ԱՂԻ ԲԼԻԹՆԵՐԻ ՔԱՂՑՐ ՀՄԱՅՔԸ

2

 Մի քանի օրից  սերը, կամ գոնե՝ սիրո տոնը կայցելի մեր տներ՝ բլիթի տեսքով։ Սուրբ  Սարգիսը  աստիճանաբար  սիրված  տոն  է  դառնում երիտասարդների   համար՝  չզիջելով  «խոպանի»  Վալենտինին։ Մանավանդ,  որ  այն  նաև   Երիտասարդների  օրհնության  օրն   է: Իրականում այս օրը նաև գեղեցիկ խորհուրդ ունի, և խոսքը միայն սիրո մասին  չէ։  Երիտասարդները  վերադառնում  են  իրենց  արմատներին, ու եկեղեցու շուրջ առողջ միավորման հետաքրքիր միտում ենք  տեսնում։ Եվ հետո, եկեղեցին  ինքը հետաքրքիր   լուծումներ  ունի՝  միջոցառումների տեսքով։

Օրինակ, մի   միջոցառման   շրջանակում  համագործակցում  է գրախանութներից մեկի հետ, որտեղ կարող են անանուն  գրքեր թողնել գրախանութում ու  նվիրել  իրենց  սիրելիին՝ այդ կերպ խոստովանելով իրենց սերը։  Տարիներ շարունակ  կազմակերպվում   են շարադրությունների մրցույթներ։ Ստացվում է, որ Սուրբ Սարգսի տոնը ոչ միայն  երիտասարդությանն  է համախմբում, այլ  նաև   մեր հասարակությանը՝ եկեղեցու շուրջ։

1

Սուրբ Սարգսի տոնն  առիթ է դառնում,   որ ժողովրդական ավանդություններն   ու  սովորույթները  վերակենդանան։  Քսանմեկերորդ դարի  երիտասարդներին  դժվար է  հրապուրել   սիրային կանխատեսումներով, սակայն այս  գեղեցիկ  օրը  բացառությամբ շատերին  է գայթակղում: Որքան էլ նորամուծությունների կրող  լինես, միևնույն է, հաճելի է երեկոյան մի փոքր աղի բլիթ ուտել ու առավոտյան կիսվել երազներով,  իհարկե, ոչ հնի նման՝ կուժը ձեռքին՝ աղբյուրի մոտ, այլ՝ սոցցանցերի   անձնական  էջերում։

4

Դիմանալով  բլիթի անասելի աղիությանը, սպասում ենք, որ մեր երազանքի ասպետը կգա սպիտակ ձիով, թե «Ջիպով», կամ էլ պարզապես ճերմակ  մարզակոշիկներով ու բառի բուն իմաստով  մեր  պապակ սրտին  ջուր կհասցնի:   Հետաքրքրվող սկսնակներին հիշեցնեմ, որ աղաբլիթը պետք է ուտել տոնի նախօրեին, որն այս տարի հունվարի  27-ն է։

Սուրբ  Սարգսի տոնին  հաջողվում  է   աստիճանաբար   բարելավել դիրքերն  ու  դուրս  մղել  «Վալենտինի   օրը»,   մանավանդ   որ   պատմական կերպարով  Սուրբ Սարգիսն  իսկապես  համամարդկային  սիրո  կրող  ու փոխանցող է: Սարգիս զորավարը նահատակվել էր հավատքի  համար ու կարողացել  իր   մահով  անգամ  սիրո  ու   նվիրվածության, հավատարմության   պատգամ   դառնալ: Սա  այն  դեպքն է, երբ  ազգային գեղեցիկ տոնն  իր ճանապարհը  հարթում  է սիրով ու  ճանաչմամբ: Վերադառնալով օրվա ակունքներին հիշեցնենք, որ Սուրբ Սարգիսը հայ   ժողովրդի  ամենասիրված սրբերից   է, և  պատահական   չէ, որ   Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները ժամանակին  բերել է Կարբի գյուղ, տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

3

Ս.  Սարգիս Զորավարի տոնը  Հայաստանում   ընդունված   է  նշել  ոչ միայն   եկեղեցական  ծեսով, աղոթքով,  այլև  ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը   երիտասարդների   արագահաս   բարեխոսն   է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ահա այսքան  գեղեցիկ խորհուրդներ պարունակող օրը,  հուսով եմ, չի շրջանցի հատկապես երիտասարդներին ու հաճելի լիցքեր կփոխանցի մեզնից  յուրաքանչյուրին:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register