ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀՍԿԱՆԵՐԸ

1

Վերջին օրերի նլրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում սկսեց ակտիվորեն տարածվել վանդակներում փակված արջերի լուսանկարները: Բնությունից ու բնական միջավայրից կտրված արջերի լուսանկարներն արված են Հայաստանի տարբեր մարզերի ու մայրաքաղաքի ռեստորանային համալիրների, ժամանցի կենտրոնների, հանգստյան գոտիների տարածքներում: Լուսանկարներից մեկում էլ երիտասարդ ընտանիք է՝ սեղանի շուրջ, ու գետի մյուս ափից սովահար հայացքով նայող կովկասյան գորշ արջ:

2

Զգայուն ազգ ենք, անմիջապես արձագանքում ենք ամեն ինչին: Արջերի լուսանկարները շղթայական ռեակցիայի պես անցան հայկական միջավայրով՝ հատկապես սոցցանցային տիրույթում հուզումներ առաջացնելով: «Կարմիր գրքում գրանցված արջերին օգտագործում են որպես մարդկանց զվարճացնելու միջոց» բովանդակությամբ մեկնաբանություններն ամենատարածված գնահատականներից էին:  Եկեք չմոռանանք, որ Կենդաբանական այգում էլ կարելի է հանդիպել բազմաթիվ արջերի, որոնց առաջնային նպատակը գուցե եւ մարդկանց զվարճացնելը չէ, բայց փաստացի շատ այցելուների զվարճանքի մեծագույն չափաբաժինը նրանք են ապահովում: Տարբերությունը կյանքի, միջավայրի ու կենսագործունեության որակի մեջ է:

3

Բանտարկված արջերի լուսանկարները տեսնելիս առաջինը որ մտածում եմ, ոչ թե այն է, թե ինչքան սոված են նրանք նայում մոտակայքում ընթրող մարդկանց, այլ այն, թե առհասարակ ինչ պայմաններում են նրանք տարիներ շարունակ ապրում, ինչ ազդեցություն կարող է այն ունենալ շրջակա միջավայրի ու անհետացման եզրին գտնվող կենդանու համար:

5

Բարոյականության ո՞ր նորմով է արդարացվում բնությունից կենդանուն կտրելն ու նեղ վանդակում պահելը, սեփական քմահաճույքով որոշելը՝ երբ ու ինչ ուտի կենդանին, ջրով պատված գետնին քնի, թե պատեպատ դիպչելով փորձի ճաղավավանդակի նեղ անցքով դուրս պրծնել․․․

Որտեղո՞վ է անցնում սեփական եկամուտն ամեն ինչից վեր դասող մարդու ու սրտացավ քաղաքացու, բնասերի սահմանն, ու ինչու՞ անձնական շահը սպանում է ցանկացած բարոյական նորմ․․․

4

Բանտարկված արջերի լուսանկարներն անտարբեր չթողեցին միջազգային լրատվամիջոցներին ու կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։Արջերի նկատմամբ բարբարոս վերաբերմունքից մի կերպ սթափվելով՝ բրիտանական International Animal Rescue կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ. «Պահվելով փոքր, կեղտոտ վանդակներում, սոված ու մոռացված, այս արջերը փրկության կարիք ունեն, քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են մեղմացնել իրենց տառապանքը և ձանձրույթը անընդհատ քայլելով այս ու այն կողմ, գլուխները պատերին զարկելով կամ ճաղերի վրա մագլցելով փորձում են ամեն գնով գտնել փախչելու ուղին» :

6

Գործնական քայլերը նույնպես ուշացնել չտվեցին։ Կազմաեկրպությունը նախաձեռնեց Հայաստանում կառուցել ապաստարան, ինչի համար դրամահայթայթման մեկնարկն արդեն իսկ տրված է.«Մենք ծրագրում ենք կառուցել ապաստարան որքան հնարավոր է շուտ, ու փրկել որքան հնարավոր է շատ արջերի»:

Մի կողմից ուրախալի է, որ որոշ արջերի փրկության հարցը մոտ ապագայում կլուծվի, մյուս կողմից՝ հասկանալի, որ միջազգային կազմակերպությունների աջակցությունը ժամանակավոր ու ոչ խորքային լուծում է, քանի դեռ մեր երկրում չկա գիտակցում, որ բնության ու շրջակա միջավայրի պահպանությունը վեր է ցանկացած եկամտից՝ Երկիր մոլորակի որ ծայրում էլ ապրես, քանի դեռ որոշ մարդկանց աշխարհայացքը սահմանափակվում է ճաղավանդակի անցքի նեղությամբ։

Լուսանկարները՝ FPWC
Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register