ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ՉԻ ՇՏԱՊՈւՄ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

1

  Նախորդ տարվա  սեպտեմբերի 15-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում գործում էր հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որ դեռ առաջին շաբաթվա ընթացքում ունեցել էր շուրջ չորս հազար այցելու։Այս ամիսների ընթացքում ծովանկարչի աշխատանքները դիտել են տարիքային տարբեր խմբի մարդիկ, անգամ դպրոցներն են կազմակերպում էքսկուրսիաներ ու աշակերտների հետ միասին ծանոթանում տաղանդավոր նկարչի աշխատանքներին։

Իսկ աշխատանքները քիչ չէին։ Ցուցահանդեսում ներկայացված էր 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։

Հունվարի տասնհինգին պետք է տեղի ունենար ցուցահանդեսի փակումը, բայց արի ու տես հանրային մեծ հետաքրքրության շնորհիվ այն  բաց կլինի ևս մեկ ամսով։ Ծովանկարչի հետ այս երկարաժամկետ հանդիպման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստեց, որ գնալով ավելի շատ ենք կարողանում  արվեստի  հետ առնչվել «առաջին ձեռքից»։ Նմանատիպ խոշոր ցուցադրությունները մեծ կարևորություն ունեն, քանի որ նախ՝ օգնում են կրթել հասարակությունը, հետո, մեկ ուրիշ բան է դիտել կտավները նկարներով, ուրիշ է, երբ ինքդ քո աչքով ես տեսնում դրանք։ Եվ երրորդ, ոչ պակաս կարևորը․  վստահության հարցն է։ Երկրին վստահել են նման խոշոր մասշտաբի կտավներ, ու այսքան երկարաժամկետ ցուցադրություն, մի՞թե հրաշալի չէ։

2

Այվազովսկու մասին շատ ենք խոսում։ Հպարտանում, օգտագործում կտավները, բայց այդպես էլ առիթ չէր ստեղծվում՝ այսքան երկար վայելելու ծովանկարչի ընկերակցությունը։ Իսկ այս անգամ հաջողվեց։ Որովհետև սրահն ամբողջովին ծովաշունչ էր, ու թվում էր, թե շատ կենտրոնանալու դեպքում կարող ես իրար բախվող ալիքների ձայնը լսել։

Ու հրաշալի է, որ հանրային հետաքրքրությունն այնքան մեծ է, որ  անգամ մեկ ամիս ավելի շատ են դրանք պահելու պատկերասրում։

Ծովահոտ ու ծովաշունչ ցուցադրությունը ցույց տվեց, որ հասարակությանը թերագնահատել պետք չէ, և եթե լինում են հետաքրքիր ցուցադրություններ՝ բոլորս սիրով հաճախում ենք։ Վկա առաջին շաբաթներում այցելած այն չորս հազար մարդիկ, և այս թիվը ցուցահանդեսի ավարտից հետո հաստատ շատ ավելի մեծ կլինի։

2017 թվականը մշակութային առումով լիքն էր, ճոխ ու բազմազան, մնում է հուսալ ու հավատալ, որ նոր-նոր սկսված տարին կկրկնապատկի նախորդ տարվա իրադարձությունները, ու մշակութային կյանքը նոր ռիթմով կզարկի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանի տարածքով։

Ազգային պատկերասրահից կփորձենք ճշտել՝ այս տարվա պլանների մասին՝ փոքր-ինչ ավելի ուշ, երբ դրանք իրենց համար էլ արդեն պարզված կլինեն ու կներկայացնենք մեր ընթերցողներին։

Ու առաջարկում ենք պատկերասրահ գնալ ու նայել ալիքվող ծովերի կտավներին։ Դրանք իսկապես հրաշալի են։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register