ԲԱ ԽԻ՞ ՉԵՍ ԱՄՈւՍՆԱՆՈւՄ

111

Մենք բոլորս էլ ունենք երկուսից հինգ ծանոթ (լավագույն դեպքում՝ այսքան քիչ), որոնք մշտապես հետաքրքրված են մեր անձնական կյանքով։ Եթե մենակ ես՝ սիրելի են փնտրում, ընկեր ունես՝ նշանադրում ու ամուսնացնում են, ամուսնացնելուց հետո պահանջում են երեխա, ունենալուց հետո անհանգստանում երկրորդի համար։

Կարելի է լսել ցանկացած հարց, անգամ ամենաաբսուրդայինները․ «Բա խի՞ չես ամուսնանում», «բա խի՞ չեք նշանվում, չե՞ս մտածում, որ օգտագործում է քեզ», «երեխա չեք ուզո՞ւմ, թե՞ հիվանդ ես, ճիշտն ասա, զուգընկերոջդ ստուգե՞լ են, տանե՞մ իմ ծանոթ բժշկի մոտ»․․․Իրականում, հարցասեր մարդիկ իրավունք ունեն տալու միայն մի հարց՝ եթե իրենց մտերիմ են համարում։ Եվ այդ հարցը հնչում է այսպես․«Ի՞նչ ես դու ուզում»։ Վե՛րջ։ Սա հարցերի հարցն է, ամենակարևորը։

Բայց արի ու տես, որ այս հարցին ոչ մեկը լրջորեն չի վերաբերվում։ Թեկուզ հասարակ օրինակ, երբ փորձում են աղջիկների հետ ծանոթանալ, և աղջիկները քաղաքավարի մերժում են՝ ասելով, որ ուղղակի չեն ուզում ծանոթանալ, տղամարդիկ սովորաբար նշում են, որ դա բավարար պատճառ չէ, այ եթե ընկեր ունենար կամ մի քիչ հղի լիներ՝ կհասկանային։

Ինչո՞ւ Հայաստանում կնոջ՝ ինչ-որ բան ուզել կամ չուզելը չի համարվում բավարար պատճառ՝ որևէ բան անելու կամ չանելու համար։ Եվ ցանկացած՝ սեփական ցանկության դրսևորում, կամ դրսևորման փորձ  ներկայացնում են խիստ գերադրական տարբերակով։ Օրինակ, եթե դու ասում ես,  որ չափահաս ես ու ինքդ ես ուզում որոշել՝ ում հետ շփվել ու որ ժամին վերադառնալ տուն, շատ քիչ մարդիկ են, որ մտածում են, որ ուզում ես ուղղակի թայմ մենեջմենթ սովորել, ճիշտ կառավարել օրդ՝ ընտրելով շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք խելացի են, հաջողակ, որոնցից կարող ես սովորել, ում կարելի է ընդօրինակել։ Չէ, բոլորը միանգամից պատկերացնում են, որ պետք է վերադառնաս տուն առավոտյան երեքին ու ընկերանաս թմրամոլների հետ։

Եթե բացարձակ օբյեկտիվ դիտարկենք իրավիճակը, մարդն ազատ է անելու ամեն բան՝ եթե իր քայլերով չի վնասում այլոց, և, գործնականորեն, թմրամոլ դառնալով միայն իրեն է վնասելու՝ ընդհանուր առմամբ, և կարող է տուն գալ ցանկացած ժամի։ Հասարակությունը չէ, որ պիտի դատի կամ որոշի։ Բայց այստեղ հետաքրքիր է ոչ թե մարդկանց «ժամային գոտին», այլ նույն հարցի վերաբերմունքը՝ երկու սեռերի նկատմամբ։ Այ, տղամարդկանց դեպքում՝ թմրամոլների հետ ընկերանալու միտքը ավելի հազվադեպ է հանդիպում։ Ստացվում է, որ տղամարդկանց կարելի է վստահել, իսկ կանանց՝ ոչ, չնայած, որ կանայք, սովորաբար, ավելի քիչ են հակված «վատ շրջապատում» հայտնվել։ Սա ուղղակի թեմայի մեջ, բայց՝ թեմայից դուրս մի փոքրիկ ակնկարկ էր, որը ցույց է տալիս, որ կարծիք հաշվի չառնելը տարածված է ոչ միայն անձնական հարցերի վրա, այլև՝ առհասարակ, համարյա թե բոլոր ոլորտներում։ Եվ, ի դեպ, չնայած առանցքում կինն է, բայց սա չի նշանակում, որ տղամարդիկ ևս չունեն նմանօրինակ խնդիրներ։Մենք՝ տղամարդկանցով ու կանանցով, ապրում ենք մի երկրում, որտեղ, կրկնվեմ, մարդու ցանկությունները չեն համարվում բավարար պատճառ, մի՞թե սա տխուր չէ։ Սա ուղղակի ավելի լավ զգացվում է կանանց վրա, որովհետև մեծամասնությանն ավելի հեշտ են կառավարում ու սահմանափակում։

Մենք չենք խոսում ծայրահեղացած ֆեմինիզմի որոշ՝ անհանդուրժող դրսևորումների մասին, որտեղ փորձում են կանանց մեջ ատելություն սերմանել տղամարդկանց նկատմամբ՝ չբացատրելով, որ կանայք պետք է ոչ թե առավել լինեն տղամարդկանցից (և հակառակը), այլ  սեռերը հավասար են, հաճախ տարբեր, ամեն սեռ իր յուրահատկությամբ, բայց՝ հավասար է։ Չէ դե, ում լսես, կասեն՝ այո, իհա՜րկե, բոլորը պետք է երջանիկ լինեն, մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ ասում ես, որ պատրաստ չես ամուսնանալ կամ տվյալ պահին չես ուզում երեխաներ, հարցերով բամփում են գլխիդ։ Ու հենց այդ պահին մոռանում են, որ գուցե տվյալ պահին քո՝ երջանկության պատկերացումներում ամուսնությունն առաջնային չէ։

Որոշակի տարիքից հետո պարտադիր պետք է «զույգվել»։ Հայ աղջիկները հիմնականում սիրում են նշանադրվել չորրորդ կուրսում ու ամուսնանալ ավարտական քննություններից մեկ ամիս անց։ Եթե տվյալ ռեժիմում չես տեղավորվում, ստիպված ես սեղմել ատամներդ ու դիմանալ հոգեբանական, հաճախ անգամ՝ ֆիզիկական ճնշումներին, որովհետև հարցերի հետ մեկտեղ սովորաբար  ձեռքերով շոշափում են բարեմասնություններդ ու բացականչում, որ, ախր, ամեն ինչ ունես, այն էլ՝ տեղը տեղին, ո՞նց կարելի է քեզ չսիրել։ Գալիս է մի պահ, որ ուղղակի զզվում ես ամեն անգամ հիշեցնել, որ «տեղը տեղին» ամեն ինչ ունենալու համար սիրում են պետքական իրերը, ասենք՝ ժակետը, որը նաև գրպաններ ունի, այդպես տաք է ու հարմար։ Բայց քո համեստ կարծիքով, դու փոքր-ինչ ավելին ես, քան գրպանով ժակետը։ Բայց քեզ էլի չեն լսում, որովհետև մարդկանց հետաքրքիր չէ, որ դու չես ուզում գրպաններով ժակետ լինել։

Մայրության հարցն էլ դե օրակարգային է, և ոչինչ, որ շատ տգեղ է մայրանալու ընթացքին հետևելը՝ եթե ընտանիքին խիստ մտերիմ մարդ չեք, քանի որ մոռանում ենք  հարցի «նատուրալիստական» կողմի մասին։ Եթե շատ բաց խոսենք, «բա ե՞րբ եք երեխա ունենալու» հարցը կարելի էր մասերի բաժանել, և այն կհնչեր այսպես․«Բա ե՞րբ է լինելու քո դաշտանային ցիկլը, չի՞ ուշանում, իսկ քանի՞ անգամ եք սեռական ակտ ունենում, ինչպե՞ս և որտե՞ղ եք այն ունենում, քո տղամարդն ունի՞ էրեկցիայի խնդիր»․․․Շատ վատ է հնչում, այնպես չէ՞։ Դե, կհամարեք, որ ես գռեհիկ եմ, իրականում ընդամենը վերարտադրում եմ այն, ինչը հարցնում են այս տեքստը կարդացող շատերը՝ ուղղակի փոքր-ինչ վերափոխված ձևով, բայց իմաստը նույնն է։ Լավ չի հնչում, չէ՞։

Բա ինչո՞ւ եք հարցնում։ Կանանց տոները մոտեցան ավարտին, սկսվում են կանանց հաջորդ՝ տասնմեկ ամիս տևող տոները, որոնք իսկապես կդառնան տոն, եթե մենք սովորենք նախ հասկանալ՝ ինչ ենք հենց մենք ուզում, և հետո՝ տեր կանգնել մեր ցանկություններին ու ուղղորդվել միայն դրանցով։ Ու հիշել, որ հարցերի հարցը իսկապես մեկն է՝ «Ի՞նչ ես դու ուզում, ի՞նչ է հենց քե՛զ պետք՝ երջանիկ լինելու համար»։ Իսկ «Բա ե՞րբ ես ամուսնանալու» հարցի համար փոքրիկ հուշում տամ՝ սեփական փորձից։ Պատասխանեք՝ երբ դադարեք անդաստիարակ հարցեր տալ ու զբաղվեք ձեր կյանքով։ Կոպիտ է, բայց աշխատում է, երաշխավորում եմ։ Մի՛ վախեցեք մի փոքր կոպիտ լինել՝ երբ տրորում են ձեր անձնական սահմանները, և մի՛ վախեցեք, առհասարակ, անձնական սահմաններ ունենալուց։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register