ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

holl

Գագիկ Մխիթարյանը և Արսեն Վարդանյանը մանուկ հասակից Գյումրիում «փոս» ու «պուդուկ» են խաղացել: Տետր ու գրիչի կողքին՝ «ֆռռիկն» ու «ղայթանն» են պայուսակում տեղավորել: Մանկության քաղցր հիշողություններն էլ 2015 թվականին Գագիկին «հարկադրել» են Արսենին խնդրել՝ իր համար հոլ գտնել: Ձեռք բերելով մանկության տարիներին ունեցած հոլի նախատիպը, ասվածից մեկ տարի էլ չանցած՝ երիտասարդները գործի են անցել:

Այսօր արդեն, արհեստագործ-վարպետների, նկարիչների ու մասնակից այլ արևամիտ երիտասարդների ջանքերով Գյումրիում մեծ քանակությամբ հոլեր են արտադրվում: Դրանք առաքվում են դեպի Երևան ու մարզեր, պատվերներ են լինում անգամ սփյուռքից: Որակյալ հումքից պատրաստված, ստանդարտ տեսքով հոլերի վրա երիտասարդները կյանքը՝ նախշազարդելով արև ու գարուն, ծիածան ու երկինք են պատկերում:

Հոլին անծանոթ սերունդը զարմացավ ու հետաքրքրվեց: Հաշվի առնելով օրավուր ընդլայնվող պահանջարկը, կարելի է վստահաբար ասել, որ նախագիծն իրոք հաջողված է: Բակերում մեծ ու փոքր ժպիտով հոլ են բանեցնում, մրցում միմյանց հետ ու հիանում այդ պարսատիկային ենթախմբի խաղային գործիքի հնարավորություններով: Մարդիկ ցնծում են, երբ իրենց հոլը մրցաշարում «գոնչ» հաղթական տիտղոսին է արժանանում:
Հոլերի արտադրությունը ապահովում է մարդկանց աշխատանքով, խրախուսում է տեղական արտադրանքն ու մշակույթը: Եվ վերջապես, «ֆռռիկ»-ը բոլորին բակ է վերադարձնում:

Մեզ հետ զրույցում Արսենը նշեց, որ մշակութապահպան այլ ծրագրերից բացի նախատեսվում է Գյումրիում կազմակերպել նաև հոլի փառատոն:
Ավագ սերունդը բակերում «հոլի տեխնիկա» է ուսուցանում, պատմում, թե ինչպես է պետք օգտագործել«ղայթանը» (հոլի թելը,-հեղ.), ինչ ուժ է պետք գործադրել, որ հարվածը լինի դիպուկ ու արդյունավետ: Կարճ ասած՝ հոլ բանեցնելը ամեն մեկի խելքի բանը չէ: Նախաձեռնողներն են, որ կատարելապես տիրապետում են կյանքի ու «ֆռռիկ»-ի կանոններին:

Մելինե Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register