ԲԵԲԵՏԱՆ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ

arian

Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս ունեցած իր ելույթում կարևորեց  զինվորական ոլորտում կանանց ներառումը: Նրա հետ միանշանակ համակարծիք լինելով, մոտս գաղափար ծագեց  ձեզ հետ քննարկել թե՛ կին զինվորների ներառման, թե՛ զինվորականների հետագա ադապտացմանը վերաբերող թեման: Խնդիրն ավելի հասկանալի դարձնելու համար, ուզում եմ որոշակի զուգահեռներ  անցկացնել մեզ ճակատագրակից Իսրայելի հետ: Տարածքով  փոքր, թշնամիներով շրջապատված  այդ երկիրը նույնպես «ճաշակել» է  ցեղասպանության դառնությունը:Նրա զավակները նույնպես  ճակատագրի կամոք դարձել են աշխարհասփյուռ: Իսրայելի բանակում կին զինվորականը բնական ու բնականոն երևույթ է: Կանանց  ծառայությունը ԶՈՒ-ում, շատ հաճախ որպես առավելություն է դիտարկվում, քանի որ ֆիզիկական ուժով տղամարդկանց զիջող կանայք, շատուշատ այլ հարցերում նրանց գերազանցում են: Աշխարհի համար այլևս նորություն չէ, որ դիոֆրագմալ շնչառության հաշվին կին-դիպուկահարները տղամարդկանցից քառակի քիչ են վրիպում: Դրանից բացի, հաճելի կլիներ նաև  տղամարդկանց շարքերում կանանց տեսնելը:

Թերևս շատերին է հայտնի, որ պատերազմները վաղուց արդեն տեխնոլոգիական բնույթի են, քչացել է մարդկանց միջանձնային շփումը, ինչն օգնում է հնարավորինս քիչ զոհեր տալ: Ենթադրաբար, հենց այս պատճառով  էլ ֆիզիկական ուժը մղվել է երկրորդ պլան: Իսրայելի կին զինվորականները հիմնականում մասնագիտանում են «հեռակա»  տեխնոլոգիաների ոլորտում` կարևոր հարցեր լուծելով բանակի համար: Բացի դրանից, հենց կին մասնագետներին է վերապահվել  Իսրայելի զինվորականներին վերապատրաստելու պատասխանատվությունը: Այլ կերպ` սեռերի համագործակցության համար կարելի է տարբերակ գտնել անգամ ռազմի դաշտում, ուղղակի՝ ցանկություն ու հնարավորություններ են պետք: Մենք նույնպես խիզախ կանանց պակասություն չունենք, մեր զինտեխնիկան նույնպես  գնալով  կատարելագործվում է, ինչն իր հերթին զինվորական գործընթացներում կանանց ընդգրկվածության  հնարավորությունն է մեծացնում:

Կյանքը բանակից առաջ և հետո շատ է փոխվում: Հայաստանյան երիտասարդների կյանքում բանակը  թեև կարևոր, բայց միևնույն է՝ մեկ փուլ է միայն, և մենք պարտավոր ենք մեր պաշտպանների համար արժանավայել կյանք ապահովել նաև ծառայության ավարտին: ՀՀ-ում մասնավոր սեկտորը Կառավարության հետ համագործակցելով պետք է  մեր երիտասարդների համար կեցության նպաստավոր պայմաններ ստեղծի: Դիտարկման դեպքում կնկատենք, որ վերջերս ՏՏ ոլորտում  բավականին մրցանակներ շահեցինք: Ուրեմն  ինչո՞ւ չի կարելի կենտրոնանալ հենց այս ոլորտի վրա՝ երիտասարդներին դարձնելով ՏՏ հրաշալի մասնագետներ: Չէ որ  տարածաշրջանում  մենք  ոլորտի առաջատար ենք:  Բանակից վերադառնալուց հետո երիտասարդները ճակատով խփվում են անորոշությանը. ինչպե՞ս կառուցել ապագան, սովորե՞լ, թե՞ աշխատել է անհրաժեշտ: Պետությունն էլ նախկին զինծառայողի հետագա կյանքով մասամբ է հետաքրքրվում: Օրինակ, անվճար ուսուցման հնարավորություն է ընձեռում: Երիտասարդները ժամանակ են կորցնում թե՛ մասնագիտական կողմնորոշման, թե՛ հասարակությանն ինտեգրման վրա: Այս հարցում նույնպես Իսրայելը հետաքրքիր լուծում է առաջարկում. դեռ  ծառայության տարիներից սկսած զինվորականին՝  սահմանը պաշտպանելուն զուգահեռ ինչ-ինչ ոլորտներում մասնագիտանալու, հետաքրքրություններ գտնելու հնարավորություն է  տրվում: Ծառայության ավարտից հետո երիտասարդը զինվորական լինելուց բացի նաև մասնագետ է դառնում: Այս փուլից հետո նրան գործուղում են մեծ ու լուրջ կազմակերպություններ` վերապատրաստման: Ստացվում է, որ ռազմական դասերը  ամենևին էլ չեն խանգարում կյանքի դասերին, Իսրայելը ստանում է առողջ, խելացի, մասնագիտություն ունեցող երիտասարդներ:

Ի դեպ` առողջության մասին: Բանակային կյանքը հաճախ լուրջ սթրես է առաջացնում երիտասարդների մոտ՝  բազմաբնույթ խնդիրների տեսքով արտացոլվելով նրանց հետագա կյանքի վրա: Հրաշալի կլիներ, եթե շատ երկրների պես մենք նույնպես ծառայության ավարտից հետո անհրաժեշտության դեպքում զինվորականների համար կազմակերպեինք հոգեբանական ծառայություններ: Պետությունը պետք է ակտիվ դեր ստանձնի  հնարավոր խնդիրները սահմանելու և դրանց լուծմանն աջակցելու հարցում, անհրաժեշտության դեպքում,իհարկե:  Ժամկետային զինծառայողը   քաղաքացիական կյանքում ևս պիտի  վստահ լինի իր անձնական կյանքի խաղաղության ու ապահովության վրա: Մենք պետք է տեխնիկական զարգացվածության շնորհիվ նվազեցնենք զոհերի քանակը, կրթենք երիտասարդներին և հետագայում տրամադրենք նրանց մարդավայել աշխատանք` համագործակցելով խոշոր ընկերությունների հետ:  Սա նվազգագույնն է, ինչ կարող ենք անել մեր խաղաղության պահապանների համար:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register