ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

4

Շուրջ երկու շաբաթ է՝ Հայաստանում չեմ. աշխատանքային գործուղում է, նաև անձնական որոշ հարցեր կարգավորելու անհրաժեշտություն: Նորից անցնում եմ արդեն ծանոթ երկրներով, հանդիպում եմ ճանաչածս մարդկանց, և իմ մեջ նորից աճում է տպավորությունը, որ ամեն ինչ, անգամ ժամանակավոր անհաջողությունները վաղուց ծրագրված են ու հաշվարկված, ենթակա են մի երկաթե կանոնի, որ կառավարում է 21-րդ դարում Երկիր մոլորակի վրա բնակվող մարդուն, նրա կենսակերպն ու անցնելիք ճանապարհը: Մնում է, որ կարողանաս ամենայն խորությամբ ըմբռնել այդ կանոնը:

Ես անշուշտ՝ սիրում եմ կայունությունն ու իրավիճակների կանխատեսելիությունը: Այդ կանխատեսելիության հաշվարկն ու վերլուծությունը իմ սիրած զբաղմունքն են, ինտելեկտուալ այն խաղը, որ անընդհատ խնդիրներ է առաջադրում ինձ՝ ամենատարբեր ոլորտներում: Սակայն մյուս կողմից՝ այդ կայունությունն ու կանխատեսելիությունը, «կյանքի խաղի կանոնների» գոյությունը մի տեսակ կաղապար են, որին հետևելը կարող է սահմանափակել մարդու ստեղծագործական ազատությունը, խոչընդոտել իրավիճակներին անսպասելիորեն արձագանքելու կարողականությանը, վերացնել ընդունված վարքականոններից դուրս՝ նոր, ազատ ու երջանիկ ապրելակերպ գտնելու հնարավորությունը:

Սովորականը, ծանոթը, հաշվարկելին, որքան էլ տարօրինակ է՝ մշուշում են գիտակցությանդ «աչքը»: Հայացքի պարզությունը պահպանելու համար պիտի կարողանաս միշտ կյանքին նայել մի քիչ «այլմոլորակայինի» աչքերով: Այնպիսի հայացքով, որը չի կորցրել թարմությունը, զարմանալու կարողությունը, ամենասովորական բաներում տարօրինակը հայտնաբերելու շնորհքը:

Հիմա, որ Հայաստանում չեմ, հանկարծ անդրադառնում եմ, որ հայացքի այդ «պարզությունը» ամենից շատ ունենում եմ հենց Երևանում: Ամենից շատ «սթափվում եմ» հենց հայերի «այլմոլորակային» աչքերին հանդիպելիս: Երբեմն նույնիսկ թվում է, թե աշխարհը փուլ կգա այստեղի տարօրինակ տրամաբանությամբ կառուցված, դժվար կանխատեսելի «կյանքի խաղի կանոններից»:

Բայց դե գիտեմ, այս ժողովուրդը բավականաչափ երկար է ապրում պատմության մեջ՝ փուլ չգալու համար: Հայերի հայացքի «այլմոլորակայինն» էլ՝ նորը ստեղծելու, հայտնագործություն կատարելու բնատուր շնորհքն է: Էլ շատ չխոսեմ. կարճ ասած՝ կարոտել եմ ձեզ, հայեր:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register