«ԱՎՐՈՐԱՆ»՝ ԽԱՂԱՂ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

55

Հարյուր տարի անց՝ հրաժարվել զոհի կերպարից, դառնալ ուժեղ ու պայքարող, վստահ պահանջատեր. ցեղասպանություն ապրած մեր ժողովրդի նոր սերնդի մոտեցումն է այսպիսին: «Ավրորա» մրցանակաբաշխությունը ևս դրա արտահայտությունն է:

Մրցանակը Հին Հռոմի արշալույսի աստվածուհու անունն ունի։ «Ավրորա» անվանումն ընտրվել է նաև ի պատիվ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի, որը Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված բարբարոսությունների ականատեսն էր և հրաշքով փրկվելով՝ կարողացել էր ուժ գտնելու կյանքը նվիրել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն։
«Ավրորա» մրցանակը հիմնել են «100 LIVES» նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին՝ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

Հիմնականում գործարար Ռուբեն Վարդանյանի միջոցներով իրականացվող «Ավրորան» առաջին անգամ անցկացվեց 2016 թվականին: Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում մարդասիրական մրցանակի առաջին հաղթող հայտարարեց Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար որբերի ու փախստականների կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին:

Դափնեկիրը ստանում է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև ու նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը։ Մրցանակը շնորհվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը։ Անցնող տարում շուրջ 23 միլիոն դոլար արժեցած «Ավրորա» նախաձեռնությունը, բացի մրցանակից ու մասնագիտական քննարկումներից, ներառում է նաև Մերձավոր Արևելքի ուսանողներին Հայաստանում ուսանելու դրամաշնորհների տրամադրում: Առաջին իսկ քայլից «Ավրորան» աշխարհում հայկական և մարդասիրական մեծ ձեռնարկի համարման արժանացավ:

Մի քանի օրից Երևանը կրկին մարդասիրության օրինակ կդառնա. մայիսի 28-ին, Երևանում կկայանա «Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխությունը: «Դրանում մենք տեսնում ենք մի շատ կարևոր սիմվոլիզմ․մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ՝ հուսահատությունից մինչև հույս, ճանապարհ՝ սպանությունից, սպանվածությունից, դժոխքից մինչև հաղթանակ: Փորձում ենք նոր լուծումներ գտնել, փորձում ենք Հայաստանից և Սփյուռքից էլ ավելի շատ ստեղծարար տաղանդների ներգրավել, որպեսզի նաև այդ փորձը և այդ հնարավորությունը, որ տալիս է «Ավրորան» որպես միջոցառում՝ մնա Հայաստանում և հայկական աշխարհում»,-հայտարարել է նախաձեռնության կազմակերպիչներից Արման Ջիլավյանը:

Մասնագիտական քննարկումներն ու արվեստի և այլ ոլորտի ներկայացուցիչներին ներգրավող միջոցառումները տեղի են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի քաղաքական ու ինֆորմացիոն կենտրոններում: Հավակնորդների երկար ցուցակից էլ «Խաղաղության նոբելյան մրցանակի» դափնեկիրներից բաղկացած ընտրող հանձնաժողովն էլ ընտրելու է «Ավրորայի» հիմնական հավակնորդներին: Իբրև հիմք ընդունվելու է երեք չափանիշ․արդյոք եղե՞լ է հումանիտար և հումանիստական առումով մարդկությանն օգուտ բերած նվիրվածություն, խիզախություն և երկարատև ազդեցություն:

Երկրորդ «Ավրորայի» համար արդեն իսկ առաջադրվել է 558 թեկնածու: Լավ է, որ նման մրցանակի հավակնորդների թիվը մեծ է, սակայն մյուս կողմից դա նաև խոսում է աշխարհում մոլեգնող չարի մասին: Աշխարհում դեռ կան պատերազմի ու ռազմական բախումների տասնյակ օջախներ, չլուծված հակամարտությունների արնաքամ անող հանգույցներ, որոնք ուղղված են մարդկության ու զարգացման դեմ և նվիրյալ անձնազոհ մարդիկ են, որ փորձում են մեղմել ուրիշների տառապանքը:

Գուցե «Ավրորան» մի օր ընդմիշտ դառնա խաղաղված արշալույսների խորհրդանիշը ու մեկնարկը Արցախից լինի, որ պատերազմներն ու ահաբեկչությունն անցյալում մնան ու մարդկային սերն ու նվիրումը դառնան առօրեական:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register