ԲԻԲԼԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ ՉԳԻՏԵՆ…

1

 «AM TRAVEL» տուրիստական ընկերությունը արդեն 17 տարի զբաղվում է արտագնա տուրիզմով: Ընկերության հիմնադիր Լարիսա Մկոյանը 2006թ.-ից սկսել է զբաղվել նաև ներգնա տուրիզմով: «AM TRAVEL»-ը սկսել է օտարերկրյա քաղաքացիներին ծառայություններ առաջարկել նաև այս ոլորտում: Լարիսա Մկոյանի հետ մեր զրույցը կազմակերպության անցած ճանապարհի, ոլորտում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին է:

– Տիկին  Մկոյան, ներգնա տուրիզմի զարգացման համար ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ:– Առաջին հերթին պետք է սահմանները բաց, թռիչքներն էլ շատ լինեն… Գիտեք՝ գնացքով հնարավոր չէ հասնել Հայաստան, իսկ եվրոպական երկրներից Հայաստան ուղղակի թռիչքներ  էլ չունենք: Սրանք բոլորն էլ խանգարող հանգամանքներ են: Թեև դանդաղ, բայց դրական տեղաշարժ էլ է նկատվում: Մարտի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ քաղաքացիներին՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու  հնարավորություն ընձեռող որոշումը: Թռիչքների դեպքում որևէ խնդիր չի լինի, իսկ մեքենաներով Հայաստան գալու հետ կապված դեռ ճշտումներ պետք է արվեն: Հույս ունենք, որ այս որոշման արդյունքում տուրիստների ներհոսք կլինի:

Մարտի 14-16-ին Մոսկվայում մասնակցելու ենք «MITF» ցուցահանդեսին (Moscow International Travel Fair), որի ժամանակ տարբեր երկրների կազմակերպությունների հետ միասին՝ մենք էլ կներկայացնենք մեր առաջարկները: Ակնկալում ենք, որ տուրիստների մեծ հոսք կլինի Ռուսաստանից:

– Որքանո՞վ և ինչ կերպ է Հայաստանը  ներկայացվում միջազգային հանրությանը:-Դա  ամենացավոտ հարցերից է: Այս տարիների ընթացքում այլ երկրներում բազմաթիվ գործընկերներ ենք ձեռք բերել: Նրանցից շատերն ասում են, որ մեզ չեն ճանաչում: Պարզ է, որ այդ հարցը մի կազմակերպության ուժերով չի կարող լուծվել, պետական մակարդակի քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն է առաջացել, մենք շատ լավ PR-ի կարիք ունենք:

-Հարևան երկրների հետ համագործակցո՞ւմ եք:– Վերջերս եմ վերադարձել Իրանից և շատ տպավորված եմ: Արդեն մշակել ենք Վրաստան-Հայաստան-Իրան փաթեթը, որը հատկապես հեռու երկրներից՝ Հնդկաստանից Չինաստանից, Ճապոնիայից այցելողներին շատ կհետաքրքրի, քանի որ մարդկանց մի քանի օր ավել մնալու, հարևան երկրներ այցելելու ու նոր հեռանալու հնարավորություն է ընձեռում: Կարծում եմ՝ սրանով նաև տարածաշրջանային տուրիզմը կզարգանա:

– Հայաստան այցելողները նախընտրում են Երևանո՞ւմ մնալ, թե՞ մարզեր այցելել:– Կախված է նրանից, թե որքան ժամանակով են գալիս: Եթե 3-4 օր է, իմաստ չունի տուրիստին հեռավոր մարզեր տանել: Բայց եթե 7 կամ 10 օրով է, անպայման այցելում ենք մարզեր: USAID-ն՝ արշավային տուրիզմի, մարզերում գիդերի ծառայությունների զարգացման հետ կապված  որոշակի ծրագրեր է իրականացնում: Մարզերում գիդերի առկայությունը միայն կօգնի մեր գործին, որովհետև տեղացի գիդը շատ ավելին կիմանա, քան մայրաքաղաքում մեծացած, կրթություն ստացած մեկը: Բացի այդ կազմակերպությունը կազատվի նաև գիդի գիշերակացի և այլ ծախսերից, ինչի արդյունքում տուրիստներին ավելի մատչելի փաթեթներ կկարողանանք առաջարկել:

– Արցախի նկատմամբ հետաքրքրությունն ինչպիսի՞ն է:– Հետաքրքրությունը շատ մեծ է, մարդկանց մի մեծ խումբ կարդացել է, տեղյակ է, ուզում է գնալ ու տեսնել…  Բայց իրավիճակից է կախված, եթե լսում են, որ պատերազմ է, բնական է, չեն գնում: Եթե խաղաղ է, հոսքը մեծ է:

-Հայաստանում լեռներ բարձրանալու, վրաններում մնալու, խաշ  ուտելու առաջարկներով դիմու՞մ են:– Իհարկե, հատկապես եվրոպացի երիտասարդներին 4-5 աստղանի հյուրանոցներով չես զարմացնի: Նրանք հիմնականում բնության, hiking-ի համար եմ գալիս,« Զիփլայնն» է նրանց շատ գրավում …

– Թանկ ավիատոմսեր, թանկ ծառայություններ: Ձեզ համար դժվար չէ, այս ամենն ինչպե՞ս եք հաղթահարում: Ինչու պետք է  տուրիստը հենց «AM TRAVEL»-ն ընտրի:– Մենք առաջնորդվում ենք հաճախորդին ուղղված՝ «Անել ավելի շատ, քան խոստանում ենք» կարգախոսով: Մենք չենք ուզում մեկօրյա  հաճախորդ, ցանկանում ենք, որ նրանք անընդհատ մեզ մոտ վերադառնան և այլ երկրներում դառնան մեզ պոտենցիալ գովազդողը:

– Որքանո՞վ է կնոջ համար հեշտ կամ դժվար այս ոլորտում աշխատելը:– Այս ոլորտն ինձ համար շատ հետաքրքիր է: Չնայած նրան,որ մասնագիտությամբ քիմիկ եմ, ավարտել եմ Լոմոնոսովի անվան համալսարանը, քիմիական գիտությունների թեկնածում եմ, ես  մեծագույն սիրով եմ իմ գործը անում: Ընտրելով տուրիզմը՝ ես շատ երջանիկ եմ:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register