ԲԻԹՔՈԻՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԴՈԼԱՐԻՆ

3

 Ֆինանսական շուկաներում բիթքոինի նկատմամբ հետաքրքրության աճի, չկանխատեսվող գնի եւ մարդկանց սպեկուլյատիվ հավատի մասին «Ճամփորդը» զրուցել է Ֆրանսիական համալսարանի Կառավարման 4-րդ կուրսի ուսանող, ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանի հետ:

«Բիթքոինն անցած տարվանից սկսեց հետաքրքրություն ներկայացնել ֆինանսական շուկաների համար: Այն մեկ տարվա ընթացքում՝ 2017թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 18-ը 712 դոլարից դարձավ 20.000 դոլար: Այդ աստիճան մեծ եկամտաբերությունն անմիջապես գրավեց ֆինանսական ինստիտուտների ուշադրությունը: Հենց այդ ժամանակ ես շատերի պես սկսեցի հետաքրքրվել ֆինանսական շուկաների նոր ճյուղով՝ կրիպտոարժույթով: Հիմա այդ ճյուղը փորձում է առանձնանալ մյուսներից: Սկզբում այն ստեղծվեց որպես դրամական փոխանցումների համակարգ, որը պետք է հեշտացներ առեւտուրը: Բայց ժամանակի ընթացքում կորցրեց այդ «առաքելությունը» եւ դարձավ ներդրումային գործիք: Մարդկանց 90 տոկոսը հիմա ներդրում է  կատարում բիթքոինի մեջ ոչ թե նրա համար, որ հարմար է դրանով առեւտուր անելը, այլ գումար է ներդնում՝ ակնկալելով, որ վաղը գինը կթանկանա եւ այդ տարբերությունից ինքը եկամուտ կստանա:

Ես ընդհանուր տնտեսագիտությամբ եմ զբաղվում, բայց բիթքոինի նկատմամբ նման մեծ ուշադրությունն ինձ ստիպեց մտածել՝ կարո՞ղ է այն փոխարինի դոլարի գերիշխանությանը: Այդ հետաքրքրությունն ինձ ստիպեց, որ խորանամ այս ոլորտում: Ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ դոլարը շատ ամուր է, եւ բիթքոինը չի կարող փոխարինել դրան: Նախ՝ ամերիկյան իշխանությունը թույլ չի տա, որ որեւէ արժույթ փոխարինի դոլարին, երկրորդ՝ բիթքոինն այնքան զարգացած չէ տեխնոլոգիապես, որ կարողանա կատարել այդ դերը: Երբ շուկան մի փոքր ակտիվանում է, մարդիկ սկսում են շատ առեւտուր անել, մի գործարքի հաստատման ժամկետը կարող է հասնել մինչեւ 20 ժամի՝ անկախ նրանից ինչ քանակի բիթքոին ես գնում: Սա, իհարկե, առօրյայում օգտագործումը դարձնում է անհնար, քանի որ եթե խանութում առեւտուր ենք անում, դժվար սպասենք 20 ժամ, որ գործարքը հաստատվի: Իսկ նախկինում, երբ շուկան թեթեւ էր, մի քանի վայրկյանում հաստատվում էր:

Աշխարհում ամենաշատ մայներների թիվը Չինաստանում է  կենտրոնացած, ընդհանուր թվի մոտ 60 տոկոսն այնտեղ է: Բայց Հայաստանում վերջերս բացվեց մի մայնինգ կենտրոն, որն իր անդամների թվով ամենամեծն է աշխարհում: Սա, իհարկե, ռիսկային ոլորտ է, քանի որ տատանումները շատ արագ են տեղի ունենում: Մի տարի առաջ բիթքոինը 20000 դոլար էր, այսօր 6000 դոլար է, ու եթե վաղն արթնանանք ու տեսնենք, որ գինն իջել է 1000 դոլար, չպետք է զարմանանք: Օրինակ, Apple-ի բաժնետոմսերի գինն ուղիղ համեմատական է այդ ընկերության գեներացրած շահույթին: Իսկ բիթքոինի դեպքում չկա որեւէ հանգամանք, որը բացատրի դրա ինչի է դրա գինը 6000 դոլար: Եւ առհասարակ, կան հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բիթքոինի իրական գինը չի գերազանցում 200 դոլարը: Մարդկանց ստիպում է այստեղ ներդրում անել սպեկուլյատիվ հավատը:

Խոսվում է, որ աշխարհում մոտ 20 մլն բիթքոինի օգտատեր կա, բայց կարծում եմ՝ այդ թիվը շատ ավելի մեծ է:

Մի քանի երկրներում արդեն արգելել են բիթքոինի մայնինգով զբաղվել: Սովորաբար դրանք այն երկրներն են, որտեղ կա սեփական արժույթի լուրջ խնդիր; Դրանցից մեկը Վենեսուելան է, որի արժույթը մեկ տարվա ընթացքում մոտ 10 անգամ էժանացավ: Մի քանի տարի առաջ բիթքոին գնողների մոտ 90 տոկոսը Չինաստանից էր: Հիմա Չինաստանը եւս արգելել է: Փոխարենը, անցած տարի Ճապոնիան օրինականացրեց բիթքոինի մայնինգը, այնտեղ կարելի է անգամ աշխատավարձ վճարել բիթքոինով: Մանրածախ առեւտուրը եւս տեղի է ունենում բիթքոինով: Հիրոսակի քաղաքի կառավարությունն անգամ որոշում ընդունեց, ըստ որի կարող է նվիրատվություններ ընդունել բիթքոինով»:

Հարցազրույցը` Տաթեւիկ Սարգսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register