչափ աճել եմ ու կարող եմ ստեղծել իմ բիզնեսը։ Վաճառեցի իմ բաժնեմասն ու հիմնեցի «Մաստեր պրինտը»։ Քանի որ դաշտին արդեն ծանոթ էի, ունեի ծանոթ հաճախորդներ: Հենց նրանք դարձան «Մաստեր պրինտի» առաջին հաճախորդները։

– Հիմնականում ի՞նչ եք տպագրում։
-Ամեն ինչ՝ բուկլետներից սկսած մինչև այցեքարտեր, ժուռնալներ, գրքեր՝ մինչև 100․000 օրինակ։ Լազերային բարձրորակ տպագրություն ենք առաջարկում։

-Պահանջարկը Հայաստանում մե՞ծ է։
-Մի քանի տարի առաջ ավելի լավ էր։ Ամեն ինչ կախված է մարդկանցից։ Եթե մարդիկ գնում են երկրից, բնական է, որ պետք է վատանա։ Ամենաշատ պատվերները լինում են մայիսին։ Այս սեզոնին հիմնականում պիտակներ են պատվիրում, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին՝ օրացույցներ, բացիկներ, հրավիրատոմսեր ․․․

– Հայաստանում տպագրատուն ունենալը շահավե՞տ է ։
– Ես շահույթի հետևից չեմ ընկնում, շեշտը դնում եմ սոցիալական նշանակության վրա։ Ի սկզբանե, երբ հիմնում էի տպագրատունը, մտածում էի այնպես անել, որ որևէ բանով օգտակար լինեմ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այսօր ինձ մոտ նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ են աշխատում, իմ շահույթի մի մասը ես հատկացնում եմ հաշմադամություն ունեցող այդ մարդկանց կարիքներին․․․ Այս ամենի մասին ես չեմ բարձրաձայնում, բայց սա շատ կարևոր է ինձ համար։

– Բիզնեսում հաջողելու համար ի՞նչ է անհրաժեշտ։
– Պետք է հասկանաս գործիդ բնույթն ու սիրով անես այն։ Եթե մտածես՝ փողը ներդնես ու շահույթը կգա, այդպես չի լինի ։ Դու պետք է քո բզինեսի գլխին լինես։ Քո բիզնեսը պետք է շնչի քեզնով։

master

Տաթևիկ Սարգսյան
Լուսանկարները՝«Master print»-ի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register